Հայաստան - ԱրցախՄշակութային

Վեդիի մերձակայքում գտնւող նորայայտ հնավայրի տարածքում հնագէտները շինութիւնների հետքեր են յայտնաբերել

Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, պ.գ.թ. Արմինէ Գաբրիէլեանի ղեկավարութեամբ` հնագիտական ուսումնասիրութիւններ եւ պեղումներ են իրականացւել ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի մերձակայքում գտնւող նորայայտ հնավայրում։

Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի յայտարարութեան մէջ նշւում է, որ յուշարձանը գտնւում է Դաշտաքար եւ Ուրցաձոր գիւղերի միջեւ ընկած տարածքում՝ Վեդիից մօտ 3 կմ դէպի արեւելք։

Արմինէ Գաբրիէլեանի խօսքով՝ տւեալ տարածքում առաջին հետախուզական շրջայցն իրականացւել է 2022 թւականի մայիսին՝ Վեդիի բնակիչներից մէկի ուղեկցութեամբ, որը հետազօտողներին տեղեկացրել էր այնտեղ առկայ կարասային թաղումների մասին։

«Յուշարձանի երկու բլուրների վրայ արդէն իսկ նկատելի էին գանձագողերի կողմից կատարւած փոսորակները, որոնք պահպանւում են մինչ օրս»,- նշել է հնագէտը։

Նա յաւելել է՝ հետախուզական աշխատանքների ընթացքում պարզւել է, որ երկու բլուրների վրայ առկայ են շինութիւնների հետքեր, իսկ մակերեւոյթին հանդիպում են մեծ քանակութեամբ անտիկ ժամանակաշրջանի գունազարդ խեցեղէնի բեկորներ։

«2026 թւականի մայիս-յունիս ամիսներին իրականացւած կարճաժամկէտ պեղումների շրջանակում բացւել է 14×10 մ չափերով հետախուզահոր։ Արդիւնքում բացայայտւել են 1,30–1,50 մ լայնութեամբ երկճակատ պատեր՝ միջնամասում աւելի մանր քարերի լիցքով։ Դրանք, երկրի կողմերի նկատմամբ ունենալով աննշան շեղումներ՝ հիմնականում կողմնորոշւած են հիւսիս-հարաւ եւ արեւելք-արեւմուտք ուղղութիւններով։ Բացւած կառոյցի ներսում յայտնաբերւել եւ պեղւել է նոյն ժամանակաշրջանին պատկանող քարարկղային մանկական թաղում։

Հետաքրքիր գտածոների շարքում առանձնանում են նաեւ մի քանի սրբատաշ քարեր՝ ծիծեռնակապոչ միացումների հետքերով։ Դրանք, սակայն, յայտնաբերւել են երկրորդային օգտագործման մէջ եւ ներառւած են եղել դամբարանային կառոյցի կազմում»,-նշւած է յայտարարութեան մէջ։

Արմինէ Գաբրիէլեանը յաւելել է, որ 2026 թւականի պեղումները որոշ չափով կրում են նաեւ փրկարարական բնոյթ։

«Մեր նպատակն է հնարաւորինս ամբողջական կերպով բացայայտել հնավայրի հնագիտական եւ մշակութային համատեքստը, քանի որ այն օրէցօր վնասւում է տարածքում գանձագողերի կողմից իրականացւող ապօրինի փորւածքների հետեւանքով»։

Արշաւախմբի ճարտարապետն է Հայկ Կիւրեղեանը, աշխատանքներին ներգրաււած են նաեւ Վեդի քաղաքի բնակիչներ։

Հետազօտողները նախատեսում են առաջիկայում շարունակել պեղումներն՝ ընդարձակելով պեղավայրի սահմանները եւ խորացնելով նորայայտ հնավայրի ուսումնասիրութիւնը։

168.am

Related Articles

Back to top button