«ԱԼԻՔ» – 14-րդ նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլին ընդառաջ, երէկ՝ յուլիսի 1-ին նախագահական թեկնածուներ Սաիդ Ջալիլիի եւ Մասուդ Փեզեշքիանի միջեւ տեղի ունեցաւ առաջին հեռուսատաբանավէճը:
Բանավէճի ընթացքում թեկնածուներն հիմնականում անդրադարձան ներքին խնդիրներին:
Շտապենք նշել, որ ընտրութիւնների առաջին փուլում տեղի ունեցած հեռուստաբանավէճերի պէս, այս բանավէճը եւս չարդարացրեց հեռուստադիտողների սպասելիքները:
Երկու ախոյեանների հեռուստատեսային առաջին դիմակայումն այսպէս կոչւած ընդհանրախօսութիւնների շքերթի տպաւորութիւն թողեց, որտեղ, իհարկէ, Սաիդ Ջալիլին աւելի պատրաստւած էր ներկայացել եւ աւելի լաւ տպաւորութիւն թողեց: Նա հիմնականում ներկայացնում էր ծրագրային դրոյթներ, եւ փորձում էր հիմնաւոր փաստարկներով ներկայացնել իր տեսակէտները:
Փոխարէնը՝ Մասուդ Փեզեշքիանն անընդհատ կրկնում էր այն տեսակէտները, որոնք վերջին 10 տարւայ ընթացքում բզմիցս հնչել են Ռոհանիի կառավարութեան տարբեր նշանակութեան եւ կալիբրի ներկայացուցիչների կողմից: Նա հնարաւորինս փորձում էր խուսափել ծրագրային դրոյթներին անդրադառնալուց ու դրանք հիմնաւորելուց, եւ հիմնականում ընդհանրախօսում էր այն հիմնախնդիրների մասին, որոնք դժգոհութեան պատճառ են դարձել հասարակութեան տարբեր խաւերի մօտ:
Եթէ մասնագիտական ակնոցով դիտարկենք երկու թեկնածուների առաջին հեռուստաբանվէճը, եւ փորձենք ամփոփել այն, ապա պէտք է նշենք, որ թէեւ իր որակով եւ մակարդակով այն մի գլուխ աւելի բարձր էր քան առաջին փուլում կայացած 5 հեռուստաբանավէճերը, այդուհանդերձ չունէր բովանդակային անհրաժեշտ այն ներուժը, որը կարող էր ազդել հանրային կարծիքի եւ ընտրողների ընտրական վարքագծի վրայ:
Սաիդ Ջալիլին փորձեց հնարաւորինս հեռու մնալ պոպուլիզմից, թէեւ երբեմն կամայ թէ ակամայ տուրք տւեց դրան, մինչդեռ Մասուդ Փեզեշքիանի ելոյթը եւ յայտարարութիւնները ծայրից ծայր պոպուլիստական էին, որոնք հիմնականում ուղղւած էին թիրախաւորելու բողոքաւոր եւ դժգոհ ընտրազանգւածին:
Երեւի, թէ երկու թեկնածուների օգտագործած լեկսիկոնի եւ բանավէճային դրսեւորումների մասին լաւագոյն բնութագիրը տւել է մեդիա փորձագէտ Թահա Զէյնալին, ով X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Այս բոլոր տարիների ընթացքում բարեփոխականները դատապարտում էին Ահմադինեժադի վարւելակերպը, եւ փոխարէնը գովաբանում իրենց ներկայացուցիչներին որպէս կրթւածի եւ էլիտարի:
Մեր օրերում, սակայն, Փեզեշքիանն աւելի շատ է խօսում Ահմադինեժադի ոճով, իսկ միւս կողմը խօսում է կիրթ ու առաքինի: Խեղճ բարեփոխականների կողմնակիցները, ովքեր հիմա շփօթւած են, թէ ինչու դա տեղի ունեցաւ»: