Արթուր Խաչատրեան. «Կայ ռիսկ, որ Հայաստանի տարածքը 99 տարով կը յանձնւի երրորդ կողմին»

«ԱԼԻՔ» – «Եթէ դու մի անկողնուց դուրս ես գալիս, քեզ գցում ես ուրիշ անկողին, յետոյ երրորդ անկողին, յետոյ չորրորդ անկողին, վերջին հանգրւանը պարզ է, չէ՞, որտեղ է լինում»։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում յայտարարել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ պատասխանելով հարցին՝ հնարաւո՞ր է լաւ յարաբերութիւններ ունենալ աշխարհի բոլոր երկրների հետ, քանի որ հիմա էլ Պակիստանի հետ յարաբերութիւններ սկսելու մեկնարկ է տրւել, կարծես:
«Բազմաթիւ օրինակներ կան համաշխարհային պատմութիւնից, երբ դու փորձել ես միաժամանակ նստել 12 աթոռի վրայ, յետոյ այդ 12 աթոռները միաժամանակ այն կողմ են գնացել, եւ դու յայտնւել ես գետնին: Պէտք է սկզբունքային լինել: Մենք յայտնւել ենք մի վիճակում, որ իրօք չունենք որեւէ բարեկամ պետութիւն, որը պատրաստ լինի եւ ասի՝ ձեր կողքը կանգնած ենք: Սա այս ոչ սկզբունքային քաղաքականութեան ուղղակի հետեւանքն է»,- ասել է նա:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ից հնարաւոր դուրս գալուն՝ նա ասել է, որ իշխանութիւնները փորձում են եւրոպացիներին ցոյց տալ, որ երկրի ընթացքը դէպի Եւրամիութիւն «անկասելի է»: Սակայն, պատգամաւորի խօսքով՝ «ծիծաղաշատ օրէնք» ընդունելուց յետոյ ոչ մի իրական քայլ չի արւել այդ ուղղութեամբ։
Խաչատրեանը նաեւ մտահոգութիւն է յայտնել ենթակառուցւածքային ծրագրերի հնարաւոր վտանգների շուրջ։ Նա նշել է, որ հրապարակւած փաստաթղթերում բաց է թողնւած մի շարք հարցեր, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը կարող է երրորդ կողմին երկարաժամկէտ վարձակալութեան յանձնւել:
«Ես ողջամիտ կասկած եւ մտահոգութիւն ունեմ, որ ենթակառուցւածքները կառուցելուց յետոյ 99 տարով Հայաստանի ինքնիշխան տարածքը երրորդ կողմին վարձակալութեան յանձնելու հարցը կրկին կը դառնայ օրակարգային։ Սա կարող է լուրջ անվտանգային եւ տարածաշրջանային ապակայունացման ռիսկեր առաջացնել»,- ասել է նա։