Ո՞վ կը լինի յաջորդ Հռոմի Պապը

«ԱԼԻՔ» – Ֆրանցիսկոս Պապի յուղարկաւորութեան եւ թաղման արարողութեանը յաջորդելու է նոր պապի ընտրութիւնը:
Նոր պապին պէտք է ընտրեն Կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան պաշտօնեաները, որոնք յայտնի են որպէս Կարդինալների կոլեգիա: Նրանք նշանակւում են անմիջապէս պապի կողմից եւ սովորաբար ձեռնադրւում են եպիսկոպոսներ։ Աւելին, բոլոր կարդինալները տղամարդիկ են։
Նոր պապի օգտին կարող են քւէարկել միայն նրանք, ում 80 տարին դեռ չի լրացել՝ նրանք կոչւում են «պապաբիլի»։ Կոլեգիայում ներկայումս ընդգրկւած են 252 կաթոլիկ կարդինալներ, որոնցից 183-ը ձայնի իրաւունք ունեն։ Միւսները կարող են մասնակցել բանավէճին, թէ ով պէտք է դառնայ նոր պապը։
Տեսականօրէն ցանկացած մկրտւած կաթոլիկ տղամարդ կարող էր համարւել պապական աթոռի թեկնածու։
Գործնականում, սակայն, կարդինալները սովորաբար նախընտրում են ընտրել իրենցից մէկը:
Երբ 2013-ին արգենտինացի Պապ Ֆրանցիսկոսը ընտրւեց նախորդ կոնկլաւում, նա դարձաւ պատմութեան մէջ առաջին պոնտիֆիկոսը Հարաւային Ամերիկայից, տարածաշրջան, որը կազմում է աշխարհի կաթոլիկների մօտ 28%-ը:
Բայց ամէնից յաճախ կարդինալներն ընտրում են եւրոպացիներին, եւ յատկապէս իտալացիներին:
Մինչ օրս ընտրւած 266 պապերից 217-ը եղել են Իտալիայից։
Ինչպէս եւ սպասւում էր, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահից յետոյ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պաշտօնի համար մեկնարկել է պայքարը՝ կուլիսային քաղաքական մարաթոնը: Պապական գահի գլխաւոր յաւակնորդների թւում մի քանի ականաւոր դէմքեր կան։
Ֆաւորիտներից մէկը 59-ամեայ պատրիարք Պիերբատիստա Պիցաբալլան է Երուսաղէմից։ Ցանկում է նաեւ պահպանողական հայեացքների տէր եւ Դոնալդ Թրամփի կողմնակից գերմանացի կարդինալ Գերհարդ Լիւդւիգ Միւլէրը։ Երբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չերկարաձգեց Միւլէրի մանդատը Վատիկանում, նրան սկսեցին «աութսայդեր» անւանել եւ նա դարձաւ Պապի քննադատներից մէկը։
Լուրջ աջակցութիւն է վայելում նաեւ 2013 թւականից Վատիկանում աշխատող, Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրօ Պարոլինը։ Սակայն վերջինս աւելի շուտ «չինովնիկի», քան խարիզմատիկ առաջնորդի համարում ունի։
Որոշակի շանսեր ունեն նաեւ Աֆրիկայից եւ Ասիայից եպիսկոպոսները, մասնաւորապէս՝ Կանայի եւ Ֆիլիպինների Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները: