Մարկոս Գրիգորեանի 100-ամեակ. Արւեստի նկատմամաբ դաւաճանութիւնը չհանդուրժած լեգենդը՝ Թեհրանի ժամանակակից արւեստի թանգարանի պատերին
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ- «Ակնարկ՝ Մարկոս Գրիգորեանի ստեղծագործութիւններին» ցուցահանդէսն իր աշխատանքն է սկսել Թեհրանի ժամանակակից արւեստի թանգարանի երեք՝ 7-րդ, 8-րդ եւ 9-րդ պատկերասրահներում:
Ցուցահանդէսում ներկայացւած են Մարկոս Գրիգորեանի ստեղծագործութիւնների հինգ կարեւոր շրջաններից՝ էքսպրեսիոնիստական նկարներից, հողի եւ կաւէ գործերից, ծղոտ եւ կոնսեպտային արւեստի գործերից, ինչպէս նաեւ ընտանեկան լուսանկարներից նմուշներ:
Մարկոս Գրիգորեանի 100-ամեակին նւիրւած ցուցահանդէսի պաշտօնական բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ երկուշաբթի՝ դեկտեմբերի 2-ին, մեծանուն արւեստագէտի ծնունդից երկու օր առաջ:
Ցուցահանդէսի համադրողը Մարկոս Գրիգորեան հիմնադրամի տնօրէն՝ Միշէլ Ալավերդեանն է:
Բացման ծրագրին ներկայ արւեստասէր բազմութեան կողքին ներկայ էին Իրանի ժամանակակից արւեստի գործիչներ՝ Ղոլամհոսէյն Նամին, Մոհամմադ Ռեզա Ֆիրուզէին, Մեհդի Հոսէյնին, Ղազի Մորադը, Սիամաք Դել Զենդէն, Արման Ստեփանեանը, Ադենա Միրզախանեանը…
Բացման ծրագրի ընթացքում ելոյթ ունեցաւ Միշել Ալավերդեանը: Նա նշեց. «Իրանի նկարիչների յաջորդ սերունդները բոլորն էլ պարտական են ժամանակակից իրանական գեղանկարչութեանն ու դրա հիմնադիր սերնդին, իսկ Մարկօն, անկասկած, նրանցից մէկն է»: Նա յաւելեց. «Երեւանում գործող Մարկոս Գրիգորեան հիմնադրամը հպարտ է այս նկարչի աշխատանքների ցուցահանդէսը Թեհրանի Ժամանակակից արւեստի թանգարանի համագործակցութեամբ կազմակերպելու համար, ինչը տեղի է ունեում հիմնադրմաի հիմնադրման առաջին տարում:
Ղոլամհոսէյն Նամին որպէս Մարկոս Գրիգորեանի մտերիմ ընկերը եւ նրա, Սիրակ Մելքոնեանի եւ հինգ այլ նկարիչների հետ միասնաբար «Իրանի ազատ նկարիչների խմբի» հիմնադիր սերունդ,եւս եկել էր իր խօսքն ասելու:
Անւանի նկարիչը նշելով, որ Մարկոս Գրիգորեանն իրականում իրանական ժամանակակից արւեստն աշխարհին ներկայացնելու մեծագոյն առիթն էր, եւ, որ այսօր, երբ համաշխարհային մակարդակի լաւ արւեստագէտներ ունենք, հասկանում ենք, թէ Մարկօն ինչ ծառայութիւն է մատուցել իրանական արւեստին, ասաց. «Մարկոս Գրիգորեանն իրականում՝ Իրանի գեղանկարչութիւնը մոդեռնիզմի ասպարէզ տեղափոխելու գործի հիմնաքարը դրեց»,- յաւելեց «Իրանի ազատ նկարիչների խմբի» 7 նկարիչներից մէկը համարւող Նամին:
Ընթացքում ելոյթ ունեցաւ նաեւ Մշակոյթի եւ իսլ. առաջնորդութեան փոխնախարար Նադերէ Ռեզաին անդրադառնալով «Աչք աչքի» ցուցահանդէսի հետ միասին կազմակերպւած Մարկոս Գրիգորեանի ցուցահանդէսին: Նա նշեց, որ համաշխարհային արւեստի չափանիշերին համապատասխան իրադարձութիւններ են դրանք:
Նշենք, որ «Ակնարկ Մարկոս Գրիգորեանի ստեղծագործական աշխարհին» ցուցաահանդէսը շարունակւելու է մինչեւ 2025 թւականի յունւարի 12-ը: