Քաղաքական

Երկար ամիսներէ չեմ գրում

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

 

Երկար ամիսներէ չեմ գրում:

Իմ իմացած շատ թէ քիչ լեզուներից որեւէ մէկով չեմ կարողանում արտայայտել իմ ցասումն ու ալեկոծումները՝ մեր երկրում եւ աշխարհում կատարւող իրադարձութիւնների հանդէպ: Չեմ կարողանում յատկապէս հաշտւել այն հաշտւողականութեան հետ, որը շարունակում է որդեգրել մեր ժողովուրդը՝ կործանում տանող իր ապագայի հանդէպ, որը թւում է հնացած արտայայտութիւն արդէն:

Չեմ կարողանում ընդունել նաեւ աշխարհի ժողովուրդների նոյն համակերպւածութիւնը Միջին Արեւելքում կատարւող բացայայտ ցեղասպանութեան, հրահրւող պատերազմների հանդէպ:

Ակնյայտ է, որ ներկայ իրականութեան մէջ բառերը այլեւս կորցրել են իրենց իմաստն ու ազդեցութիւնը, իրենց խորհուրդն ու ասելիքը եւ բառերով արտայայտւողներիս ստիպել են պապանձել:

Խաբէութեան, տիրելու, յօշոտելու, անբարոյ ուժի, բռնութեան տիրող իրավիճակը ծնկի է բերել աշխարհին:

Մարդկութեան ուղեղը զրկել է ինքնուրոյն մտածելու կարողութիւնից, ականջները զմռսել՝ իրականութիւնն արտայայտող խօսքի հանդէպ: Ժողովուրդները, զրկւած բոլոր իրաւունքներից, պարզապէս դարձել են ամենօրեայ ստով սնւող ընտրապայքարի խաղալիք, միայն թիւ:

Ճշմարտութիւնը վարկաբեկւած՝ նետւած է մի կողմ, ամօթից չգիտի՝ ո՛ւր թաքնւի, համբարձւել է, եւ գիտակից մարդիկ նրա գալստեանն են սպասում՝ հաստատելու իրենց բացայայտած իրականութիւնը:

Բնականաբար այս իրավիճակում հնարաւոր չէ որեւէ լեզւով գրել, խօսելը, որեւէ լեզւով արտայայտւելը:

Վստահ եմ՝ ինձ պէս շատերն էլ իրենք իրենց մէջ պարփակւած, աշխարհի տարբեր ծայրերում լուռ կեղեքւելով, չկարողանալով իրենց խօսքը տեղ հասցնել, օրէ օր մաշւում, ոչնչանում, լռում են:

Աշխարհում տիրող իրավիճակը՝ մահ, աւեր, ամենուրեք փլատակներ, վիրաւոր, արիւնլւայ երեխաներ, կանայք, ծերեր, անտուն, անօթեւան, իրենց քաղաքների փլատակների, քար ու աղբակոյտի մէջ իրենց գոյութիւնը քարշ տւող միլիոնաւոր մարդիկ սպասում են դեռ՝ փրկութեան յոյսը դրած մեծ տէրութիւնների ողորմածութեանը, այդ նոյն տէրութիւնների, որոնց «ժողովրդավար-մարդասիրական» քաղաքականութեան զոհերն են իրենք:

Զոհեր, որոնք, կոտորւելով հանդերձ, չեն լքում իրենց հողը, բաց երկնքի տակ կառչած՝ մնում են այդ մի կտոր հողին, որը շարունակաբար մահ ու աւեր է բերում իրենց:

Չեն յանձնւում, որքան էլ հզօրները տարբեր որակաւորումներով վարկաբեկում, մեկուսացնում, պատժում, ոչնչացնում են իրենց, քաջ գիտենալով, որ իրենց հեռացումով մէկընդմիշտ կորցնելու են իրենց հայրենիքը, սերունդներին պատկանող իրենց հնադարեան Պաղեստինը:

Ու ես ակամայ համեմատում եմ մեր երկրում՝ Արցախի մեր տարածքների յանձնման, արագ, լուռ ու մունջ, հապճեպ դատարկման, անձայն կատարւածի հաշտւողականութեան հետ:

Սակայն ի՞նչ համեմատութիւն կարող է լինել քո երկրի ծախւած ղեկավարի, դեռ նրան պաշտող, անձայն իր հողը լքած ժողովրդի եւ իր արիւնը իր հողին միախառնող, բայց չզիջող ժողովրդի միջեւ:

Որքան էլ հզօրների քաղաքականութիւնը չի հանդուրժում իրաւունքի պաշտպանութիւն, նա միայն ընդունում է համակերպում, ստրկութիւն, միեւնոյն է այս պահին 50-ից աւել երկրներ պատերազմի մէջ են, չեն զիջում իրենց հողը, չեն ուզում շարունակել իրենց ստրկութիւնը, մերժում են նորօրեայ քողարկւած գաղութատիրութիւնը:

Սակայն հզօրների տիրելու, աւերելու, ցանկացած առիթով յօրինւած ստով պատերազմներ սկսելու, տարածքներ առ ու ծախի ենթարկելու քաղաքականութիւնը շարունակում է պարտադրւել աշխարհին եւ արեան մէջ խեղդւած աշխարհն այլեւս անտարբեր է բացայայտ գործւող ցեղասպանութիւնների հանդէպ:

Ցեղասպանութիւններ, որին բոլոր ժամանակներում էլ սպասարկել ու սպասարկում են հզօր պետութիւնները:

Բազմիցս անդրադարձել եմ ՄԱԿ-ի, մարդկութեան իրաւունքները պաշտպանելու միտումով ստեղծւած այս կազմակերպութեան եւ Ցեղասպանութիւնները կանխելու, ցեղասպաններին դատելու, համանման հաստատութիւնների, ոչնչացւող ժողովրդների իրաւունքների հանդէպ ցուցաբերած անտարբերութեան, աչք փակող քաղաքականութեան: Քաղաքականութիւն, որը քողարկւում է ձեւական նիստերում լսւող հարցերի անհետեւանք որոշումներով:

Դրանք պարզապէս դարձել են ոչնչացւողների յոյսերի օրօրողը:

Աշխարհում տիրող համատարած սպանդով, ժողովուրդների անվերջանալի տեղահանութեամբ, երկրների աւերումով (վկան՝ Արցախ, Ուկրանիա, Պաղեստին, Բէյրութ, Եմէն, Սուդան, Իրաք, Սիրիա եւ այլոնք), հզօրները շարունակում են տիրել մարդկութեան լինելիութեան, իրենց հողերում ապրելու, այն պաշտպանելու իրաւունքների վրայ, այդ իրաւունքները պաշտպանող ղեկավարներին, կազմակերպութիւնները, առանց աչք թարթելու, ոչնչացնելով, ամէն ինչ ծառայեցնել ի նպաստ իրենց հզօրացմանը:

Ժողովուրդների տեղահանութեամբ նրանց զրկել իրենց տեղայնութիւնից, արմատներով կառչելու հնարաւորութիւնից քաղաքականութիւնը դարձել է հզօրների գործելակերպի առանցքը:

Իւրաքանչիւր օր ականատես ենք Իսրայէլի սանձարձակ ազգասպան քաղաքականութեանը, որն իր թիկունքում ունենալով Միացեալ Նահանգների պաշտպանութիւնը՝ թէ՛ զէնքով, թէ՛ զօրքով (այս պահին յայտարարւող թւերով 4 հազար յատուկ ծառայութեան զինւորներ են առաքւած), իր ստերը հաստատող լրատւութեամբ, իր սահմանները փորձում է ընդլայնւել Գազայից դուրս մինչեւ Լիբանան:
Տիրելու, տարածւելու այս քաղաքականութեան մէջ, մեր տարածքները, մեր լինելիութեան իրաւունքը ինքնակամօրէն յանձնել ենք ողորմելի մի խեղկատակի, որի հոգը չէ տարածքների կորուստ, ժողովրդի տեղահանում, նրա միակ օրակարգը Արեւմուտքի պահանջներին գոհացում տալով՝ վարչապետի երանելի աթոռին կառչած մնալն է:

Իսկ Արեւմուտքի միակ օրակարգը մեր լինելիութիւնը չէ, այլ մեր վրայով քայլելով՝ Ռուսաստանին ոչնչացնելու վաղեմի իր երազանքն իրականացնելն է, եւ մենք ինքնակամօրէն, ուրախութեամբ մասնակցեցինք ու շարունակում ենք հետեւել նրա այդ ծրագրին՝ ոչնչացնելով ինքներս մեզ:

Աշխարհը ականատես է, թէ ի՛նչ ոգեւորութեամբ է Արեւմուտքը, Եւրոպային իր ստրուկը դարձրած, միասնաբար կործանում Ուկրաինան:

Միլիոնաւոր տեղահանւած մարդիկ, մահ ու աւեր, փոշու կոյտ դարձած հրաշալի քաղաքներ, գործարաններ, պատերազմը թէժ պահելու համար միլիարդներ կուլ տւող, հզօրների կամքին խաղալիք, աճպարար Զելենսկի, որը իր երկիրը կործանում է յանուն հզօրների շահերի, յանուն Ռուսաստանի ոչնչացման:

Հզօրներ, որոնց արժէքների փլուզումը օրէ օր խորանում, ակնյայտ է դառնում, որոնք այլ երկրներ հիմնովին քանդելու համար միլիարդներ են տրամադրում, իսկ իրենց երկրում դպրոցներ են փակում՝ նիւթապէս չկարողանալով հոգալ նրանց ծախսերը: Մի երկիր, որը վերջին 30 տարում իր շահերի համար անհոգաբար քարուքանդ է արել 251 երկիր: Մի երկիր, ուր ղեկավար են ընտրում իրար ստորացնելով, 375 միլիոնից աւել ժողովրդի մէջ չգտնելով իրապէս գիտակից, մեծ մտահորիզոնով մի թեկնածու:

Իսկ մենք շարունակում ենք կուրօրէն դառնալ այս երկրի շահերի զոհը: Մեր շահերը ոտնատակ տալով թշնամանալ հզօր Ռուսաստանի հետ, քաղաքականութիւնից զուրկ, այլոց ձեռքին խաղալիք երկրի իշխանութեան ազգակործան բոլոր որոշումները լռութեամբ ընդունել:

Վերջերս տեղի ունեցող քաղաքական փոթորկումները՝ աշխարհի օգնութիւնն ու աջակցութիւնը ունենալով Ուկրաինիոյ անկարողութիւնը, Եւրոպայի տնտեսական եւ քաղաքական քայքայւող վիճակը, Ռուսաստանի հզօրացման հաստատումը, Իսրայէլի ուժի պարտադրումը աշխարհին, Թուրքիոյ հզօրացումը, ԱՄՆ-ի ազդեցութիւնների ոլորտի նւազումը՝ այս ամէնն անշուշտ շուտով փոխելու են աշխարհի քաղաքական յարաբերութիւնները:

Այս իրականութեան մէջ ո՞ւր ենք տեղաւորւում մենք:

Մենք դեռ սահմանային հարցեր ունենք, այս վարձու իշխանութեանը պարտադրւած, ինչպէ՞ս ենք լուծելու դրանք մեր ընդունած այս լուռ համակերպութեան մէջ, ինչպէ՞ս ենք դուրս գալու այս ինքնակործանումից, ո՞ր փորձառութեան վրայ յենւելով:

