ԱՄՆ Հայ Դատի գրասենեակն աշխատանքներ է իրականացնում ԱՄՆ-ի կողմից արցախահայութեան համար նախատեսւած օժանդակութեան ծրագրի պահպանման համար
![](/wp-content/uploads/2025/02/567-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – «Օտարերկրեայ օժանդակութիւններն սառեցնելու մասին ԱՄՆ-ի նախագահի հրամանագիրն Ադրբեջանի մասով շատ դրական կարող ենք գնահատել, այդ երկրի կառավարութիւնն ԱՄՆ-ի օժանդակութիւնը մշտապէս օգտագործել է ի հակառակ»։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է ԱՄՆ Հայ Դատի գրասենեակի մամլոյ պատասխանատու Եղիսաբեթ Չուլջեանը՝ արձանագրելով, որ վերջին 30 տարւայ ընթացքում իբրեւ ժողովրդավարութեան ամրապնդման ծրագրեր են իրականացւել Ադրբեջանում, բայց իրավիճակն աւելի վատ է։
Նրա արձանագրմամբ՝ դրական եւ շատ կարեւոր օժանդակութիւն ունենք, որը վերաբերում է Արցախից բռնի տեղահանւածներին, ցեղասպանութիւնը վերապրածներին, որի կասեցումն ամենեւին էլ լաւ դիտւել չի կարող։
«ԱՄՆ Հայ Դատի գրասենեակներն աշխատում են, որ այդ օժանդակութիւնը շարունակւի, իհարկէ, թիւը չեմ կարծում, որ մեծ է՝ մօտ 20 մլն. դոլար, բայց կարեւոր հումանիտար աջակցութիւն է»,- ասել է Չուլջեանը՝ յաւելելով, որ բացատրում են, իրազեկման աշխատանքներ իրականացնում արցախցիներին տրւող օժանդակութեան կարեւորութեան մասին։
Չուլջեանը նկատել է, որ ներկայումս մի փոքր դժւարացել է իրավիճակը, երբ արցախցիների սոցիալական հարցերը պայմանաւորում են Հայաստանի, այսպէս կոչւած, ժողովորդավարութեան վիճակի հետ։ ԱՄՆ պետքարտուղարութեան հետ բանակցելիս, նրա խօսքերով, երբեմն հերթապահ պատասխան են ստանում առ այն, որ Հայաստանում, եթէ ժողովրդավարութիւն լինի, արցախցիների համար էլ լաւ է, մինչդեռ դա ոչ մի առնչութիւն չունի ցեղասպանութիւն տեսած, տուն ու հայրենիք կորցրած ու վերադարձի իրաւունքի յոյսով ժամանակաւոր կեցութիւն վերցրած մարդկանց հոգսը թեթեւացնելու համար արհրաժեշտ օգնութեան հետ։
«Աշխատանք ենք տանում ու չենք հոգնում բացատրել իրական խնդիրները»,- ասել է նա ու յաւելել, որ մէկ այլ ուղղութեամբ եւս աշխատանք է տարւում. «Եթէ Ադրբեջանի օժանդակութեան պարագայում ուրախ ենք, որ կը վերանայւի, կուզենք վստահ լինել, որ սա պատճառ կը դառնայ, որ ռազմական օժանդակութիւնը եւս կանգնեցւի Ադրբեջանին։ Նաեւ աշխատում ենք, որ պատժամիջոցներ կիրառւի Ադրբեջանի նկատմամբ՝ Արցախում իրականացւած ցեղասպանական գործողութիւնների գծով»:
Ըստ նրա՝ առայժմ վաղ է խօսել արդիւնքների մասին, քանի որ Թրամփը դեռ նոր է ստանձնել նախագահութիւնը։