Գառնիկ Դանիէլեան. «Երբ պէտք է ճանապարհ փակենք, այդ «ընդդիմադիրները» չկան, երբ պէտք են ակտիւ գործողութիւններ, չկան»
«ԱԼԻՔ» – «Կիրանցից սկսած՝ այս շարժումը սկսկել ենք մի քանի հոգով, կարողացել ենք երկրում իրավիճակ փոխել ու գնալու ենք այդ ճանապարհով»: Մինչ «Սրբազան պայքար» շարժման հանրահաւաքի մեկնարկը, լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, «Սրբազան պայքար» շարժման համահիմնադիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիէլեանը։
Նրա խօսքով՝ իրենց համար բացարձակապէս նշանակութիւն չունի հանրահաւաքի մասնակիցների թիւը, մի օր կը մասնակցի 10 հազար մարդ, մի օր՝ 100 հազար։
«Մենք մեր ճանապարհով գնում ենք, կը հասնենք մեր նպատակներին։ Այսօր չպէտք է թիրախաւորւեն, ոչ թէ պայքարողները, այն մարդիկ, որ զրկանքներ են կրում, որոնք գտնւում են բանտերում, որոնք ենթարկւում են հալածանքների, ճնշումների։ Տարաբնոյթ բաներ խօսացողները թող գործով ապացուցեն, թէ որքանով են իրենց հայրենիքին տէր։ Ստատուսների թող դուրս գան, կտրեն իրենց բազմոցներից, որոնք խօսելուց բացի այլ բանի ընդունակ չեն, եթէ իրենց այս շարժման մէջ չեն տեսնում, թող իրենց պայքարը, շարժումը սկսկեն, ի վերջոյ սա բոլորիս հայրենիքն է»,-ասել է Դանիէլեանը։
Նա նշել է, որ իրենց կողքին են նաեւ որդեկորոյս ծնողներ, որոնք Կիրանցից սկսած միացել են շարժմանը։
«Ոչ մի տրնտջալ, ոչ մի հիասթափութիւն ես չեմ տեսել։ Այս իշխանութիւններին սատարում է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Սա հեշտ գործ չէ։ Եթէ ինչ-որ մէկին թւում է, իրենք կէս ժամով կը գան հրապարակ կը կանգնեն, Նիկոլ Փաշինեանը կը թողնի, կը գնայ, ուզում եմ իրենց խորապէս հիասթափեցնել, ըտենց բան չի լինելու։ Դրա համար պէտք են ակտիւ գործողութիւններ, գան թեւ ու թիկունք կանգնեն, ոչ թէ ցեխ շպրտեն։ Այս տարիների ընթացքում ով դուրս է պայքարել է այս իշխանութիւնների դէմ, ամենավերջին զրկանքների է ենթարկւել եւ այս իշխանութիւնների կողմից, եւ այսպէս ասած «ընդդիմադիրների» կողմից, որոնք զբաղւած են ոչ մի բանով։ Երբ պէտք է ճանապարհ փակեն, իրենք չկան, երբ պէտք են ակտիւ գործողութիւններ, չկան, երբ պէտք է կառավարութիւն շրջափակենք, չկան։ Այս պայքարը մեր հայրենիքի համար է, ով ում դուր է գալիս, դուր չի գալիս, ինձ հետաքրքիր չի։ Սրբազան շարժումն իրենից կախւած ամէն բան անելու է, թող չարողները մտածեն»,-եզրափակել է Գառնիկ Դանիէլեանը։