Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

ՎԱԽԵՆՈՒՄ - ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

 

Վախենում եմ շա՛տ բաներից,

Ամէն տեսակ վա՛տ բաներից:

 

Ինչպէս մանուկն է վախենում

Գիշերային աւեր վանքից՝

Վախենում եմ ես էլ արդի

Կեղծ ֆանատիկ-մոլեռանդի

                  կուրա՛չ ջանքից:

 

Ինչպէս մանուկն է վախենում

Գերեզմանոց տանող ճամփից՝

Վախենում եմ ես իմ անւան,

Պատւի՜ համար՝

                  որքան անբիծ,

Նոյնքան նաեւ չպաշտպանւած

Զրպարտութեան թուխպ ու ամպից…

 

                  Վախենում եմ

Սին մտքերի ճարճատումից,

Հին մտքերի աղճատումից,

Նոր մտքերի կրճատումից:

 

                  Վախենում եմ

Մերժւած կնոջ ահեղ քէնից,

Խարխուլ պատի խաղաղ շուքում

Յոգնած մանկան անմեղ քնից:

 

Վախենում եմ ես թոյլերի՜ց.

Այդ նրանք են ամէնից շատ

Ստորութիւն անում կեանքում…

Վախենում եմ ես ծոյլերի՜ց.

Այդ նրանք են ամէնից շատ

Յոգնածօրէն ծանըր տնքում…

 

Եւ աստղային ա՛յն բոյլերից,

Որ խաբում են ճամփորդներին՝

Շփոթեցնում հիւսիս-հարաւ…

 

Եւ տակը ծակ ա՛յն դոյլերից,

Որ խաբում են ճամփորդներին՝

Ջրհորի մօտ թողնում ծարաւ…

 

Վախենում եմ ես շա՜տ բանից,

Սարսափում եմ շատ… քի՜չ բանից:

 

«Խօսքն է եղել սկըզբանից…»,

Իսկ թէ յանկարծ մի անբանից

                  Հըրաման գայ՝

                  Մինչեւ անգամ

Վերցնել մարդկանց լեզւի՞ց զրկել –

Ո՛չ թէ մարդկանց քիմքին կպած

Այն մի կտոր միսը պոկել,

Այլ բերա՜նը ամուր փակել…

 

Դժբախտ մարդ է անշուշտ կաղը:

Բայց ինչ արժէ եւ կաղութեան

Անբնական ծանըր խաղը՝

Երբ կաղութիւն պիտի խաղաս,

Սուտ-սուտ լնգաս, բռնի կաղաս…

Դեռ կայ ուրի՛շ զարհուրանք էլ –

Երբ մինչեւ իսկ երազա՜նքը

Սենեակի պէս կտան վարձով,

Հոգեփրկիչ թղթի նման

Կվաճառեն կեանքում նորից…

 

-Սարսափում եմ վերադարձող

Քաղաքակիրթ միջնադարից…

Մոսկւա

08-09.06.1957թ.

«Մարդը ափի մէջ» ժողովածուից

Related Articles

Back to top button