Մշակութային

Յիհլաւայի միջազգային փառատօնին «1489» ֆիլմի ցուցադրութիւնից առաջ հանդիսատեսը մէկ րոպէ լռութեամբ յարգել է 44-օրեայ պատերազմի զոհերի յիշատակը

Հոկտեմբերի 27-ին առաւօտեան ժամը 10:00-ին չեխական Յիհլաւայի միջազգային 28-րդ կինոփառատօնի յաղթանակած ֆիլմերի «Համաստեղութիւններ» բաժնում ցուցադրւել է բազմաթիւ հեղինակաւոր կինոփառատօների մրցանակակիր Շողակաթ Վարդանեանի դեբիւտային «1489» ֆիլմը։

Orer.eu կայքը գրում է, որ չնայած առաւօտեան ժամին, 400 տեղանոց դահլիճը գրեթէ լիովին զբաղեցրել էին ոչ միայն չեխ եւ հայ, այլեւ օտար կինոսիրողները։ Ֆիլիմի ցուցադրութիւնից առաջ փառատօնի ծրագրերի պատասխանատու Վիկտոր Լիցեկը ընթերցել է ֆիլմի ռեժիսորի ուղարկած յատուկ ուղերձը, որով Շողակաթը խնդրել էր նաեւ մէկ րոպէ լռութեամբ յարգել արցախեան 44-օրեայ պատերազմի զոհերի յիշատակը։ Դահլիճը յոտնկայս յարգել է զոհերի յիշատակն, ինչին հետեւել է ֆիլմի ցուցադրութիւնը։

Մէկ շաբաթ առաջ «1489»-ը Լոս Անջելէսի յայտնի DOC LA կինոփառատօնում արժանացել է «Լաւագոյն վաւերագրութիւն» մրցանակին։

Արցախեան 44-օրեայ պատերազմին Շողակաթ Վարդանեանը ծնողների հետ անյայտ կորած եղբօրն է փնտրել՝ Սողոմոնին: Ամբողջ ընթացքը նկարել է, 3 տարւայ նկարահանումները տեղ են գտել ֆիլմում:

Պատերազմի 7-րդ օրը նրա եղբայրը՝ 21-ամեայ ուսանող եւ երաժիշտ Սողոմոն Վարդանեանը, որն արդէն մօտ էր զինւորական ծառայութեան աւարտին, անհետանում է։ Շողակաթը որոշում է արձանագրել իր եւ ծնողների որոնումներն ու ապրումները՝ գործի դնելով հեռախօսի տեսախցիկը։ Վեց ամիս անց ոսկորները յայտնաբերւում են, բայց ԴՆԹ հետազօտութիւնը դեռ պէտք է ցոյց տար՝ արդեօք դրանք Սողոմոնինն են։ ԴՆԹ-ի նոյնականացման արդիւնքին պէտք էր սպասել մէկուկէս տարի։

«1489».  ռազմական գործողութեան մէջ անյայտ կորած անհատի մարմնի անանուն թիւն է։ Դա այն համարն էր, որը տրւել էր Սողոմոն Վարդանեանին։ 

Panorama.am

Related Articles

Back to top button