ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Սիոնիստական ռեժիմն Իրանի վերաբերեալ իր հաշւարկներում սխալւել է»

«ԱԼԻՔ» – Երէկ՝ հոկտեմբերի 27-ին, Իսլ յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին հանդիպել է անվտանգութեան ուժերի նահատակների ընտանիքների հազարաւոր անդամների հետ:

Իր ելոյթում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անվտանգութեան ոլորտի նահատակներին համարելով Աստծոյ ճանապարհին զոհւածներ՝ ընդգծել է հասարակական բոլոր հարթութիւններում անվտանգութեան հիմնարար կարեւորութիւնը. «Անվտանգութեան հարցերում շատ կարեւոր է պահպանել հանրութեան հոգեբանական անվտանգութիւնը։ Մարդկանց սրտերում սարսափի սերմանումն անթոյլատրելի է, Ղուրանն այդ մասին ուղղակիօրէն է նշում»:

Այս համատեքստում այաթ. Խամենէին յատուկ կարեւորել է բոլոր ոլորտներում երկրի հզօրացումը՝ շեշտելով, որ առանց դրա անհնար է ապահովել առաջընթաց եւ անվտանգութիւն.  «Միայն ուժեղ եւ հզօր Իրանը կարող է ապահովել եւ երաշխաւորել երկրի ու ազգի անվտանգութիւնն ու առաջընթացը, ուստի Իրանը պէտք է օրէցօր հզօրանայ տնտեսական, գիտական, քաղաքական, պաշտպանական եւ կառավարման բոլոր հարթութիւններում»:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը սահմաններում եւ քաղաքներում աւազակութիւնը, գողութիւնը, զէնքի մաքսանենգութիւնը, թմրամիջոցների ապօրինի շրջանառութիւնն ու ասեկոսեների եւ իրականութեանը չհամապատասխանող լուրերի տարածումն անւանել է որպէս անապահովութիւն ստեղծելու ջանքերի օրինակ եւ յստակեցրել. «Ով կը պայքարի այս չարիքների դէմ, կարժանանայ «անվտանգութեան պահապան» բարձր կոչմանը»:

Անդրադառնալով Իրանի վրայ Սիոնիստական ռեժիմի վերջին յարձակմանը, այաթ. Խամենէին յորդորել է, որ դրանք պէտք չէ ոչ չափազանցնել, ոչ թերագնահատել: Նա միեւնոյն ժամանակ նշել է, որ սիոնիստական թշնամին Իրանի վերաբերեալ իր հաշւարկներում սխալւել է:

«Նրանք սխալ են թոյլ տւել, եւ հէնց իրենք են այն գերագնահատում։ Դա սխալ է, սակայն յիշէք՝ թերագնահատելն էլ է սխալ։ Սխալ է ասել «սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել, դա կարեւոր չէր»։ Անհրաժեշտ է խախտել Սիոնիստական ռեժիմի սխալ հաշւարկները։ Նրանք Իրանի վերաբերեալ իրենց հաշւարկներում սխալւում են, նրանք չեն ճանաչում Իրանը, Իրանի երիտասարդութիւնը, իրանցի ժողովրդին, նրանք չեն կարողացել ճիշտ հասկանալ իրանցի ժողովրդի ուժը, հնարաւորութիւնները, նախաձեռնողականութիւնն ու կամքը, մենք պէտք է դա նրանց ցոյց տանք»,- յատուկ ընդգծել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Խօսելով Գազայում եւ Լիբանանում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին, այաթ. Խամենէին յստակեցրել է այն ինչ արել եւ անում է Սիոնիստական ռեժիմը Գազայում եւ Լիբանանում, ամենադաժան ռազմական յանցագործութիւններից է:

«Պատերազմն, անխօս, դաժան բան է, սակայն անգամ պատերազմն օրէնքներ, կանոններ, սահմանափակումներ ունի։ Երբ ինչ-որ մէկի դէմ պատերազմում ես, չի կարելի խախտել բոլոր այդ սահմանափակումները եւ դրանք այնպէս ոտնահարել, ինչպէս անում է այս յանցագործ խմբաւորումը, որ ղեկավարում է օկուպացւած Պաղեստինը»,- ասել է նա։

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել գլոբալ կոալիցիա՝ քաղաքական, տնտեսական, իսկ եթէ հարկ եղաւ, նաեւ՝ ռազմական՝ ընդդէմ Սիոնիստական չար ռեժիմի, որն այսօր իրագործում է ամենադաժան ռազմական յանցանքները։

Related Articles

Back to top button