Իրան

Իրանագէտ. «Իրանը տարածաշրջանը դիտարկում է միայն տարածաշրջանի ուժերով»

«Իրանի տեսակէտն այս հարցում շատ պարզ է ու յստակ՝ Իրանը տարածաշրջանը դիտարկում է միայն տարածաշրջանի ուժերով, իսկ ցանկացած արտատարածաշրջանային ուժի, առաւել եւս՝ ՆԱՏՕ-ի դերակատարումն Իրանի համար անցանկալի է»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է իրանագէտ Ահարոն Վարդանեանը՝ անդրադառնալով տարածաշրջանային իրողութիւններին:

Հայաստանի՝ դէպի Արեւմուտք հնարաւոր դիրքաւորման, այդ համատեքստում ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի Հայաստան այցի վերաբերեալ իրանական կողմի արձագանքների մասին իրանագէտը նշեց, որ մի բան է արեւելեան անվտանգային համակարգում ընկալւող Հայաստանը, մէկ այլ բան՝ արեւմտեան բլոկի հետ յարաբերութիւններ հաստատող պետութիւնը:

«Դժւարանում եմ պատկերացնել, թէ Իրանն ինչպէս պէտք է անվտանգային կամ այլ ոլորտներում փորձի յարաբերութիւններ զարգացնել պետութեան հետ, որը խորացնելու է յարաբերութիւններն Արեւմուտքի հետ»,- յաւելեց նա:

Ահարոն Վարդանեանն այս համատեքստում յիշեցրեց, որ մարտի սկզբին Իրանի խորհրդարանական ընտրութիւնները նորից ամրապնդել են պահպանողական ուժերի դիրքերը, հետեւաբար՝ հնարաւոր է, որ ԻԻՀ քաղաքականութիւնը պահպանողական գծում էլ աւելի ուժեղանայ:

Հայ-իրանական յարաբերութիւնների մասին իր դիտարկումներում իրանագէտը յիշեցրեց նաեւ. «ՀՀ տարածքային ամբողջականութիւնն Իրանի կարմիր գծերից մէկն է.  Սիւնիքի մարզը չափազանց կարեւոր է  ԻԻՀ համար եւ նոյնիսկ այնքան, ինչքան ՀՀ համար:

Այս եւ այլ հարցերում համընկնում են երկու պետութիւնների շահերը, հետեւաբար՝ պէտք է օգտւել այդ իրավիճակից եւ աւելի զարգացնել երկու երկրների հետ յարաբերութիւնները»:

Յիշեցնենք՝ դեռ նախորդ տարի Իրանի նախագահ Էբրահիմ Ռէյիսին՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանի, ինչպէս նաեւ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպումների ժամանակ շեշտել էր՝ տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայութիւնը:

Իսկ ընդամենն այս տարի մարտի սկզբին Իրան կատարած պաշտօնական այցի շրջանակում ՀՀ ՊՆ Սուրէն Պապիկեանի հետ հանդիպման շրջանակներում նախագահ Էբրահիմ Ռէյիսին վերահաստատել էր. «Օտարերկրացիներին տարածք տրամադրելն անվտանգութիւն չի բերի։ Անվտանգութիւնն ու խաղաղութիւնը կարող են երաշխաւորւել միայն տարածաշրջանի երկրների համագործակցութեամբ»:

Related Articles

Back to top button