Ալէն Ղեւոնդեան. «Հարաւային Կովկասի շուրջ առեւտուր է գնալու»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահի փոփոխութիւնը կազդի գլոբալ աշխարհակարգի վրայ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագէտ Ալէն Ղեւոնդեանը։
«ԱՄՆ նախագահի փոփոխութիւնը կազդի գլոբալ աշխարհակարգի վրայ, իսկ այդ գլոբալ աշխարհակարգում ռուսների դերակատարումն էականօրէն մեծ է, իսկ ռազմավարական առումով հիմնական դերակատարը Չինաստանն է։
Ամերիկայի քաղաքական ու արտաքին քաղաքական կոնցեպտն ուժեղ է, որի հիմքում ամերիկեան ազգային շահն է։
Ռուսաստանի դերակատարումը մեծ է յատկապէս ԱՄՆ-Չինաստան յարաբերութիւններում։ Ռուսաստանը մեծ շուկա է, որը կորցրեց Եւրամիութիւնը ու որը գրաւեցին թուրքերն ու Չինաստանը։ Այս ամէնի արդիւնքում թուլացաւ կամ երբեմն էլ ուժեղացաւ Ռուսաստանի ազդեցութիւնն առանձին տարածաշրջաններում, յատկապէս՝ Հարաւային Կովկասում։ Իսկ կենտրոնանալ «Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի վրայ ռուս-ամերիկեան օրակարգում, տեղին չէ, որովհետեւ այս ամէն ինչը նոր է սկսւում»,- ընդգծել է քաղաքագէտը։
Ղեւոնդեանի խօսքով՝ ամէն ինչ ընթանում է ոչ թէ յօգուտ Ռուսաստանի, այլ յանուն ԱՄՆ-ի։
«Պէտք է ֆիքսել մի բան․ Թրամփի հետ հեշտ չի լինելու։ Այն պաթոսն ու քարոզչական աշխատանքը, որ տարւում է, առարկայական առեւտուր է։ Եթէ ինչ-որ մէկին թւում է, թէ Թրամփն Ուկրաինան դնելու է ռուսական սեղանին, ամենեւին էլ այդպէս չի լինելու։ Այս ամէնը արւում է ոչ թէ յօգուտ Ռուսաստանի, այլ յանուն ԱՄՆ-ի։
Հարաւային Կովկասի շուրջ առեւտուր է գնալու։ Աշխարհաքաղաքական մոդելները նստելու են առեւտրի գաղափարի շուրջ։ Խնդիրն այն է, թէ ինչի դիմաց ինչ են ստանալու»,- նշել է մեր զրուցակիցը։
Ալէն Ղեւոնդեանի խօսքով՝ Նիկոլ Փաշինեանն իր ու իր թիմի փրկութեան օղակ է դիտարկում Թուրքիան։
«Բայց Թուրքիայի շուրջ էլ իրավիճակը միանշանակ չէ։ Թուրքիան ու Իսրայէլը եղել են աւանդական ու տարբեր քաղաքակրթական ծիրերի ներքոյ պետութիւններ, բայց մնացել են դաշնակիցներ։ Անգամ այն օրերին, երբ Էրդողանը հայհոյում էր Իսրայէլին, Թուրքիան նաւթ էր վաճառում Իսրայէլին։ Խնդիրը բալանսը պահելու մէջ է»,- եզրափակել է քաղաքագէտը։