Մշակութային

«Սալոմէ». Վ.Սուրէնեանցի վերականգնւած գլուխգործոցը ցուցադրւում է Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնւած ցուցանմուշի պատմութիւն» նախագիծը. այս տարի ներկայացւում է բոլոր ժամանակների ամենաառեղծւածային կերպարին պատկերող յայտնի գլուխգործոցի վերականգնման պատմութիւնը։ Դեռեւս 2019 թ․ մշտական ցուցադրութիւնից հանւած եւ վերականգնման արւեստանոց տեղափոխւած  «Սալոմէ»-ն վերադարձել է ցուցասրահ: Այս մասին ըստ Tert.am-ի յայտնել է ՀՀ ԿԳՄՍ-ն:

Ցուցադրութեան բացմանը ներկայ են եղել ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրէդ Քոչարեանը, Կարէն Գիլոյեանը, պետական պաշտօնեաներ, արւեստագէտներ, մշակութային գործիչներ, արւեստի սիրահարներ։

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Ալֆրէդ Քոչարեանը նշել է․ «Կուզենայի, որ մենք ազգային պատմանկարչութեան հիմնադիր Վարդգէս Սուրէնեանցի «Սալոմէ» հանրայայտ ստեղծագործութեան ցուցադրութեան վերաբացումը տեսնենք մեծ պատկերի մէջ: Իսկ այդ մեծ պատկերը պատկերասրահի վերափոխումն է։ Վերջին տարիներին զգալի վերանորոգման եւ վերազինման աշխատանքներ ու ծրագրեր են իրականացւում Հայաստանի ազգային պատկերասրահում եւ, առհասարակ, թանգարանների ոլորտում։ 2018 թւականից ի վեր պատկերասրահում անցկացւել է օդափոխութեան ժամանակակից համակարգ, բարեկարգւում են բազմաթիւ սրահներ: Այս տարւայ աւարտին նախատեսւում է, որ ամբողջ թանգարանի տարածքի 9 յարկերը վերանորոգւած կը լինեն։Կը տեղադրւի ժամանակակից անցակէտ՝ միասնական տոմսային համակարգ ներդնելու շրջանակում: Վերականգնւում են կտաւներ, որոնց շարքից է «Սալոմէ»-ն»:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաեւ թանգարանային ոլորտի վերջին ձեռքբերումներին՝ թանգարանների ոլորտը կարգաւորող օրէնքի ընդունմանը եւ «Մշակոյթի զարգացման հիմնադրամի» ստեղծմանը։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրէն Մարինա Յակոբեանի տեղեկացմամբ՝ պատկերասրահում 2021 թւականին մեկնարկել է «Վերականգնւած ցուցանմուշի պատմութիւն» նախագիծը, որի շրջանակում վերականգնւել եւ ցուցադրութեամբ հանրութեանն են ներկայացւել 4 գլուխգործոցներ։ Այժմ երկար դադարից յետոյ Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրութիւն է վերադարձել հայ եւ համաշխարհային կերպարւեստի գանձերից մէկը՝ ազգային պատմանկարչութեան հիմնադիր Վարդգէս Սուրէնեանցի «Սալոմէ» հանրայայտ ստեղծագործութիւնը։

«Մշակութային արժէքների վերականգնման ցուցադրութիւնները վերջին տասնամեակում աշխարհի տարբեր երկրներում դարձել են թանգարանային նոր միտում, որը հնարաւորութիւն է տալիս այցելուին յայտնւել ու ստեղծագործութիւնների վերականգնման խորհրդաւոր եւ յաճախ «անհասանելի» աշխարհում, ծանօթանալու վերականգնող վարպետների բարդ եւ պատասխանատու աշխատանքին, դառնալու դրա անուղղակի եւ ուղղակի մասնակիցը։ «Վերականգնւած ցուցանմուշի պատմութիւն» նախագծի շրջանակում՝ մէկ գործի ցուցադրութեամբ, «Սալոմէ»-ն այժմ ներկայացւում է հանրութեանը։ Գեղարւեստական այս բարձրարժէք կտաւը դասւում է համաշխարհային կերպարւեստում Սալոմէին նւիրւած լաւագոյն երկերի շարքին»,-ասել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրէնը։

Նշենք, որ 1929 թւականին Հռոմից Երեւան տեղափոխւած այս գլուխգործոցը մշտապէս ներկայացւած է եղել Հայաստանի ազգային պատկերասրահում։ 2019 թւականին «Սալոմէ»-ն հիմնովին վերականգնման նպատակով տեղափոխւել է Հայաստանի ազգային պատկերասրահի «Վերականգնման եւ կոնսերւացման» բաժին։ Հինգ տարի տեւած համալիր վերականգնումը Վարդգէս Սուրէնեանցի ամենատպաւորիչ եւ ազդեցիկ կտաւներից մէկին՝ «Սալոմէ»-ին, վերադարձրել է իր երբեմնի տեսքն ու շքեղութիւնը։

Հայ կերպարւեստի խոշորագոյն վարպետ Վարդգէս Սուրէնեանցի վերականգնւած կտաւի կողքին այժմ ցուցադրւում են նաեւ վերականգնման երկարատեւ ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանիւթն ու աշխատանքային լուսանկարները իրենց բացատրագրերով:

Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արւեստանոցի մի անկիւն՝ համապատասխան գործիքներով ու նիւթերով աշխատանքային սեղան, նկարակալ եւ այլն։ Ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են մանրադիտակն ու ուլտրամանուշակագոյն լամպը, որոնցով այցելուն կարող է ինքնուրոյն զննել ստեղծագործութեան վերականգնւած հատւածները, երանգաւորումներն ու այլ միջամտութիւնները: Ցուցահանդէսում ներկայացւած է նաեւ «Սալոմէ» կտաւի շօշափելի կրկնօրինակը՝ պատրաստւած տեսողութեան խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Related Articles

Back to top button