Չէ՞ որ այն, ինչ կատարւեց եւ դեռ շարունակում է կատարւել մեր երկրում, ոչ մի երկրում չի կատարւել, ոչ մի ժողովուրդ խոնարհօրէն ու պատրաստակամ չի ընդունել իր երկրի ինքնակամ յանձնումը, իր կործանումը, որ կարողանանք օրինակ վերցնել նրանցից, հետեւենք նրանց օրինակին, կարողանանք ինչ-որ չափով ազատագրւել մեր նւաստացումից, ինչ-որ չափով փրկութեան յոյս փայփայենք:

Որտե՞ղ, ո՞ւր գտնենք մեր ներկայ վիճակի արդարացումները, ինչպէ՞ս դուրս գանք մեզ կուլ տւող այս ամեհի վիհից:

Մեր ժողովուրդը այնքան բնական է ընդունում իր նոր ապաստարանը այդ վիհում, մոռացել է անգամ, որ ինքը Նիկոլից շատ առաջ վիհից դուրս երկիր է ստեղծել, ուր ապրել, ստեղծագործել ու երկիրը ներկայացրել են մեծագոյն նւիրեալները, ովքեր իրենց հետ միասին ապրել, շնչել են այդ երկրում, ընդվզել, իրենց կեանքն են նւիրաբերել երկրին:

Որքան էլ կրկնութիւն հնչի, միեւնոյն է, յիշեցնելու եմ, ինչպէ՞ս յանկարծ մի թշւառ խեղկատակի յայտնութեամբ մի ողջ ժողովուրդ իրենց ուղեղներից ի սպառ ջնջեցին իրենց իսկ ապրած ոչ հեռաւոր անցեալը: Անցեալ, որը լեցուն է ե՛ւ զոհողութիւններով, ե՛ւ հերոսութիւններով, ե՛ւ պարտութիւններով, ե՛ւ հիասթափութիւններով, ե՛ւ մեծագոյն յաղթանակներով:

Մեր ժողովուրդը ինչպէ՞ս կարողացաւ յաղթողի իր պատմուճանը փոխարինել դաւաճան ներկայ ղեկավարի ցնցոտիներով:

Ստեղծագործ իր միտքը ինչպէ՞ս յայտնւեց այս ցնցոտու ոտնատակում՝ հանդուրժելով մինչեւ իսկ իր ծննդեան վկայականի, իր դարաւոր պատմութեան, իր լեզւի, գիր ու գրականութեան աղաւաղումին, ջնջումին:

Յոյսերը դրած ամերիկեան տոլարներին, մի ողջ ժողովուրդ միմիայն առատ կերուխումով տարւած, ինչպէ՞ս է աչք փակում իր երկրի բացայայտ ոչնչացմանը, շարունակում այս խեղկատակի պաշտամունքը, նոյնիսկ փորձում՝ այլոց մեղադրելով այս տխեղծ կուռքին արդարացնել:

Այո՛, զարհուրելի է, երբ ժողովուրդը կորցնում է իր ուղին, երբ ժողովրդին սնում են ամենօրեայ ստով, զրպարտութիւններով, սպառնալիքով, ուղեղը ստամոքսով փոխարինելով:

Յիշեցնեմ յիշողութիւնը կորցրած մեր ժողովրդին, որ մեր երկիրը մէկ անգամ անցել է այդ փորձութիւնից 1920 թ. կուրօրէն պոլշեւիկներին հաւատալով, տապալել է իր իսկ ստեղծածը, երկիրը պահպանել փորձողներին, ինչպէս այսօր, ազգի թշնամի համարել, բանտարկել, սպաննել, արտաքսել, լռեցրել:

Թւում էր սովետի փլուզումից յետոյ, մեր երկրորդ փառահեղ, ժողովրդի կամքով, նրա ուժով անկախացումից յետոյ մենք այլեւս ե՛ւ մարդկային, ե՛ւ մտային, ե՛ւ հոգեբանօրէն մեր ապրած կորուստների դժւարին ճանապարհի փորձութիւնը մեզ համար մաշկ դարձրած պիտի ապրէինք՝ չվստահելով ոեւէ տիրակալի ամենաշլացուցիչ խոստումներին, շարունակելու էինք ամրացնել մեր երկիրը, տարածւել, մինչեւ անգամ մեզնից խլւածները ետ բերել:

Այո՛, թւում էր… Մեզ միշտ թւացել է եւ դեռ շարունակում է թւալ, որ Արցախը նախկիններն են յանձնել, որ՝ ինքնակամ յանձնած մեր տարածքները ետ ենք վերցնելու, որ՝ մեր սահմանները յաւելեալ անգամ ճշտելու ենք «վերագտնւած» քարտէզներով, որ՝ դաւաճաններին պատասխանատւութեան ենք ենթարկելու:

Թող թւայ, ի՞նչ կայ որ, թւալը հո երկիր պահպանելու դժւարին գործ չէ: Եթէ չենք պահպանում երկիրը, թւալ-ով կապրե՛նք, կը շարունակենք Երեւանը ծանրաբեռնել, անճանաչելի դարձնել նորաձեւ սրճարաններով, ճաշարաններով, հպարտանալով, որ վաճառւող երկիրը առաջադիմում է, ուր գինու ազդեցութեան տակ, տրաքւող ստամոքսներով կը յիշենք մեր կորուստները, կերգենք մեր կորուստները՝ «մխիթարւելով» երգերով:

Իսկ այն վայրերում, ուր ճաշարաններ եւ սրճարաններ չկան, ուր երկինք խոյացող լեռների կատարին յաւիտենական ձիւն է, որպէս անպէտքութիւն՝ կը յանձնենք թշնամուն ու նախկիններին կրկին կը մեղադրենք, որ ոչինչ չեն արել երկրի համար, կերել, թալանել են երկիրը, մատնանշելով, թէ թշնամին ինչպէ՛ս է ծաղկեցնում ձրիօրէն իրեն յանձնւածը, ի՛նչ արագութեամբ Ստեփանակերտում ծածանում իր դրօշն ու զինանշանը, հաստատում իր իշխանութիւնը:

Այսպէս թւալով, աւելի շատ թշնամու առաջադիմութիւնը մատնանշելով՝ շարունակում ենք մեր անտարբեր, նւաստացուցիչ երթը՝ անգամ ի սպառ մոռացութեան մատնած մեր դէմ կատարւած առաջին Ցեղասպանութիւնը:

Մինչդեռ աշխարհին թւում է, որ հրեաները՝ որպէս ցեղասպանութիւն ապրած ազգ, իրաւունք ունեն իրենք իրենց պաշտպանելու համար ոչնչացնել ոչ միայն պաղեստինցիներին, այլ՝ բոլոր նրանց, որոնցից իրենց վտանգ է սպառնում: Իրաւունք ունեն՝ ռմբակոծել հարեւան սահմանակից երկիրն անգամ, հիւանդանոցներն ու դպրոցները, մանկապարտէզներն ու ապաստարանները, այն բոլոր վայրերը, որին ուզում է տիրանալ, մէկ սեղմումով ոչնչացնել հազարաւոր անմեղների եւ արդարանալ, որ իր երկրի գոյութեանը վտանգ սպառնացողներին է ոչնչացնում, որ՝ աշխարհը փրկում է ահաբեկիչների վտանգից:

Տեսնո՞ւմ էք, «թւալը» տարբեր ժողովուրդներ տարբեր ձեւով են օգտագործում, մէկի համար՝ ինքնապաշտպանութիւն է, միւսի համար՝ կոտորւելով չզիջել, իսկ մեզ համար՝ միշտ վերացական յաղթանակի յոյս, միշտ դրսից սպասւող փրկութիւն, երգ դարձած երազանք:

