Վարդան Օսկանեան. «Փաշինեանի փորձերը՝ նսեմացնելու պատմական պնդումները եւ վերաշարադրելու պատմութիւնը, չեն ծառայում ազգային շահերին, այլ խարխլում են դրանք»
![](/wp-content/uploads/2025/02/572-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – «Երէկ (փետրւարի 4-ԽՄԲ.) Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը վարչապետ Նիկոլ Փաշինեանը հերթական անգամ դիմեց մանիպուլեացիաների՝ փորձելով Հայաստանի ազգային շահերը վերաիմաստաւորելու քողի տակ արդարացնել իր պարտւողական մօտեցումը։ Նրա հռետորաբանութիւնը կարող է ոմանց համար պրագմատիկ թւալ, բայց դրա տակ թաքնւած է պատմական ռեւիզիոնիզմի անհանգստացնող միտում, որը Հայաստանի երկարաժամկէտ հեռանկարում վտանգում է անվտանգութիւնն ու ազգային ինքնութիւնը»: Ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանեանը:
«Ազգային շահերը պէտք է զարգանան՝ ի պատասխան աշխարհաքաղաքական իրողութիւնների, սակայն դրանք չեն կարող կառուցւել պատմական ճշմարտութիւնների ջնջման կամ խեղաթիւրման վրայ։ Հայաստանի նման փոքր ու խոցելի երկրի համար պատմական յստակ ու անսասան նարատիւի պահպանումը պարզապէս հպարտութեան առարկայ չէ, այլ ռազմավարական անհրաժեշտութիւն»,- նշել է Օսկանեանը:
Նրա խօսքով՝ 2020-ից յետոյ ստեղծւած նոր իրականութեան ճանաչումը չի նշանակում պատմական փաստերից հրաժարում կամ ազգային ինքնութեան թուլացում։ Ըստ Օսկանեանի՝ Հայաստանը պէտք է վերաիմաստաւորի իր շահերը, ոչ թէ վերաշարադրի իր պատմութիւնը, եւ որ աւելի կարեւոր է, պէտք է որոշի այդ շահերը հետապնդելու ամենաարդիւնաւէտ, ոչ առճակատման միջոցները:
«Հայաստանի ազգային շահի հիմքում պէտք է մնայ նրա ինքնիշխանութեան եւ անվտանգութեան պահպանումը. սա պահանջում է ռազմական կարողութիւնների, հետախուզական գործողութիւնների ուժեղացում, ռազմավարական զսպման ապահովում եւ խելամիտ դիւանագիտութիւն:
Անվտանգութիւնից եւ դիւանագիտութիւնից բացի Հայաստանի կառավարութիւնը պարտաւոր է պահպանել եւ պնդել պատմական ճշմարտութիւնը, այլ ոչ թէ շահարկել այն քաղաքական յարմարութեան համար: Փաշինեանի փորձերը՝ նսեմացնելու Հայաստանի պատմական պնդումները եւ վերանայելու պատմութիւնը՝ հաշւի առնելով արտաքին ճնշումները, չեն ծառայում ազգային շահերին, այլ խարխլում են դրանք»,- շարունակել է Օսկանեանը:
Նախկին արտգործնախարարի համոզմամբ՝ Թուրքիայի հետ լարւածութեան թուլացումը չի պահանջում ժխտել, որ Հայոց Ցեղասպանութիւնը տեղի է ունեցել. աւելի շուտ, Հայաստանը կարող է ասել, որ Թուրքիայի չճանաչումը խոչընդոտ չէ յարաբերութիւնների կարգաւորմանը՝ միաժամանակ մեղմացնելով միջազգային ճանաչման իր ձգտումը։ Նմանապէս, ըստ Օսկանեանի, Թուրքիայի հետ տարածքային խնդիրների լուծումը չի նշանակում վերացնել Արեւմտեան Հայաստանի պատմական գոյութիւնը. դա պարզապէս պահանջում է հաստատել, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի։
«Փաշինեանը չի կարողանում հասկանալ, որ դիւանագիտութիւնը երկկողմանի ճանապարհ է. այն պահանջում է փոխադարձ ներգրաււածութիւն. Ադրբեջանի հանդէպ նրա հանդարտեցումը ոչ գնահատւած է, ոչ արդիւնաւէտ. դա ոչինչ չի անում փոխելու Բաքւի ագրեսիւ եւ էքսպանսիոնիստական դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։ Նրա, այսպէս կոչւած, ռեալիզմը խորապէս թերի է, բխում է անտեղեակութիւնից, աշխարհաքաղաքական իրողութիւնների հիմնարար թիւր ընկալումից եւ իր սեփական դիրքը պահպանելու վրայ առաջնահերթ ուշադրութիւն դարձնելուց, ինչը Հայաստանն աւելի խոցելի է դարձնում հետագայ սպառնալիքների նկատմամբ:
Ի վերջոյ, ազգային դիմացկունութիւնը կառուցւած է ոչ թէ ժխտման, այլ պատմական ճշմարտութիւնների ամուր ընկալման վրայ՝ զուգորդւած ռազմավարական յարմարւողականութեամբ: Փաշինեանի մօտեցումը, որն առաջնահերթութիւն է տալիս կարճաժամկէտ հանգստութեանը, քան պատմական շարունակականութեանը, վտանգաւոր խաղ է. Հայաստանի գոյատեւումն ու ինքնիշխանութիւնը կախւած են ոչ թէ պատմութիւնը վերաշարադրելուց, այլ նրանից դասեր քաղելուց՝ իր անցեալը որպէս լծակ օգտագործելով ամրապնդել ապագան, այլ ոչ թէ թոյլ տալ արտաքին ճնշումներին թելադրել նրա ազգային նարատիւը»,- եզրափակել է Օսկանեանը: