Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բենիամին Պօղոսեան. «Ադրբեջանն ուզում է Հայաստանով Նախիջեւան գնալ այնպէս, ինչպէս մենք գնում ենք Երեւանից Գիւմրի»

Եթէ Միջանցքը բացւեց, ՀՀ ինքնիշխանութեան մասին խօսել անհնար է

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանցիները Սիւնիքով անխոչընդոտ ճանապարհ ասելիս՝ հասկանում են նոյն այն կարգաւորումները, ինչպէս մենք հասկանում ենք Երեւանից Գիւմրի գնալիս։ Երեւանից Գիւմրի ճանապարհին մեզ ոչ ոք չի կանգնեցնում, մեքենան չի ստուգում, չի նայում՝ ինչ եմ տեղափոխում, մաքսատուրք չկայ։ Ադրբեջանը Նախիջեւան գնալը պատկերացնում է նման կերպ՝ ինչ-որ մէկը Զանգելանում նստի մեքենայ, գայ, օրինակ, Նախիջեւանի Օրդուբադ՝ առանց որեւէ ստուգման ենթարկւելու։ Սա նշանակում է, որ այդ ճանապարհին ՀՀ ինքնիշխանութեան մասին խօսել անհնար է։ Պէտք է արձանագրել, որ նման որոշման դէպքում այդ Միջանցքը դառնում է արտատարածքային միաւոր»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Ապրի Արմենիա» (APRI Armenia) հետազօտական կենտրոնի աւագ փորձագէտ Բենիամին Պօղոսեանը։

Նրա խօսքով՝ եթէ ինչ-որ բան ստորագրւի, իսկ ստորագրւելու է առանձին փաստաթուղթ, դրանում պէտք է լինեն ձեւակերպումներ։ Եթէ ինչ-ինչ պատճառով Հայաստանը համաձայնի դրան, ապա դա միանշանակ կը լինի արտատարածքային միջանցք, եւ վերահսկող ոչ մի տեխնիկական միջոց, սկաներ (scanner) չի լինելու։ Այս մասին հաղորդում է 168.am-ը:

«Ադրբեջանը ոչ մի պարզեցւած ընթացակարգի չի համաձայնելու։ Իրենք շարունակելու են պնդել, որ իրենք այդ Միջանցքով պէտք է երթեւեկեն այնպէս, ինչպէս երթեւեկում են Ադրբեջանի ներսում։ Յուսով եմ՝ Հայաստանը երբեք սրան չի համաձայնի, ու այս հարցը կը մնայ բաց։ Որովհետեւ, ինչպէս տեսանք, իշխանութեան համար Միջանցքի հարցն աւելի կարմիր գիծ է, քան Արցախն էր: Մինչեւ 2018 թ. մենք բոլորս վստահ էինք, որ եթէ որեւէ իշխանութեան օրօք մենք Արցախը կորցնենք, այդ իշխանութիւնը, եթէ ոչ այդ օրը, ապա յաջորդ օրն արդէն չէր լինի… Բայց կեանքը ցոյց տւեց, որ մենք սխալ պատկերացում ունէինք՝ ինչպէս մեր հասարակութեան, այնպէս էլ՝ նրա ընկալումներում Արցախի դերի մասին»,- նշեց Բենիամին Պօղոսեանը:

Related Articles

Back to top button