Հայաստան - ԱրցախՄշակութային

Երեւանում անցկացւեց «Լազարեան ճեմարանը եւ հայ մեծերը» խորագրով գիտաժողով

Մոսկւայի Լազարեան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութիւնը 21-րդ դարի դիտանկիւնից եւ նոր լոյսի ներքոյ արժեւորելու, ինչպէս նաեւ հայ մտաւորականի եւ ազգային մեկենասի կերպարի արդիական պատգամները վերհանելու նպատակով «Լազարեան ճեմարանը եւ հայ մեծերը» խորագրով համահայկական գիտաժողովը ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետում համախմբեց հայագիտութեան ոլորտի հետազօտողներին։

Գիտաժողովը կեանքի կոչւեց «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան Հայաստանի գրասենեակի եւ Մոսկւայի գրասենեակի նախաձեռնութեամբ՝ համագործակցելով Մ. Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի, Պատմութեան ինստիտուտի եւ ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետի հետ։

Բացման ընթացքում ողջոյնի եւ արժեւորղ խօսքով գիտաժողովի կարեւորութիւնն ու թեմաների արդիականութիւնը կարեւորեցին համակազմակերպիչ հաստատութիւնների ղեկավարներն ու կազմկոմիտէի ներկայացուցիչները։

 

Հայագիտութեան «երէկն» ու «այսօրը»՝ Լազարեանների գործունէութեան համատեքստում

ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետի դեկան Արշալոյս Գալստեանն իր խօսքում ընդգծեց, որ Լազարեան ճեմարանը Հայաստանի սահմաններից դուրս այնպիսի հսկայական հայանպաստ գործունէութիւն է ծաւալել, որն իր նշանակութեամբ համեմատելի է Մխիթարեան միաբանութեան հետ։ Նա նշեց, որ ճեմարանի անցած ուղին ծառայում է որպէս ուղենիշ ժամանակակից իրականութեան համար․ «Եթէ միայն թւարկենք գրականութեան, պատմութեան, մշակոյթի այն երեւելի գործիչների անունները, որոնք անցել են Լազարեան ճեմարանով, բաւարար է հասկանալու Լազարեան ճեմարանի հայանպաստ գործունէութեան չափազանց մեծ դերը։ Հետազօտելով Լազարեան ճեմարանի անցած ուղին՝ 21-րդ դարում մենք ստանում ենք չափազանց արդիական հարցերի պատասխաններ՝ ինչպիսի՞ն պիտի լինի իրական հայ մտաւորականը, ինչպիսի՞ գործունէութիւն պիտի ծաւալի հայ մեծահարուստը, եթէ Լազարեաններին դիտարկում ենք այդ համատեքստում, եւ, վերջապէս, այդ գործունէութիւնը ի՞նչ արդիւնքներ կարող է տալ։ Չէ՞ որ այսօր Լազարեան ճեմարանը բոլորիս յայտնի է որպէս Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան շէնք, բայց ժամանակին այն որդեգիրների եւ պատանիների համար կրթօջախ էր»։

Պատմութեան ինստիտուտի տնօրէն Համօ Սուքիասեանն անդրադարձաւ հայագիտական կենտրոնների աշխարհագրութեան պատմական փոփոխութեանն ու արդի անելիքներին․ «Եթէ 19-րդ դարում հայագիտութեան կենտրոնը Հայաստանից դուրս էր, ապա այսօր այն Հայաստանն է։ Մեր խնդիրն է զարգացնել հայագիտութիւնը բուն Հայաստանում՝ միաժամանակ պահելով արտերկրի կենտրոնների հետ կապերը եւ ստեղծելով նոր կենտրոններ։ Ներկայում Սփիւռքում նման որակի եւ մասշտաբի կրթական հաստատութիւնների ստեղծումը եւ գործունէութիւնը ցանկալի եւ ողջունելի կը լինի»։

Մ. Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի տնօրէն Հերիքնազ Որսկանեանն իր ելոյթում շեշտեց ճեմարանի սոցիալական ու լուսաւորչական առաքելութիւնը՝ նշելով, որ այն հիմնւել էր նախեւառաջ չքաւոր ընտանիքների երեխաների համար, որոնք կրթութիւն էին ստանում Լազարեանների տրամադրած միջոցներով։ Նա յիշատակեց Խաչատուր Լազարեանի պատգամը բոլոր մեծահարուստներին․ «Հարստութիւն ունեցողն իր միջոցները պիտի ուղղի հասարակական շահերին՝ յօգուտ եկեղեցու եւ հայ ժողովրդի, որը ծարաւի է կրթութեան»։

 

Անցեալի յաջողւած փորձից դասեր քաղելու կարեւորութիւնը

«Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանն ընդգծեց գիտաժողովի պահանջւած լինելը աշխարհաքաղաքական ստեղծւած իրավիճակում։ Նրա խօսքով՝ ստեղծւած իրավիճակում խիստ կարիք կայ յետ նայելու եւ պատմականօրէն արժեւորելու անցած ճանապարհի ձեռքբերումները եւ դիտարկելու դրանք որպէս հնարաւորութիւնների օգտագործման հրաշալի օրինակ, որոնցից է Լազարեան ճեմարանը. հայաշունչ եւ ազգանւէր հաստատութիւն, որը բախտորոշ ժամանակներում հայ ժողովրդին պարգեւեց փայլուն գործիչներ։

«Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան Մոսկւայի գրասենեակի պատասխանատու Արթուր Փայտեանն ընդգծեց Սփիւռքում հայապահպանութեանն ուղղւած նախաձեռնութիւնների, կիրակնօրեայ դպրոցների, հայ մշակոյթի եւ կրթութեան տարածմանն ուղղւած ծրագրերի, հայագիտական կենտրոնների կարեւորութիւնը՝ որպէս յաջողւած օրինակ ընդգծելով Լազարեան ճեմարանի դերն ու նշանակութիւնը եւ շեշտելով, որ այդ փորձը պէտք է տարածւի։

«Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան Հայաստանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը, շնորհակալութիւն յայտնելով գիտաժողովի համակազմակերպիչներին եւ մասնակիցներին, ընդգծեց Լազարեան ճեմարանի դերը ոչ միայն կրթական համակարգի ձեւաւորման, այլեւ ազգային արժէքների պահպանման ու տարածման գործում։

«Ճեմարանն իր ժամանակի մէջ դարձաւ արեւելահայ իրականութեան ամենաազդեցիկ մշակութային եւ գիտական կենտրոններից մէկը։ Այն միակն էր տարածաշրջանում հայութեան համար՝ որպէս ազգային ինքնութեան պահպանման հզօր պատւար։ 1921 թ․ ճեմարանի հիմքի վրայ ստեղծւած Մոսկւայի արեւելագիտութեան ինստիտուտը կամուրջ հանդիսացաւ Արեւելքի եւ Արեւմուտքի մշակոյթների միջեւ՝ հայագիտութիւնը բարձրացնելով միջազգային մակարդակի»,- նշեց նա եւ ընդգծեց Սփիւռքում հայապահպանութեան գործին նւիրւած անհատների եւ կազմակերպութիւնների նշանակալի դերը։ Գիտաժողովի կայացման եւ հետագայ գրահրատարակչական գործին նպաստելու համար նա առանձնապէս շնորհակալութիւն յայտնեց «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան Մոսկւայի գրասենեակին, Լազարեան ֆոնդին եւ միւս աջակիցներին։

 

Միջգիտակարգային ուսումնասիրութիւններ եւ լայնաշերտ թեմատիկ ընդգրկում

Գիտաժողովն աչքի ընկաւ զեկուցումների միջգիտակարգային բնոյթով ու թեմատիկ լայն ընդգրկւածութեամբ։ Մասնակիցների թւում էին ինչպէս Հայաստանի առաջատար գիտակրթական կենտրոնների ներկայացուցիչներ, այնպէս էլ բանախօսներ արտերկրից։

Երկու լիագումար նիստերի ընթացքում ծաւալւած քննարկումները վերաբերում էին Լազարեան ճեմարանի պատմամշակութային ու գիտամանկավարժական գործունէութեան ամենատարբեր ոլորտներին.

Գիտաժողովի առաջին նիստը նախագահեց ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետի դեկան Արշալոյս Գալստեանը։ Զեկուցողներն անդրադարձան գրականագիտութեան եւ հայագիտութեան արդիական հարցերի՝ բացայայտելով մասնաւորապէս ճեմարանի հայագիտական սկզբունքները, ճեմարանական նշանաւոր գործիչների (Սմբատ Շահազիզ, Մկրտիչ Էմին, Միքայէլ Նալբանդեան, Վահան Տէրեան, Պօղոս Մակինցեան, Ցոլակ Խանզադեան) գրական ժառանգութիւնը, Յովհաննէս Թումանեանի հետ նրանց նամակագրութիւնը, ինչպէս նաեւ հայ սիմւոլիզմի ձեւաւորման նախադրեալները։

Գիտաժողովի երկրորդ նիստը նախագահեց բ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Գալստեանը։ Լազարեան տոհմի պատմական դերը, ճեմարանի առնչութիւնը յեղափոխական-նարոդնիկական շարժման հետ, ռուսական գրականութեան պրոֆեսորների յուշերն ու ճեմարանի գրական սերնդի ողբերգական ճակատագիրը ստալինեան բռնաճնշումների տարիներին. պատմաքաղաքական դիտանկիւնից այս եւ յարակից թեմաներին եւս անդրադարձան գիտաժողովի մասնակիցները։

Կրթութեան, մանկավարժութեան եւ մշակոյթի ոլորտը եւս դուրս չմնած հետազօտողների ուսումնասիրութեան դաշտից։ Ճեմարանի կրթական-մանկավարժական մոդելը՝ որպէս ուսուցիչների պատրաստման վաղ ինստիտուցիոնալ համակարգ, առաջին ռեկտորի ու նշանաւոր մանկավարժների վաստակը, ճարտարապետութիւնն ու մշակութային ինքնութիւնը, ինչպէս նաեւ Լազարեանների տան դերը Մոսկւայի հայկական թատերական ստուդիայի կազմաւորման գործում դարձան հետաքրքիր եւ նորարարական ուսումնասիրութիւնների թեմաներ, որոնք հնչեցին գիտաժողովի շրջանակում։

Գիտաժողովն ամփոփւեց ակտիւ քննարկումներով ու հարցուպատասխանով։ Նշւեց, որ ներկայացւած գիտական զեկուցումներն ամբողջութեամբ կը տպագրւեն եւ լոյս կը տեսնեն առանձին ժողովածուով։

Համազգայինի Երեւանի գրասենեակ

Related Articles

Back to top button