Իրաւանի. «Սիրիայում եւ Իրաքում, Իրանի հակաահաբեկչական գործողութիւնները իրականացւել են միջազգային պարտաւորութիւնները կատարելապէս յարգելով»
«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ում Իրանի դեսպան եւ մնայուն ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրաւանին, Սիրիայում եւ Իրաքում Իրանի հակաահաբեկչական գործողութիւնների մասին յայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետութեան հակաահաբեկչական գործողութիւններն իրականացւել են ահաբեկչական խմբաւորումների յենակէտերի ճշգրիտ թիրախաւորման եւ Իրանի միջազգային պարտաւորութիւնների, յատկապէս միջազգային մարդասիրական իրաւունքի լիարժէք կատարման համաձայն»:
ԻՌՆԱ-ի համաձայն՝ Ամիր Սաիդ Իրաւանին երեքշաբթի օրը, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշին եւ Անվտանգութեան խորհրդի հերթական նախագահ Ֆրանսիայի դեսպանին ուղղւած նամակում՝ յայտարարել է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որպէս ահաբեկչութեան հիմնական զոհերից մէկը, ինքնապաշտպանութեան ոլորտում իր բնածին իրաւունքի իրականացման ուղղութեամբ, իրականացրել է հակաահաբեկչական գործողութիւններ՝ ըստ միջազգային օրէնքների եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան։ Այս գործողութիւնը ներառում է թիրախային յարձակումներ՝ Սիրիայում եւ Իրաքում տեղակայւած ահաբեկչական խմբաւորումների բազաների եւ օբիեկտների վրայ»։
Սաիդ Իրաւանիի հաւաստմամբ. «Իրանի հակաահաբեկչական գործողութիւնն իրականացւել է ի պատասխան Քերմանում տեղի ունեցած վերջին ցաւալի ահաբեկչական յարձակումների, որոնք պատճառ դարձան 100-ից աւելի անմեղ քաղաքացիների, այդ թւում՝ երեխաների եւ կանանց նահատակութեան եւ բազմաթիւ վիրաւորների, եւ դրա պատասխանատւութիւնը ստանձնեցին ԴԱԷՇ-ի հետ առնչակից ահաբեկչական խմբաւորումներ: Քերմանում տեղի ունեցած նողկալի ահաբեկչական յարձակումները բարեբախտաբար միաձայնութեամբ եւ խստագոյնս դատապարտւեցին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամների կողմից»։