Մեր պայմանաւորւած պատերազմը միայն 44 օր տեւեց՝ լռութեամբ յանձնելով մի հսկայական դարաւոր տարածք, պատրաստի տներով ու այգիներով, 5 հազար կորուստներով եւ յանձնւած գերիներով, իսկ պաղեստինցիները արդէն մէկ տարի է կոտորւելով, ռմբակոծւող մի փողոցից միւսում ապաստանելով, անօթի-անօթեւան շարունակում են կառչած մնալ, չզիջել իրենց այդքան չարիքներ բերող հողը:

Եւ մենք մեզ հայրենասէր ենք հռչակում: Մենք նոյնիսկ 44 օր չսգացինք Եռաբլուրում հանգչող մեր հերոսներին, մի քար անգամ չնետեցինք հայրենի տարածքը իր գրպանի մանրադրամի պէս բաժանող վարչապետ յորջորջւող ցնցոտու վրայ:

Մինչեւ ե՞րբ այսպէս «թւալով», հանդէսներում ու հաւաքոյթներում մեր հայրենասիրութիւնը բորբոքելով թւացեալ երկիր ենք պահպանելու, թւացեալ հողի պաշտամունք սերմանելու, մեր աղաւաղւած պատմութիւնը, նոյնքան աղաւաղւած, օրէ օր խամրող լեզուն ենք իբր թէ կենդանի պահելու, մեր հալչող-կորչող ազգային կուսակցութիւնը, մեր անհետացող դիմագիծն ենք պահպանելու:

Հեռաւոր յոյսով ուզում եմ հաւատալ, որ իմ սերունդի այսօրւայ իրենց վիճակին համակերպւած հայաստանցիների յիշողութիւնից դեռ ի սպառ չի ջնջւել դժւարին ապրած, բայց իմաստաւորւած անցեալը, ուր մեր կեղեքումները յագեցւած էին գաղտնի, նոր թեւածող հայրենասիրութեամբ, ուր որքան էլ ծանր էին կարգերը, ուր որքան էլ արգելք էր դրւած մեր ուղեղներին ու լեզւին, այնուամենայնիւ կարողացանք սթափւել՝ ազգի տաղանդներին ականջալուր, որոնց ջանքերով արթնացան՝ 70 տարիներ արմատախիլ արւած հայրենասիրութիւնը, երկրասիրութիւնը, ազգի հերոսների թաքուն պաշտամունքը: Ուր աւելի յոյսն ու երազանքն էր թեւածում, քան՝ այսօրւայ մեզ կործանող ցաւոտ ապագան:

Յուսամ՝ իրենց կերակրող այս ինքնամոռաց առօրեայում կանդրադառնան, որ Նիկոլով չի սկսւել այն ամէնը, ինչ այսօր ունեն, ինչ այդ փոքրիկ հողի վրայ ստեղծւել է, որն անփութօրէն մսխում են իրենք:

Որ Նիկոլով չեն սկսել՝ հայ ժողովրդի պատմութիւնը, աշխարհագրութիւնը, լեզուն, գիրն ու գրականութիւնը:

Կանդրադառնա՛ն ոչ միայն հսկայական մարդկային կորուստներին, որոնք իրենց կեանքը նւիրաբերեցին պահպանելու երկիրը, այլ՝ սակաւաթիւ այն շինութիւնների անփոյթ կորստին, որոնք պատմութեան հատւածներ էին, որոնց ներկայութեան մէջ ներդրւած էին ապրւած կեանքի բազմագոյն շերտեր, որոնք մեր մասնիկն էին դարձել, ուր պահպանւում էին մեր մեծութիւնների շունչն ու ոգին, եւ որոնք անողոքաբար ոչնչացւեցին, նոյնիսկ յանուն քաղաքի պատմութեան եւ սերունդների յիշողութեան չպահպանւեցին:

Կանդրադառնա՛ն, որ կորուստներով երկիր չեն պահպանում, պատմութիւն չեն կերտում, որ՝ երկրի պատմութիւնը միայն թանգարանում չէ, որ պահւում է, այլ՝ մարդկանց էութեան մէջ, նրանց աչքերում, հոգում, նրանց ապրած օրերում, նրանց յիշողութեան ծալքերում, նրանց իմաստաւորւած օրերում, նրանց սերունդներում:

