Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Խաղաղութեան խաչմերուկ»՝ միակողմանի երթեւեկութեամբ

Յաջորդ շաբաթ, ըստ որոշ ԶԼՄ-ների, Երեւան կը ժամանեն ինչ-որ ամերիկացիներ՝ քննարկելու TRIPP նախագիծը, որը յայտնի է նաեւ որպէս «Թրամփի ճանապարհ» կամ «Զանգեզուրի միջանցք»։ Կարճ ասած՝ խօսքը Սիւնիքի մարզով անցնող չարաբաստիկ ճանապարհի մասին է, որը Փաշինեանը որոշել է յանձնել վարձակալութեան 99 տարով՝ հետագայում նոյն ժամկէտով երկարաձգելու հնարաւորութեամբ։ Այսինքն, մարդկային կեանքի չափանիշներով՝ անժամկէտ։

Այդ ճանապարհով նա պարտաւորւել է ապահովել ադրբեջանական մեքենաների անխոչընդոտ անցումը։

Մինչ այժմ մնում է անյայտ՝ ովքեր են այդ ամերիկացի հիւրերը։ Գրում են, թէ «ԱՄՆ-ի տարբեր շրջանակների ներկայացուցիչներ» են։ Նոյնիսկ վախենալու է ենթադրել՝ յատկապէս որ շրջանակների ներկայացուցիչներն են գալու Հայաստան։ Միակ բանը, որ կարելի է հաստատակամ պնդել, այն է, որ որեւէ մէկը չի պատրաստւում լուսաւորել հայ ժողովրդին այս հողակտորի վարձակալման գործարքի վերաբերեալ։ Քննարկումները տեղի կունենան փակ ձեւաչափով. հիւրերը չունեն ժամանակ եւ ցանկութիւն՝ հաշւի նստելու հայերի՝ նման հարցերի վերաբերեալ տեղեկացւած լինելու իրաւունքին։ Չեն հրապարակւում այցի մանրամասներն ու օրակարգը։ Յայտնի է միայն, որ խօսքը վերաբերում է ոչ միայն տեխնիկական, այլեւ քաղաքական ասպեկտներին, եւ որ կայացւելիք որոշումները կապւած կը լինեն «տարածաշրջանում նոր լոգիստիկ իրականութեան ձեւաւորման» հետ։

Այսինքն, ի վերջոյ, հայ հասարակութեանը պարզապէս կանգնեցնելու են փաստի առաջ. ահա ձեզ նոր իրականութիւն, որտեղ ԱՄՆ-ը փաստացի վերահսկում է մեր ամբողջ սահմանը Իրանի հետ՝ բոլոր բացասական հետեւանքներով, որոնք բխում են հարեւանին այդպիսի «վատութիւն» անելուց։

Իսկ Սիւնիքով անխոչընդոտ սլանում են ադրբեջանական մեքենաներ՝ բեռնւած Աստւած գիտի ինչով, քանի որ մեզ չեն թոյլատրում դրանք զննել։ Եւ չհամարձակւես վիճել, չէ՞ որ դիմացդ կանգնած են մեծն ԱՄՆ-ի տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։

Որոշ իմաստով նման հարցերի լուծման ոճը խօսուն է։ ԱՄՆ-ը չի պատրաստւում հաշւի նստել Հայաստանի հետ։ Հողը յանձնեցիք վարձակալութեան՝ հիանալի, հիմա մի խանգարէք մեծ քեռիներին։

Բայց եկէք չլինենք հոռետես եւ փորձենք տեղի ունեցողում ինչ-որ դրական բան գտնել։ Ամերիկացիների այցն ունի մէկ դրական կողմ՝ այդ «տարբեր շրջանակների ներկայացուցիչները» բարեհաճել են անձամբ գալ Երեւան։ Այսինքն, ՀՀ ԱԳՆ-ը գոնէ մի փոքր կը խնայի Փաշինեանի արտասահմանեան ուղեւորութիւնների ծախսերը։ Դէ, ինչպէս յայտնի է դարձել, Փաշինեանն արդէն աշնան սկզբին սպառել է ամբողջ տարւայ արտասահմանեան ուղեւորութիւնների բիւջէն, եւ ԱԳՆ-ը շտապ կերպով միջոցներ է հայցում նոր շրջագայութիւնների համար։ Բացակայող 60 միլիոնը վերցւել է Հայաստան-Սփիւռք համագործակցութեան ծրագրերից, որոնք ուղղւած էին Սփիւռքի ներուժի օգտագործմանը՝ երկրի զարգացման համար։ Համարւում է, որ Փաշինեան-Յակոբեան զոյգի ուղեւորութիւնները աւելի մեծ օգուտ են բերում երկրին։ Ի՞նչ կարող ես ասել՝ Փաշինեանը իսկապէս զուր չի գնացել արտասահման. ինչպիսի ձեռքբերումներ՝ միջանցք բացեց ադրբեջանցիների համար, սահմանը Իրանի հետ յանձնեց վարձակալութեան, ՇՀԿ-ում խայտառակւեց, նրա ԵՄ դիմումը «ընդունւեց ի գիտութիւն», Ալիեւի հետ սուրճ խմեց, Էրդողանի հետ քահ-քահ ծիծաղեցին։ Բա «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը քանի՞ անգամ ներկայացրեց՝ ցաւօք, նախապէս դատապարտւած ձախողման։ Այս ամէնը, անկասկած, արժէր հայաստանեան բիւջետային ծախսերը։

Բայց թէեւ ամերիկացի հիւրերի կողմից շատ սիրալիր էր անձամբ գալը, նրանց բազմաթիւ հարցեր կան։ Յատկապէս հետաքրքիր է՝ ով է իրականում կանգնած նախագծի եւ այն «մասնաւոր ամերիկեան ընկերութեան» հետեւում, որին Փաշինեանը փոխանցել է Սիւնիքը։ Տնտեսագէտ-փորձագէտները «Զանգեզուրի միջանցք»-ի գլխաւոր շահառու են համարում Թուրքիային. չէ՞ որ հէնց նրանից է եկել միջանցքի վարձակալման նախաձեռնութիւնը՝ «մասնաւոր ամերիկեան ընկերութեան» միջոցով։ Այսպիսով, թուրքական մասնակցութեան մասին ենթադրութիւնը լիովին բնական է։

Այդ դէպքում հասկանալի է, թէ ինչու չեն բացայայտւում գործարքի մանրամասները։ Քանի որ, եթէ հայ հասարակութիւնը իմանայ, որ Փաշինեանը երկրի առանցքային հատւածը յանձնել է թուրքերին, նրա համբերութիւնը հնարաւոր է՝ վերջնական կը հատի։

«Փաստ»

Related Articles

Back to top button