Րաֆֆի Յամբարեանը կոնգրեսի առաջնորդներին կոչ է արել հրապարակայնօրէն ճնշում գործադրել Բայդէնի վարչակազմի վրայ
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Յամբարեանը կոնգրեսի առաջնորդներին կոչ է արել հրապարակայնօրէն ճնշում գործադրել Բայդէնի վարչակազմի վրայ, որպէսզի վերջինս անյապաղ միջոցներ ձեռնարկի՝ Արցախում ցեղասպան գործողութիւններ իրականացնելու համար Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու եւ արցախահայութեան անվտանգ եւ ապահով վերադարձի իրաւունքն ուժով պաշտպանելու ուղղութեամբ։
Մարտի 21-ին Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարութեանը, զոյգ պալատների արտաքին հարցերի, ռազմական ծառայութիւնների եւ յատկացումների յանձնաժողովների նախագահներին հասցէագրւած նամակով՝ Համբարեանը խիստ հանդիմանել է Բայդէնի վարչակազմի ձախողումն Ադրբեջանի կողմից Արցախի հայերի ցեղասպանութիւնը կանխելու եւ բռնապետական վարչակարգին իր ագրեսիայի համար պատասխանատւութեան ենթարկելու գործում։ Յամբարեանը նկատել է՝ վարչակազմը շարունակապէս հրաժարւում է ականջալուր լինել տասնեակ օրէնսդիրների կոչերին, բարձրաձայնւած մի շարք նամակներում եւ բանաձեւերում, որտեղ կոչ է արւում անյապաղ արձագանքել անցեալ տարի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, ինչի հետեւանքով տարածաշրջանի 120․000 հայերը 10 ամսով զրկւեցին սննդի, վառելիքի, դեղորայքի եւ մարդասիրական ապրանքների հասանելիութիւնից: Համբարեանը յայտարարել է՝ Բայդէնի վարչակազմը «ոչ միայն չկարողացաւ կաշկանդել Ադրբեջանին, այլեւ բազմիցս խթանել եւ քաջալերել է Բաքւի ագրեսիան»։
Նամակում, մասնաւորապէս, ընդգծւում են Բայդէնի վարչակազմի կողմից ձեռնարկւած այն քայլերը, որոնց արդիւնքում Ադրբեջանը պատասխանատւութեան չի ենթարկւել․
• Ադրբեջանին ռազմական օգնութեան վերահաստատումը՝ չնայած «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդւածը կիրառելու նախընտրական խոստմանը, նոյնիսկ 2021թ․ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայից եւ 2023թ․ Արցախի շրջափակումից յետոյ:Ադրբեջանի կողմից Արցախի 10-ամսեայ պաշարումը հումանիտար ճգնաժամ չյայտարարելը, Բաքւի կողմից սովի, որպէս բանակցային գործիք օգտագործումը, լեգիտիմացնելը:
• Կովկասի բանակցութիւնների գծով յատուկ խորհրդական Լուի Բոնոյի հրապարակային յայտարարութեան մէջ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար պատժամիջոցների կիրառման բացառումը, ինչը թուլացնում է Բաքւի նկատմամբ ամերիկեան լծակները:
• Արցախի վրայ ռազմական յարձակումից յետոյ Ադրբեջանին որոշակի հետեւանքներ պարտադրելուց հրաժարումը՝ չնայած Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի լսումների ժամանակ նշւել է, որ ԱՄՆ-ը «չի ընդունի էթնիկ զտումների որեւէ փորձի»:
• Ընդամէնը 15 միլիոն դոլարի մարդասիրական օգնութեան յատկացումն Ադրբեջանի գործողութիւնների արդիւնքում իրենց տներից հեռացւած 120․000 փախստականներին, ինչը չի համապատասխանում տեղահանւածների ծանր կարիքներին:
• Ադրբեջանի հետ բարձր մակարդակի յարաբերութիւնների վերսկսումը՝ հաշւետւողականութեան բացակայութեան պայմաններում եւ չնայած պետքարտուղարի՝ Եւրոպայի ու Եւրասիայի հարցերով օգնական Ջէյմս Օ՛Բրայէնի յայտարարութեանը, որ Ադրբեջանի հետ «սովորական գործողութիւններ չեն լինի» Լեռնային Ղարաբաղի վրայ յարձակումից յետոյ:
• Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հիմնովին անհաւասար եւ անարդար «խաղաղ գործընթացի» լեգիտիմացումը՝ միաժամանակ չպահանջելով ադրբեջանական ուժերի անյապաղ դուրսբերումը հայկական տարածքից կամ արցախահայութեան համար միջազգայնօրէն երաշխաւորւած վերադարձի իրաւունքի իրացումը։
• Թուրքիայի Հանրապետութեանը F-16-ների եւ պաշտպանական այլ տեխնոլոգիաների վաճառքի թոյլտւութիւնը՝ չնայած Թուրքիայի կողմից տարածաշրջանային ապակայունացման փորձերին` սկսած Կիպրոսի օկուպացիայից, Սիրիայում եւ Իրաքում քրդական բնակչութեան վրայ յարձակումներից եւ Արցախի էթնիկ զտումներից մինչեւ ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիայի գործում Ադրբեջանին օժանդակութիւն։
Յամբարեանը նաեւ ուշադրութիւն է հրաւիրել նախագահ Բայդէնի կողմից արցախահայութեանը լքելու հանգամանքի ազդեցութեանը ընտրական գործընթացի վրայ, ինչը նոյեմբերին կայանալիք դաշնային ընտրութիւններում կը լինի ամերիկահայ միլիոնանոց ընտրական համայնքի աչքի առջեւ եւ ազդեցիկ դեր կը խաղայ ընտրութիւններում։ Ամերիկահայերն արդէն արտայայտել են իրենց դժգոհութիւնը Բայդէնի վարչակազմի կողմից Ադրբեջանի ցեղասպան վարչակարգին հանդարտեցնելու առնչութեամբ՝ քւէարկելով «չէզոք» առանցքային տատանւող նահանգներում։ Դա են վկայել նաեւ New York Times-ը, Washington Post-ը, Politico-ն եւ USA Today-ը:
Նամակում վերահաստատւել է 7288 բանաձեւի անյապաղ ընդունումն ապահովելու, «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդւածի կասեցման նախագահական լիազօրութիւնները չեղարկելու եւ Ադրբեջանին ռազմական օգնութիւն ցուցաբերելու կանոնադրական արգելքները մշտապէս կիրառելու անհրաժեշտութիւնը եւ այլն։
«Այս վարչակազմի կողմից Արցախում ցեղասպան գործողութիւններ իրականացնելու համար Ադրբեջանին զգալի պատասխանատւութիւն չպարտադրելը միայն խթանում է հետագայ ագրեսիան։ Քանի որ Ալիեւի վարչակարգը հրապարակայնօրէն մերժում է Վաշինգտոնի միջնորդական ջանքերը եւ դուրս գալիս խաղաղութեան բազմակողմ բանակցութիւններից, ակնյայտ է, որ Բաքուն կարծում է, որ պատերազմով աւելին կարելի է շահել, քան խաղաղութեամբ», – գրել է Համբարեանը։
Կոնգրեսի առաջնորդներին կոչ անելով հրապարակայնօրէն ճնշել վարչակազմին, որպէսզի վերջինս շօշափելի գործողութիւններ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու համար, Համբարեանը միաժամանակ նաեւ ընդգծում է անօրինական կերպով կալանաւորւած հայ ռազմագերիների եւ Արցախի քաղաքական առաջնորդների անյապաղ եւ անվերապահ ազատ արձակումն ապահովելու անհրաժեշտութիւնը, ապահովելու Արցախի բնիկ հայերի վերադարձը՝ ներառեալ նրանց անհատական եւ հաւաքական սեփականութեան իրաւունքների պաշտպանութիւնը, ինչպէս նաեւ կրօնական ու մշակութային ժառանգութեան օբիեկտների լիակատար պաշտպանութիւնը:
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