Որ՝ հայրենիքը միայն պարապ հողատարածք չէ, ինչպէս արտերկրի հայութիւնն է արդարացնում իր համակերպւածութիւնը, աւելի ճիշդ՝ այդ յայտարարութեամբ թաքցնում իր նիկոլապաշտութիւնը, լռութիւնը, յայտարարելով. «Ի՞նչ ընենք, մեր հայրենիքն է», այսինքն այն աւերը, որ կատարում է ներկայ իշխանութիւնը, կարեւոր չէ:

Ո՛չ, սիրելինե՛ր, հայրենիքը անկախ գոյակ չէ, այն ամէնն է, ինչ ամէն վայրկեան ապրում, շնչում, արարւում, գործում, պահպանւում է այնտեղ: Որ ապրում, սերունդ է աճեցնում այնտեղ, որ ոչ թէ հաշտւելով զիջում, այլ ատամներով պահպանում է իրեն յանձնւածը:

Յիշեցնեմ այսօրւան Նիկոլի հայրենիքը պաշտպանողներին, որ մեզ համար միայն հողատարածք, իր ժողովրդից զրկւած ՀԱՅՐԵՆԻՔ արդէն ունենք, որը մեր թշնամին է ազատօրէն վայելում, Արցախն էլ աւելացրինք, եւ շատ լաւ գիտենք չունենալու, կորցնելու, միայն գիտակցութեամբ յիշելու ցաւը, որն ամէնօրեայ կսկիծ է, չամոքւող ցաւ, թւացեալ յոյս ու անփարատելի կարօտ:

Մեր անտարբերութեամբ չաւելացնենք նորը, այլ անդրադառնանք, որ միայն համերգասրահներն ու թանգարանները աշխուժացնելով, երկիրդ այցելելով՝ չես ամրապնդում այն: Թշնամուն նւիրաբերած հողերդ ետ չես վերցնում, կորուստներդ չես նւազեցնում, սահմաններդ չես տարածում, այլ ընդամէնը ժողովրդի միտքը շեղում ես այն ծայրագոյն աւերներից, որը գործում ես, որոնք քայքայում, ոչնչացնում են երկիրը, ժողովրդին դարձնում անտարբեր՝ թէ՛ ներկայի, թէ՛ ապագայի, թէ՛ մեծագոյն կորուստների, եւ թէ՛ հայրենիք պահելու պատասխանատւութեան հանդէպ:

Երկրի պետհամալսարանն են «տեղափոխում», երկրի անձնագիրը, մեր առաջին անկախութեան տարում, երկրի թշւառագոյն վիճակում, մեր հեռատես անկրկնելի հայրենասէր մեծութիւնների կողմից, մեծ զոհողութիւններով ստեղծւած այս հաստատութիւնը, որը նոյնիսկ համայնավարները յարգանքով պահպանեցին:

Իսկ այսօրւայ երկրաքանդ իշխանութիւնը քաղաքի սրտի այդ տարածքը շահութաբեր նկատելով՝ տեղահանում է, ո՛չ, ջնջում է մեր պատմութեան վերելքի այդ յիշարժան մասունքը, որ հետք չմնայ անցեալից, որ՝ յիշողութեան կապ չլինի Ա. Հանրապետութեան հետ, որի աթոռը խարդախօրէն բռնագրաւել, նստել են իրենք, մի խումբ անհայրենիք թշւառականներ, եւ մի ողջ ժողովուրդ գլխիկոր ենթարկւում է նրանց աւերներին:

Կարո՞ղ է արդեօք Փարիզում Սորբոնի համալսարանը փորձէին տեղափոխել մէկ այլ աւելի տարածուն շրջան, քանզի քաղաքի կենտրոնը հսկայական շահաւէտ տեղ է ինչ-որ մէկի համար, եւ ձեր պաշտած ֆրանսիացիները անտարբեր ընդունէին: Անտարբեր մնային մտաւորականները:

Ես վերապահում ունեմ, ինձ հարազատ հայրենասէր մտաւորականների՝ իմ սերունդի հանդէպ՝ յատկապէս, որոնք մեր երկրի ոչնչացման ճակատագրական այս վերջին տարիներին նախընտրեցին լռութիւնը եւ շարունակում են լռել: Կտրականապէս չընդունելով նրանց բոլոր տեսակի արդարացումները՝ մինչ օրս ինձ համար ցաւալիօրէն դատապարտելի է մնում իրենց դիրքը:

Դատապարտելի է, որ իրենք ժողովրդին առաջնորդող շարժիչ ուժ չդարձան այս ահաւոր ճգնաժամային տարիներին եւ թոյլ տւեցին, որ մի խումբ թափթփուկներ երկիրը առուծախի ենթարկեն, ժողովրդին տեղահանեն, պատմութիւնը, լեզուն, աղաւաղեն, հայրենիքը ոչնչացնեն:

Մտաւորականները ինչպէ՞ս լռեցին, երբ երկրի Անկախութեան հռչակագիրն են փոփութեան ենթարկում: Հասարակ ժողովուրդը չգիտի, սակայն մտաւորականութիւնը գիտի, թէ ի՛նչ արժէք է ներկայացնում մեր ծննդեան, գոյութեան եւ յաւէտ լինելիութեան այդ անձեռնմխելի վկայագիրը:

Ինչպէ՞ս են լռում, երբ թշնամու պահանջով սահմանադրութիւն է փոխւում, լսւա՞ծ բան է, որ մի ողջ ազգ լուռ հետեւի իր սահմանադրութեան ոչնչացմանը՝ մի խումբ ստահակների ձեռքով:

Ինչպէ՞ս են լռում, երբ բացայայտօրէն երկրի Սահմանադրական դատարանը, որի անդամները բոլոր ժամանակներում էլ իշխանութեան ծառայողներն են եղել, այսօր գործում է ի շահ թշնամուն:

Նիկոլական թմբիրով տառապող իմ հայրենակիցներին ուզում եմ յաւելեալ անգամ ահազանգել, որ այս օրերին Էրդողանի հետ ներկայ վարչապետի մեղրածոր հանդիպումը բոլորովին պատահական չէ, նրա առուծախը արդէն բացայայտօրէն Թուրքիոյ հետ է: Թուրքիան այնքան հզօր ու անկախ է արդէն զգում իրեն, որ Արեւմուտքի յետեւում թաքնւելու, նրա անունով գործելու այլեւս կարիք չունի:

Այս օրերին մեր երկրի առաջ ծառացած է կրկին Միջին Արեւելքում տիրող պատերազմի արդիւնքում յայտնւած, Բէյրութի մեր հայ համայնքին սպառնացող վիճակը:

Ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց: Կրկին տեղահանւելու, ցրւելո՞ւ են աշխարհով մէկ: Այս իշխանութեամբ մի՞թէ հնարաւոր է անկայուն հայրենիքում նրանց ապաստանելը:

Կրկին հսկայական կորուստի առջեւ ենք գլխիկոր կանգնելու այս իշխանութեամբ եւ նրանց հաստատուն պահող մեր անտարբերութեամբ:

Այս հարցադրումների տարափով իմ լռութիւնը խախտելով՝ ուզում եմ հաւատալ, որ այսօրւայ աշխարհաքաղաքական անկայուն վիճակը կը սթափեցնի, կարթնացնի, կը միաւորի մեր ժողովրդին՝ մեր մտաւորականութեան առաջնորդութեամբ ոտքի կը հանի ժողովրդին փրկւելու ներկայ իշխանութեան կողմից գործւող աւերներից, փրկելու թէկուզ այն փոքրագոյնը, որը մնացել է մեզ:

Related Articles

Back to top button