ԱՊԱ. «ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցութեան արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, Ռուսաստանը նոյնպէս ակտիւօրէն մասնակցել է այդ գործընթացին»

«ԱԼԻՔ» – ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցութեան արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, Ռուսաստանը նոյնպէս ակտիւօրէն մասնակցել է այդ գործընթացին: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալութիւնը՝ յղում անելով դիւանագիտական աղբիւրները:
Աւելին, ինչպէս նշում է ԱՊԱ-ն, այդ գործընթացում առանցքային դեր է խաղացել Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարարութիւնը:
Ըստ աղբիւրի՝ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցութեան արգելափակման հարցը քննարկւել է Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջեւ քաղաքական խորհրդակցութիւնների ընթացքում, եւ կողմերը համապատասխան պայմանաւորւածութիւն են ձեռք բերել: Սակայն Ռուսաստանը առաջին պլան մղեց Հնդկաստանին՝ մնալով ստւերում։
Յատկանշական է, որ աւելի ուշ Հնդկաստանը հերքել է այն տեղեկութիւնները, որ Դելին Չինաստանի Տիանցզին քաղաքում վերջերս կայացած գագաթնաժողովի ժամանակ արգելափակել է Ադրբեջանի անդամակցութեան յայտը ՇՀԿ-ին:
Հնդկաստանի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ ժամանակային սահմանափակումների պատճառով է Ադրբեջանին եւ Հայաստանին անդամ պետութիւններ ընդունելու անհնարինութիւնը:
«Ժամանակային սահմանափակումների պատճառով անդամ պետութիւնները չկարողացան որոշում կայացնել այս հարցի վերաբերեալ Տիանցզինում։ Հարցը դեռեւս քննարկման փուլում է խմբի կողմից»,- ասել է Հնդկաստան ԱԳՆ խօսնակ Ռանդհիր Ջայսւալը։