Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Արարատ Միրզոյեանը ստում է․ գործող վարչախմբի նպատակը երբեք հայանպաստ ձեւակերպումներ ապահովելը չի եղել»

Չորս պատգամաւորների համատեղ յայտարարութիւնը

«ԱԼԻՔ»- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի վերջին յայտարարութիւնների վերաբերեալ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Աննա Գրիգորեանը, Արթուր Խաչատրեանը, Գեղամ Մանուկեանն ու Քրիստինէ Վարդանեանը յայտարարութեամբ են հանդէս եկել, որում մասնաւորապէս նշւած է.

«Ս. թ. օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերութեան կողմից հեռարձակւած հարցազրոյցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը յայտարարեց, թէ, իբր, Ադրբեջանի հետ քննարկւող պայմանագրի նախագծում երբեւէ չի դրւել կոնկրետ քարտէզ ամրագրելու հարցը։ Նա նոյնիսկ հեգնանքով հարցնում է՝ «ի՞նչպէս պէտք է խաղաղութեան համաձայնագրում քարտէզ լինէր»։

Պաշտօնապէս յայտարարում ենք․ Արարատ Միրզոյեանը ստում է։

Նախաստորագրւած փաստաթղթի համաձայնեցման գործընթացում հայկական կողմը ներկայացնողների առաջարկներում սահմանազատման եւ սահմանագծման հիմք էր առաջարկւում ընդունել 1974-1979 թւականների խորհրդային ԳՇ քարտէզները։ Ադրբեջանական կողմն առաջարկում էր ընդհանրական ձեւակերպում` առանց յստակ թւականների քարտէզների ամրագրման:

Ինչպէս երեւում է նախաստորագրւած փաստաթղթի հրապարակւած տեքստից՝ Հայաստանը զիջել է նաեւ այս կէտում՝ ընդունելով Ադրբեջանի հերթական պահանջը:

Սա նշանակում է՝ ՀՀ սահմանի յստակ ուրւագիծ փաստաթղթով չի ամրագրւել։ Այս փաստը եւս մէկ անգամ ցոյց է տալիս.

– բանակցութիւններն ընթանում են Ադրբեջանի պահանջների ամբողջական բաւարարման տրամաբանութեամբ,

– Հայաստանի ներկայացուցիչները չեն արձանագրել որեւէ ձեռքբերում, որը կը պաշտպանէր մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը։

Այս յայտարարութիւնը հերքելու միակ տարբերակը բանակցւած բոլոր փաթեթների ամբողջական հրապարակումն է։ Այդ դէպքում կը բացայայտւի ներկայիս բանակցային «խմբի» ամբողջական թշւառութիւնը։

Գործող վարչախմբի նպատակը երբեք հայանպաստ ձեւակերպումներ ապահովելը չի եղել։ Նրանց միակ նպատակը Ադրբեջանի պահանջների լեգիտիմացումն է եւ ժողովրդի աչքին այլընտրանքի բացակայութեան պատրանք ստեղծելը։

Սա է իշխանութեան էութիւնը՝ ստել, մոլորեցնել եւ հիմնաւորել Ադրբեջանի պահանջները»։

Related Articles

Back to top button