Անտոնիօ Գուտերեշը եւ Ամիր Աբդօլլահեանը քննարկել են Մերձաւոր Արեւելքի եւ Կարմիր ծովի իրավիճակը
«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի խօսնակի հաւաստմամբ, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը, Իրանի ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել է Մերձաւոր Արեւելքի եւ Կարմիր ծովի իրավիճակը:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Ստեֆան Դիւժարիքը յայտարարել է. «Կարմիր ծովում տիրող իրավիճակի վերաբերեալ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը մէկ անգամ եւս կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ լարւածութիւնից եւ ամբողջութեամբ կատարել Անվտանգութեան խորհրդի թիւ 2722 բանաձեւը։ ՄԱԿ-ի խօսնակը ասել է. «ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը նաեւ պահանջել է անյապաղ ազատ արձակել Գազայի բոլոր պատանդներին»։
Իրանի ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը շարունակելով իր դիւանագիտական կապերն ու խորհրդակցութիւնները, քննարկել եւ կարծիքներ է փոխանակել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշի հետ, Գազայում սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները դադարեցնելու անհրաժեշտութեան եւ Կարմիր ծովում վերջին զարգացումների վերաբերեալ։
Գազայի հատւածում քաղաքացիների սպանութեանը վերջ տալու անհրաժեշտութեան վերաբերեալ Գուտերեշի ջանքերն ու դիրքորոշումները գնահատելով՝ Ամիր Աբդօլլահեանը եւս մէկ անգամ ընդգծել է Գազայի դէմ սիոնիստական ռեժիմի յարձակումները դադարեցնելու անհրաժեշտութիւնը։ Նա մտահոգութիւն յայտնելով Գազայում հումանիտար իրավիճակի վերաբերեալ, յայտարարեց Պաղեստինի ժողովրդին մարդասիրական օգնութիւն առաքելու առումով Իրանի Իսլամական Հանրապետութեան պատրաստակամութեան մասին։
Անդրադառնալով Կարմիր ծովում տեղի ունեցած վերջին իրադարձութիւններին ՝ ԱԳ նախարարը մէկ անգամ եւս շեշտել է Իրանի Իսլամական Հանրապետութեան սկզբունքային դիրքորոշումը՝ նաւագնացութեան եւ ծովագնացութեան անվտանգութեան պահպանման հարցում եւ յստակեցրել է. «Օկուպացւած տարածքներ մեկնող նաւերը կանգնեցնելու Եմէնի նպատակն է՝ կասեցնել սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնն ու ցեղասպանութիւնը Գազայի քաղաքացիների դէմ»։
Ամիր Աբդօլլահեանը Եմէնի վրայ յարձակւելու հարցում ԱՄՆ-ի եւ Անգլիայի անօրինական գործողութիւնները համարել է ռազմավարական սխալ, որը կը յանգեցնի տարածաշրջանում լարւածութեան սրմանը։