Իւրաքանչիւր քաղաքական պաշտօն ստանձնած մարդ, ով կատարելու է այս չարիքի հրահանգները, պէտք է զգայ այդ ծանրութիւնն հէնց իր վզին
Բողոքի ցոյց՝ ՀՀ ՍԴ շէնքի մօտ
«ԱԼԻՔ» – Երէկ՝ հոկտեմբերի 6-ին, Երեւանի Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցած «Սրբազան պայքար» շարժման հերթական հաւաքի աւարտին, հաւաքի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդութեամբ երթով շարժւել են դէպի ՀՀ Սահմանադրական դատարան՝ հանրայնացնելու ու ամօթի, անարգանքի սիւնին գամելու բոլոր այն դատաւորիներին, որոնք ՀՀ Անկախութեան հռչակագրի վերաբերեալ հակազգային որոշում են ընդունել:
Սահմանադրական դատարանի մօտ վիճակը լարւել է: Ոստիկանական ուժերը ցուցարարներից պահանջել են բացել Բաղրամեան պողոտան, նրանք փորձել են խոչընդոտել ցուցարարների ակցիան: Ցուցարարները,սակայն մնացել են աննահանջ եւ ցոյցը շարունակւել է:
«Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, որով հիմք է ստեղծել Ադրբեջանի կողմից թելադրւած պահանջները կատարելու, որոնք առնչւում են Սահմանադրութեան եւ Անկախութեան հռչակագրի հետ»,- Սահմանադրական դատարանի դիմաց ասել է Բագրատ Սրբազանը։
Նա յայտնել է, որ Սահմանադրական դատարանի դատաւորները Սահմանազատման աշխատանքային խմբերի գործունէութեան կանոնակարգից բացի մեկնաբանել են ամէն ինչ։
«Ամենասահմռկեցուցիչ երեւոյթն այն է, որ Սահմանադրական դատարանը փոխանակ յղում կատարի Սահմանադրութեանը, այնտեղից օգտւի իր որոշումը կայացնելու հմար, մեկնաբանութիւններ է տալիս այս կամ այն դրոյթին, բուն Սահմանադրութեանը, Հռչակագրին, նրա սպառւած լինելուն, կամ չլինելուն։ Սահմանադրական դատարանը ստեղծւած է Սահմանադրութիւնը պաշտպանելու, ոչ թէ մեկնաբանելու համար»,-ասել է Բագրատ Սրբազանը եւ շարունակել. «Ալիեւն իր բերանով ասաց՝ ուզեցինք տւեցին, վերջ։ Հիմա ես գռեհկացնում եմ երեւոյթը, բայց այդպէս ասաց։ Հնարաւո՞ր է, որ պետութիւնն այդպէս աշխատի, որ այս պահին սա ենք ուզում՝ մի քիչ յարմարեցրէք, միւս պահին այն: Այդպէս չի լինում»:
Սրբազանը շեշտել է, որ սահմանազատում ասւածը պէտք է լինի ՀՀ Սահմանադրութեանն ու օրէնքներին, ինչպէս նաեւ միջազգային բոլոր սկսբունքներին համաձայն՝ երաշխաւորներով եւ միջնորդներով։
Յայտնելով, որ Սահմանադրական դատարանի դատաւորները պէտք է զգան, որ յանցագործ են՝ Սրբազանն ասել է.«Եւ այսպէս՝ իւրաքանչիւր քաղաքական պաշտօն ստանձնած մարդ, ով կատարելու է օրէնքից դուրս այս ծառայամտի՝ այս չարիքի հրահանգները, պէտք է զգայ այդ ծանրութիւնն հէնց իր վզին։ Չի բացառւում, որ յաջորդ քայլը լինի հէնց իրենց տուն գնալը՝ ասելու թէ էս ինչ էք անում դուք։ Թաղն իմանայ, թէ ով է ապրում իրենց մօտ, ինչ դաւաճան է»։
Վերջում Սրբազանը բոլորին կոչ է արել, որ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին հաւաքւեն ՀՀ Դատախազութեան շէնքի առջեւ:
«Որովհետեւ մեր ձեռքում ունենք փաթեթներ ու բոլոր օջախների նպատմամբ քրէական գործեր հարուցւելու յայտեր են ներկայացւելու։
Մենք դատի ենք տւել զանազան պաշտօնեաների, ընդհուպ չարիքին (Նիկոլ Փաշինեան)։ Այս գործընթացը շարունակւելու է թիրախային, մինչեւ հասնենք մեր ուզածին, իսկ մեր ուզածը մէկն է՝ Հայրենիք ու պատիւ»,- ասել է նա: