Մշակութային

Լաւ գիրք՝ «ՔՈԼԱԳԻՐ», Կորիւն Բաղդասարեան

Խմբագրութիւնս շնորհակալութեամբ ստացել է պրն. Էդւարդ Յարութիւնեանից

Գրքի անուն՝ «ՔՈԼԱԳԻՐ»
(Պատմւածք, պիէս) Հեղինակ՝ Կորիւն Բաղդասարեան

Լոյս է տեսել 2022 թ.-ին Երեւանում «Անտարես» հրատարակչութեան միջոցով: 232 էջ, կազմով: Ժողովածուն ներառում է՝ 20 պատմւածք եւ մէկ պիէս «Մենք ու մերոնք» խորագրով: Պտամւածքները դասւած են ՝ «Քոլագիր» (12 պատմւածք), «Կապոյտ ուղղաթիռ» (7 պատմւածք) եւ «Արցախեան արահետներով» (գեղարւեստական յուշապատում) բաժիններում: Գիրքը ընթերցողներին ծանօթացնելու համար ներկայացնում ենք Երեւանում հրատարակւող «Ազգ» օրաթերթի 9 յունիսի 2023 թ.-ի համարում լոյս տեսած Մարիետա Խաչատրեանի յօդւածը:

 Լաւ գիրք՝ «ՔՈԼԱԳԻՐ», Կորիւն Բաղդասարեան

Ձեռքս ընկաւ Կորիւն Բաղդասարեանի վերջերս լոյս տեսած «Քոլագիր» պատմւածքների ժողովածուն: Թէեւ անւանն «անծանօթ» չէի՝ Կորիւն Բաղդասարեանի հրապարակումները յիշում էի «Գարունից», սակայն անմիջապէս չեմ ընթերցել, խոստովանում եմ: Նորաձեւ արձակի նմուշներ համարւող այնքան գրքեր են հիասթափեցրել ինձ՝ իրենց դատարկութեամբ ու երբեմն անգամ ոչ գրագէտ լեզւով, որ ակամայ հիմա դժւար եմ բացում որեւէ նոր գրքի առաջին էջը: Կորիւն Բաղդասարեանի գիրքը բացեցի, ու նրա գիրն այնպէս ինձ տարաւ, այն աստիճան տեղայնացայ նրա աշխարհում, որ հերոսների հետ վերապրեցի նրանց՝ սիրով, հիասթափութիւններով եւ վայրիվերումներով լի կեանքը:

Գրքի պատմւածքների հերոսները սահմանային բնակավայրի մարդիկ են՝ գիւղացիներ, սահմանի զօրամասի զինւորներ եւ սպաներ, հիւր եկած եկւորներ: Հեղինակն ինքն էլ զօրամասի սպայ եղած՝ որպէս ականատես ու մասնակից է քննում սահմանի բերնին ապրող մարդկանց կեանքը, վարքագիծը, բնաւորութիւնը, տարբեր սահմանային (բառի հոգեբանական իմաստով) իրավիճակներում մարդու խորքերում թաքնւած յատկանիշերի դուրս ցայտումը:

Հանդարտ ու հայեցողական ոճով, հեշտ ընկալելի գրով նա պարզապէս նկարագրում է կեանքը՝ իր նախաստեղծ, մարդկային, առինքնող եւ երբեմն էլ ստորակայ դրսեւորումներով, մեզ մատուցում տխրութեամբ եւ ուրախութեամբ, ցաւով եւ վտանգով գիրկընդխառն իրադարձութիւնների հերոսներին, բացում նրանց կերպարների լոյսն ու ստւերը: Թւում է՝ պարզ, հեշտ կարդացւող արձակ է, որից կաթում են մարդկային սէրը, նւիրւածութիւնն ու անձնւիրութիւնը, երբեմն՝ անհամարժէք վարքագիծը: Բայց ոչ, դա միայն առաջին հայեացքից է այդպէս թւում: Հեշտ ընթերցւող գրի մէջ շատ ինքնատիպ, երբեմն թաքնւող-երբեմն աչքի զարնող մի այնպիսի ոճային ինքնատիպութիւն կայ, որ զարմացնում է, մտածել տալիս: Եւ Բաղդասարեանի արձակի միւս առանձնայատուկ բանը էլի պատումի մէջ առաջին հայեացքից աննկատելի, բայց ոսկեհատիկի նման երբեմն անսպասելի փայլատակող-հոգին քրքրող քննախոյզ հայեացքն է, որը սովորական ընթերցողին պատումի գրաւիչ հանդարտութեամբ իր յետեւից տանելով՝ յանկարծ բացում է հոգու յատակի, մարդու ամենախորքերում թաքնւող զգացմունքների ողջ համապատկերը: «Միջադէպ», «Անտառապահը», «Մեր վաշտի հրամանատար Պետօն», «Չառլին», «Օձերը», միւս պատմւածքները սովորական մարդկանց մասին հոգեբանական անձնագրեր են, գեղեցիկ պատում լինելու հետ միասին:

Մէկ-մէկ տողերի արանքից այնպիսի փոխաբերութիւններ են յայտնւում Կորիւն Բաղդասարեանի արձակում, որ մի պահ ընդհատում ես ընթերցելն ու մտածում: Ինքներդ մտահայէք. «Աշխարհի մեծ ճանապարհներից ու մեծ-մեծ քաղաքներից մի կեանքաչափ հեռու մեր զօրամասում…», «Ծխախոտի ծուխը ուղիղ գծով հասնում էր երկինք…», «Զարմացած գերեզմանաքարերը նայում են մի ուղղութեամբ…», «Լուցկու ձայնը հրդեհում է սահմռկելի լռութիւնը…», «Նստում ենք հացի՝ խմելով արցունքահամ թթի օղի…»: Այսպիսի շատ սիրուն պատկերաւորումներ կան գրքում:

Ենթատեքստային զուգահեռում ունի անգամ գրքի վերնագիրը՝ «Քոլագիր»: Դա տեղանուն է, այդպէս է գործածւած գրքում, բայց նաեւ ենթադրւում է ականատեսի պատում՝ դաշտի, քոլի (անտառ) գիր, հեղինակի մասնակցութեամբ կեանքի գիր: Վաւերական ու վստահելի:

Երբեմն, այո, շատ լաւ գրքեր են տպւում, մնում է գնահատողները նկատեն հէնց դրանք, ոչ թէ նորարարական անւանւած գրական աղբը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Related Articles

Back to top button