Հայաստան - ԱրցախՄշակութային

Միքայէլ Բադալեան. «Ադրբեջանը փորձում է մեզանից խլել Ուրարտուն՝ Արարատի թագաւորութիւնը. պլանաւորւած գործընթաց է»

Վերջին օրերին համացանցում, յատկապէս՝ ադրբեջանական տարբեր մեդիա հարթակների կողմից տարածւում է այն լուրը, որ Նախիջեւանի Օձասար լեռան վրայ գտել կամ վերագտել են ուրարտական Իշպուինի եւ Մենուայի համատեղ գահակալութեանը վերաբերող սեպագիր արձանագրութիւն: Ի՞նչ նպատակ է հետապնդում ադրբեջանական այս քարոզչութիւնը:

Զրուցել ենք պատմական գիտութիւնների թեկնածու, հնագէտ, ուրարտագէտ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրէն Միքայէլ Բադալեանի հետ:

 

Պարոն Բադալեան, վերջին օրերին համացանցում, յատկապէս՝ ադրբեջանական տարբեր մեդիա հարթակների կողմից տարածւում է այն լուրը, որ Նախիջեւանի Օձասար լեռան վրայ գտել կամ վերագտել են ուրարտական Իշպուինի եւ Մենուայի համատեղ գահակալութեանը վերաբերող սեպագիր արձանագրութիւն: Այդ նորութիւնը նաեւ տարածւում է Հայաստանում: Որպէս ուրարտագէտ՝ ի՞նչ կարող էք ասել այդ մասին:

-Իրականում Օձասարի ուրարտական արձանագրութիւնը յայտնաբերւել է 1988 թւականին՝ Հայաստանի Հանրապետութեան Սէյսմիկ պաշտպանութեան ազգային ծառայութեան սէյսմոքիմիայի եւ անալիտիկ կենտրոնի տնօրէն, երկրաբանական գիտութիւնների թեկնածու Վ. Իգումնովի կողմից: 1996 թւականի Վ. Իգումնովի, Հ. Կարագեօզեանի եւ Ս. Հմայակեանի կողմից «Պատմաբանասիրական հանդէսում» տպագրւել է յօդւած Օձասարի արձանագրութեան եւ դրա ընթերցման վերաբերեալ: Հետագայում նշանաւոր ուրարտագէտներ Ն. Յարութիւնեանը եւ Մ. Սալւինին եւս հրատարակել են այդ արձանագրութեան վերաբերեալ հոդվածներ՝ որոշակի ճշտումներ մտցնելով դրա ընթերցման համար: Վերջին տարիներին Օձասարի արձանագրութեանը անդրադարձել է նաեւ յայտնի ուրարտագէտ Ռ. Դանը, իսկ դրա տեքստում յիշատակւող պաշտամունքային ասպեկտներին՝ նաեւ տողերիս հեղինակը:

Արձանագրութիւնում նշւում է Իշպուինիի եւ Մենուայի կողմից Արծինի եւ Անիանի քաղաքների երկրները նւաճելու, Խալդի աստծո պատւին կոթող կանգնեցնելու, ինչպէս նաեւ՝ Խալդիին եւ Խալդիի կնոջը կենդանական զոհաբերութիւններ մատուցելու մասին:

Օձասարը գտնւում է պատմական Հայաստանի Խոշակունիք բնակավայրի մօտ:

Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ ունի այժմ Օձասարի արձանագրութեան տարածումը: Արդեօ՞ք դա ունի զուտ գիտական նպատակ, թէ՞ կարող է ունենալ նաեւ քաղաքական ենթատեքստ:

-Ինչո՞ւ հէնց այս ժամանակաշրջանում ադրբեջանցիները սկսեցին տարածել Օձասարի արձանագրութիւնը գտնելու լուրերը: Բացի այդ, նրանք արդէն խօսում են, որ արձանագրութիւնը փաստում է Նախիջեւանում ուրարտական տէրութեան ներկայութեան մասին եւ նաեւ նշում են, որ եղել է նաեւ frontier:

Մինչեւ վերջերս ադրբեջանցիները պաշտօնական մակարդակով արգելում էին նշել, գրել, որ Նախիջեւանում եղել է ուրարտական տէրութեան ներկայութիւն: Նոյնիսկ Օղլան կալայից գտնւած սեպագիր արձանագրութեամբ մատնանշւած տիպիկ ուրարտական կարասի բեկորը համարում էին տեղական գրի դրսեւորում: Նրանք նոյնիսկ Նախիջեւանում աշխատող օտարերկրացի գիտնականներին էին փորձում ստիպել, որ իրենց աշխատանքներում նշեն, որ Նախիջեւանում ուրարտական ներկայութեան հետքեր չկան:

Դրա վառ ապացոյցներից մէկն է ամերիկացի նշանաւոր հնագէտ, Բրեդլի Փարքերի “Azeri Nationalism and the Silencing of the Past”-ը, որն իր զեկուցման տեքստն է, որտեղ յայտնի գիտնականը դրել է իր եւ ադրբեջանցիներից իրեն ուղղւած նամակի հաղորդագրութիւնը, որտեղ վերջինս Փարքերին փորձում է համոզել, որ Նախիջեւանի ամրոցներն ուրարտական չեն:

Սակայն, այժմ մէկ էլ տեսնում ենք, որ Նախիջեւանում վերագտել են Օձասարի արձանագրութիւնը: Հարց է առաջանում. եթէ նրանք շատ ուզենային, կարող էին աւելի վաղ գտնել այդ արձանագրութիւնը: Միւս հարցն է առաջանում, իսկ ինչո՞ւ են հէնց հիմա սկսել ներկայացնել այդ արձանագրութեան մասին, խօսել Նախիջեւանում ուրարտական ժառանգութեան մասին: Շատ հետաքրքիր է, որ Հայոց պատմութեան 7-րդ դասարանի սխալաշատ, խայտառակ դասագրքի Ուրարտուի խայտառակ քարտէզում, որն այդպէս էլ չփոխւեց, ներկայիս Հայաստանի Հանրապետութիւնը չկայ, Էրեբունին չկայ, այսինքն՝ Ուրարտուի քարտէզում ներկայիս Հայաստանի Հանրապետութիւնը ներառւած չէ: Բայց այ, Նախիջեւանը ներառւած է: Յիշեցնեմ, որ նոյն դասագրքի հայերի ծագմանը վերաբերող առաջին տեսութիւն է ներկայացւում, որ համաձայն բալկանեան վարկածի՝ հայերի նախնիները Բալկաններից գաղթած փռիւգիացի գաղութարարներ են: Ոչ մի խօսք Էրեբունի-Երեւան կապի մասին, Տիգրան Մեծի քարտէզում դա Ադրբեջանն է, եւ այդպէս շարունակ…

Ներկայումս ադրբեջանցիները սկսել են քարոզել, որ հայերն Ուրարտուի հետ որեւէ կապ չունեն: Իմ անձնական կարծիքով, այս հանգամանքները կարող են վկայել այն մասին, որ սկսւել է մի գործընթաց, ընդ որում, պլանաւորւած գործընթաց, երբ մեզնից փորձ են անում խլել Ուրարտուն: Ընդ որում, եթէ առաջ Ուրարտուին՝ Արարատի թագաւորութեանը յաւակնում էր Թուրքիան, հիմա յայտ է ներկայացնում նաեւ Ադրբեջանը:

168.am

Related Articles

Back to top button