Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Հայ գերիների ազատ արձակման պահանջով խնդրագիր՝ ուղղւած ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտօնեաներին

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի կողմից կալանաւորւած հայ պատանդների ազատ արձակմանը նպաստելու համար ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը վեց լեզւով գործարկել է մի հարթակ, որի միջոցով հնարաւոր է դիմել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտօնեաներին՝ վերջիններիս կոչ անելով ձեռնարկել ԵԱՀԿ-ի իրաւասութեան ներքոյ գտնւող մեխանիզմներ, որոնք թոյլ կը տան տեղում մոնիթորինգի ենթարկել դատավարութիւնների օրինականութիւնը, հայ գերիների պահման պայմաններն ու նրանց առողջական վիճակը եւ հանդէս գալ համապատասխան քաղաքական դիրքորոշմամբ։

Իւրաքանչիւր օր կարեւոր է մեր գերիների կեանքի համար: Միջազգային հանրութիւնը պէտք է ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանութիւնների վրայ՝ դադարեցնելու մարդու իրաւունքների խախտումներն ու ազատ արձակելու անօրինական կերպով կալանաւորւած բոլոր բանտարկեալներին:

Խնդրում ենք ստորագրել այս խնդրագիրն ու օժանդակել Բաքւում պահւող հայ պատանդների ազատ արձակմանը:

Խնդրագիրը կարելի է ստորագրել հետեւեալ յղմամբ։

Ստորեւ ներկայացնում ենք խնդրագրի ամբողջական տեքստը։

Ձերդ Գերազանցութիւն,

Քաղաքական ընդդիմադիրների, անկախ եւ արտասահմանեան լրատւամիջոցների իրաւունքների ու ազատութիւնների աճող ճնշման, ինչպէս նաեւ Ադրբեջանում միջազգային ու մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտումների պայմաններում, ԵԱՀԿ մասնակից երկրները, որոնք հանդէս են գալիս մարդու իրաւունքների պաշտպանութեամբ, այլեւս չեն կարող անգործութիւն ցուցաբերել։

Միաւորւած ազգերի կազմակերպութեան մի շարք կառոյցներ, տարբեր երկրների ու միջազգային կառոյցների խորհրդարանական մարմիններ եւ Եւրոպական խորհրդարանը տասնեակ բանաձեւերով կոչ են անում անյապաղ քայլեր ձեռնարկել հայ գերիների ազատ արձակման ուղղութեամբ։

Յատկապէս անյապաղ անհրաժեշտութիւն կայ ստեղծելու փորձագէտների յանձնաժողով՝ ուսումնասիրելու եւ զեկուցելու այն մտահոգութիւնների մասին, որոնք գնահատւել են որպէս ԵԱՀԿ-ի մարդկային հարթութեան (Human Dimension) յանձնառութիւնների կոպիտ խախտումներ Ադրբեջանի Հանրապետութեան կողմից։ Առաջնային ուշադրութիւն պէտք է դարձնել քաղաքական ընդդիմադիրների եւ քաղբանտարկեալների ձերբակալման, կալանաւորման եւ դատավարութեան պայմաններին, ինչպէս նաեւ այն գործելակերպին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնից հայազգի կալանաւորներին։ Ադրբեջանական գործողութիւնները ատելութեան եւ ռասայական խտրականութեան ակնյայտ դրսեւորումներ են։

ԵԱՀԿ համապատասխան առաքելութիւնը պէտք է գնահատի Ադրբեջանի դատաիրաւական գործողութիւնները հաշւի առնելով այդ պետութեան, որպէս ԵԱՀԿ անդամ, յանձնառութիւնները։

Այս նպատակով մենք դիմում ենք Ձերդ գերազանցութեանը, որպէսզի վճռական քայլեր ձեռնարկէք՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի, Մարդկային հարթութեան յանձնախմբի (Human Dimension Committee) եւ ԵԱՀԿ մասնակից պետութիւնների աջակցութեամբ, 1991 թ․ Մոսկւայի փաստաթղի 12-րդ կէտով սահմանւած գործիքակազմի՝ Մոսկւայի մեխանիզմի կիրառման համար, ինչն արդէն իսկ արւել է ռուս-ուկրաինական հակամարտութեան ժամանակ, ինչպէս նաեւ Բելառուսում։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

04 ապրիլ 2025 թ.

Related Articles

Back to top button