Արա Շահվերդեան. «Ահաբեկիչների գործողութիւնները չեն կարող խախտել Իրանի ժողովրդի վճռականութիւնը»
«ԱԼԻՔ» – Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը երէկ՝ յունւարի 7-ին Իսլամական խորհրդարանի նիստի ընթացքում ունեցած ելոյթի ժամանակ, նշել է. «Միջազգային կազմակերպութիւնների եւ հաստատութիւնների հետ փոխգործակցութիւնը, բացում է երկրի դռները տնտեսական աճի, մշակութային փոխանակման եւ տարբեր ոլորտներում առաջընթացի համար»:
«Խանէ Մելլաթ» լրատւական ցանցի համաձայն՝ պատգամաւորը իր ելոյթի սկզբում ողջունելով Իսլամական յեղափոխութեան առաջնորդին, իր խոնարհումը յայտնեց Իսլամական յեղափոխութեան բոլոր նահատակներին, ինչպէս նաեւ Քերմանի նահատակներին եւ դատապարտելով Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական արարքը, ընդգծեց. «Այս քստմնելի դէպքի ժամանակ կանանց, տղամարդկանց, մայրերի, հայրերի եւ երեխաների անարդար ձեւով նահատակութիւնը վկայում է յեղափոխութեան եւ մեր երկրի թշնամիների անզօրութիւնը ժողովրդի եւ համակարգի անխզելի կապը վտանգի ենթարկելու գործում։ Քանզի, թէեւ ահաբեկիչների նպատակը վախի, պառակտման եւ քաոսի սերմեր ցանելն էր մեր մէջ, սակայն նրանք սխալւեցին իրենց հաշւարկներում, քանի որ չկարողացան հասկանալ այն ուժը, ինչը մեզ միացնում է, որպէս ազգ»: Նա ընդգծեց, որ ահաբեկիչների գործողութիւնները չեն կարողացել խախտել Իրանի ժողովրդի կամքը:
Իր ելոյթի այլ բաժնում պատգամաւորը յայտնել է. «Այսօր հերթական անգամ ահաբեկչութեան պատուհասը հարւածել է մեր ժողովրդի սրտին, եւ այնպիսի մի աշխարհում, որտեղ մենք ականատես ենք Պաղեստինի անպաշտպան ժողովրդի դէմ սիոնիստական ռեժիմի բացայայտ եւ հակամարդկային յանցագործութիւնների, որտեղ թէ՛ մուսուլմանները եւ թէ՛ քրիստոնեաները զերծ չեն մնացել այս բռնազաւթիչ ռեժիմի նողկալի յանցագործութիւններից,խաղաղութեան ապահովման եւ մարդկային արժէքների պաշտպանութեան եւ ահաբեկիչների դէմ պայքարելու եւ դիմակայելու գործում աւելի քան երբեւէ զգացւում է այնպիսի անձնաւորութիւնների դերը, ինչպիսիք են՝ նահատակ Սոլէյմանին եւ նահատակ Ռազի Մուսաւին եւ ըստ Սուրբ Աւետարանի «Երանի նրանց, ովքեր ձգտում են խաղաղութիւն հաստատել մարդկանց մէջ, քանի որ նրանք Աստծոյ զաւակներ են կոչւելու» »։
Շահվերդեանն ասել է. «Ահաբեկիչներին եւ նրանց աջակիցներին, յատկապէս սիոնիստական ահաբեկչական ռեժիմին եւ ահաբեկչութեանը սատարող պետութիւններին ուղղւած մեր յստակ պատգամը հետեւեալն է, որ նրանք պատասխան են տալու այնքան, որքան այդ յանցագործութիւնները վերագրւի իրենց»:
Նա նշել է, որ այդ ահաւոր ակտից յետոյ, ականատես եղանք կառավարութեան արագ եւ արդիւնաւէտ արձագանգին, նախագահի ու պաշտօնեաների անձնական ներկայութեանը դէպքի վայրում եւ փրկւածներին օգնելու եւ հանրային անվտանգութիւնն ապահովելու համար ձեռնարկւած քայլերին, ինչն արժանի է շնորհակալութեան եւ գնահատանքի։ Խորհրդարանը, եւս որպէս ժողովրդի համերաշխութեան ձայն, արագ եւ արդիւնաւէտ միջոցներ է ձեռնարկել այս ահաբեկչութիւնը դատապարտելու համար։
Անդրադառնալով կառավարութեան ջանքերին՝ միջազգային կազմակերպութիւնների եւ միութիւնների հետ ակտիւ փոխգործակցութեան առումով, այդ թւում՝ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեանը, BRICS-ին եւ Եւրասիական տնտեսական միութեանը միանալուն, պատգամաւորը ասաց. «Այս հաստատութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների հետ համահունչ լինելը երկրի դռները բացում է տնտեսական աճի, մշակութային փոխանակման եւ տարբեր ոլորտներում առաջընթացի հսկայական հնարաւորութիւնների առջեւ»։
Նա արտաքին քաղաքականութեան հիմնաքարը համարեց կառավարութեան ակտիւ դիւանագիտութիւնը, յատկապէս՝ հարեւան երկրների հետ յարաբերութիւններում եւ յաւելեց. «Հարեւանների հետ ամուր եւ բարեկամական յարաբերութիւնների ստեղծումը խթանում է կայունութիւնը, մեծացնում է բիզնեսի հեռանկարները եւ ստեղծում աճի եւ փոխըմբռնման հնարաւորութիւններ: Մեր հաւատարմութիւնը ակտիւ դիւանագիտութեանը եւ հարեւանութեան ու տարածաշրջանային հարցերի առաջնահերթութեանը, եւ հաստատ համոզմունքը, որ տարածաշրջանային վէճերն ունեն տարածաշրջանային լուծումներ, արդիւնաւէտ են ոչ միայն երկկողմ եւ բազմակողմ յարաբերութիւնների ամրապնդման, այլեւ տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանման համար»:
Անդրադառնալով ընտրութիւնների եւ ժողովրդի մասնակցութեան նշանակութեանը, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանն ասաց. «Ընտրութիւնները Իսլամական Հանրապետութեան ժողովրդավարութեան հիմնաքարն է: Ընտրութիւնների միջոցով ժողովուրդը կարող է ընտրել մարդկանց, ովքեր երկիրը կը տանեն դէպի առաջընթաց, զարգացում եւ բարգաւաճում։ Այս առումով երիտասարդների մասնակցութիւնը ընտրութիւններին խրախուսելը, առանցքային նշանակութիւն ունի ազգային համերաշխութեան ձեւաւորման հարցում։ Ըստ Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդի, «Հանրապետութիւն» եւ «Իսլամական» բառերը երկուսն էլ կապւած են ընտրութիւնների հետ, եւ ժողովրդի խանդավառ մասնակցութիւնը ընտրութիւններին՝ վկայում է Իրանի ժողովրդի ազգային միասնութեան եւ ազգային ոգու մասին, որի դրսեւորումն ազգային հզօրութիւնն է»: