Մշակութային

Օքսֆորդի բառարանը յայտնել է 2023 թւականի բառը

Օքսֆորդի անգլերէն բառարանը «rizz»-ն անւանել է 2023 թւականի բառ: Այս մասին տեղեկանում ենք Oxford University Press-ի տարածած հաղորդագրութիւնից։

Նախ լեզւաբանները կազմել են տարւայ տրամադրութիւնը եւ մտահոգութիւններն արտացոլող 8 բառերի ցուցակ։ 4 օր շարունակ հանրութիւնը քւէարկել է առաւել նախընտրելի տարբերակների օգտին։ Արդիւնքում ստացւել է 4 բառ, որոնցից յաղթող է ճանաչւել «rizz»-ը։

«Rizz» խօսակցական լեզւով նշանակում է «ոճ, հմայք կամ գրաւչութիւն»։ Այն «խարիզմա» բառի կրճատւած տարբերակն է եւ ակտիւօրէն օգտագործւում է անգլիախօս երիտասարդների կողմից սոցիալական ցանցերում։

«Rizz-ը սոցիալական ցանցերում տարածւած տերմին է: Այս փաստը վկայում է այն մասին, որ բառերը, որոնք շատ տարածւած են որոշ սոցիալական համայնքներում․․․ կարող են լայն տարածում գտնել․․․ Լեզւաբանական էւոլիւցիայի եւ տարածման պատմութիւնը, որը ժամանակին տարիներ էր տեւում, այժմ կարող է շաբաթներ կամ ամիսներ տեւել։ «Rizz» բառի օգտագործման կտրուկ աճն ապացուցում է, որ ինտերնետային մշակոյթից ծագած բառերն ու արտայայտութիւնները գնալով դառնում են առօրեայ խօսքի մասնիկը եւ կը շարունակեն ձեւաւորել լեզւական միտումներն ապագայում»,-ասել է Oxford Languages-ի նախագահ Կասպեր Գրաթւոլը։

Բացի «rizz»-ից, վերջնական ցուցակում ներառւած էր «Swiftie» բառը, որը վերաբերում է ամերիկացի փոփ երգչուհի Թէյլոր Սւիֆթի երկրպագուներին, «prompt»-ը, որը նշանակում է արհեստական ​​ինտելեկտի վրայ հիմնւած ծրագրին տրւած հրահանգ, որն ազդում է դրա ստեղծած բովանդակութեան վրայ, ինչպէս նաեւ «situationship» բառը՝ ռոմանտիկ յարաբերութիւններ, որոնք չեն համարւում ֆորմալ կամ հաստատւած։

Օքսֆորդի բառարանի 2022 թւականի տարւայ բառն էր «goblin mode»-ը (գոբլինի ռեժիմ), որը խօսակցական լեզւով վերաբերում է ծայրայեղ եսասիրական վարքին, որին յատուկ է ծուլութիւնը, եւ որը մերժում է սոցիալական նորմերը։

Related Articles

Back to top button