Մշակութային

«Disney»-ն առաջին անգամ մուլտֆիլմի փոքր դրւագով անդրադարձել է հայկական մշակոյթին

«Mickey Mouse Funhouse» ֆիլմի փոքր դրւագում, որը ցուցադրւել է «Disney Channel»-ով, յայտնի Մինի Մաուսն ու իր ընկերները նշում են Վարդավառը:

Այս մասին հաղորդագրութիւն է հրապարակւել «Armenianfilmsociety»-ի ինստագրամի պաշտօնական էջում:

Հաղորդագրութեան մէջ նշւում է, որ ֆիլմի սցենարի հեղինակը Քեթլին Սարնելի Կապուկչեանն է, որի ամուսինը հայ է:

«Այդ դրւագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում Վարդավառը տօնելու համար: Մինիին, Միկիին եւ նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստւածուհին, որը հայկական աւանդական տարազ է կրում: Աստւածուհին իջնում ​​է իր կախարդական տաճարից եւ ջուր է շաղ տալիս նրանց վրայ»,-ասւում է նկարագրութեան մէջ:

Այդ իրադարձութիւնները տեղի են ունենում առասպէլների եւ լեգենդների երկրում, որը կառուցւած է հայկական ճարտարապետութեան օրինակով, մասնաւորապէս՝ Գառնիի եւ Կասկադի հիման վրայ՝ ստեղծելով երկու վայրերի միաձուլում:

Աստղիկի կերպարը հնչիւնաւորել է Լիանա Բդեւին: Նրա մայրը հայուհի է, իսկ հայրը՝ լիբանանցի:

Դրւագը յագեցած է հայկական մշակութային տարրերով: Մինին հայկական տարազ է կրում, խօսում են հայերէն, իսկ սիրւած հերոսներ Չիփն ու Դէյլը թան են վաճառում, խորոված պատրաստում:

Մուլտֆիլմի այդ դրւագը միակն է, որով «Disney»-ն առաջին անգամ անդրադարձել է հայկական մշակոյթին:

Related Articles

Back to top button