Բագրատ Սրբազան. «Հանգրւան առ հանգրւան ենք առաջ գնալու. մենք դեռ հանգրւան ունենք յաղթահարելու»
«ԱԼԻՔ» – Երէկ՝ երեկոյեան, արդէն ընդունւած կարգի համաձայն, Բագրատ Սրբազանը Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփել է «Տաւուշն յանուն Հայրենիքի» շարժման պայքարի յունիսի 4-ի օրը:
Յիշեցնենք, որ առաւօտեան Բագրատ Սրբազանը շարժման ակտիւիստների հետ միասին երթով շարժւել է դէպի ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակ՝ ՄԻՊ Անահիտ Մինասեանից պահանջելով գնահատական՝ նախօրէին ՀՀ ԱԳՆ շէնքի դիմաց ոստիկանութեան աշխատակիցների կողմից ուժի կիրառման վերաբերեալ: Բացի այդ, նրանք պահանջել են գնահատական յայտնել Սարդարապատում Վեհափառի ճանապարհը փակելու վերաբերեալ:
ՄԻՊ գրասենեակի ներկայացուցիչը՝ Արթուր Ասլանեանը յայտնել է ցուցարարներին, որ Անահիտ Մանասեանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին եւ եւս 3 հոգու, սակայն առանց լրատւամիջոցների ներկայութեան: Բագրատ Սրբազանն էլ յայտարարել է, որ առանց լրատւամիջոցների ներկայութեան չի ցանկանում հանդիպել:
«Իմ փորձառութիւնը դժբախտաբար ցոյց է տւել, որ այն ինչ չի տեսաձայնագրւում, տարընկալումների տեղիք է տալիս, յետոյ մարդիկ սկսում են ասել, ես սա ասեցի, դու այն ասեցիր։ ՄԻՊ–ը բաց, թափանցիկ հաստատութիւն է, ինչումն է խնդիրը, որ լրագրողներ չպէտք է լինեն։ Մենք դեռ չենք ասում, որ Մանասեանն արդէն այստեղ պէտք է ներքեւում լինէր, իր պաշտպանած քաղաքացիների ձայնը լսելու համար»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ յաւելելով, որ Անահիտ Մանասեանի այդ քայլը դիտարկելու է որպէս դիրքորոշում:
Յունիսի 9-ին՝ մեծ հանրահաւաք
Սուրբ Աննա եկեղեցու բակում, Բագրատ Սրբազանն անդրադառնալով Շարժման ապագայ անելիքներին, տեղեկացրել է, որ յունիսի 9-ին՝ ժամը 18:00-ին մեծ հանրահաւաք է տեղի ունենալու Հանրապետութեան հրապարակում:
«Շատ կարեւոր հանգրւանային, յենման կէտ ունեցող հանրահաւաք է, ինչպէս ասել եմ նաեւ այս ընթացքում մեր ծրագրի ամբողջացմանը հասնելու համար: Այնտեղ կը ներկայացնեմ, թէ առաջիկայ օրերն ինչ ենք անելու»,- ասել է նա:
Բագրատ Սրբազանը նաեւ ասել է, որ դեռ շատ վաղ է խօսել նոր կառավարութեան կազմի մասին, քանի որ այդ մարդիկ միանգամից թիրախաւորւում են:
«Մենք ոչինչ չենք թաքցնում, հանգրւան առ հանգրւան, փոխադարձ վստահութեամբ՝ առաջ ենք գնում։ Ինձ համար ամենակարեւորը փոխադարձ վստահութիւնն է։ Որոշ մարդիկ այժմւանից խօսում են կառավարութեան կազմի մասին։ Այդ հաճոյքը չեն ունենայ՝ իմանալու, դա մեծ թակարդ է, որ անուններ տրւեն կառավարութեան կազմի մասին, եւ հերթով սկսեն մարդկանց ոչնչացնելու գործողութիւններ։
Մենք դեռ հանգրւան ունենք յաղթահարելու՝ մինչեւ կառավարութիւնը։ Դա ժողովրդի պահանջն էր, որն արտայայտել են՝ ուզում են փոխարինել սա՝ սրանով։ Որեւէ մէկը թող չսպասի, որ ինքն ինչ-որ բաներ է լսելու, որն իրեն չի վերաբերւում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կուզենան այդ թակարդին մօտենալ, անհնար է, մի էլ փորձէք։ Հանգիստ, խաղաղ մասնակցէք գործընթացին, եթէ մասնակից էք »,- ասել է նա:
Ապագայ կառավարութեան երեք հիմնական գործառոյթները
Իր ելոյթում, Բագրատ Սրբազանը ներկայացրել է, թէ որոնք են լինելու անցումային կառավարութեան երեք հիմնական գործառոյթները.
«1․ Հաշտութեան Կառավարութիւն, որն իրականացնելու է հաշտութեան օրակարգը բոլոր շերտերում։
2․ Արտաքին աշխարհի հետ յարաբերութիւնների կարգաւորում եւ իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանայ իր ուրոյն ընթացքը պահել։
3․ Պատրաստել արտահերթ ընտրութիւններ այն ժամանակահատւածում, որը կը սահմանւի, իսկ ժամանակաւոր Կառավարութիւնը չի մասնակցի այդ ընտրութիւններին, որպէսզի չխաթարւի արդարութեան սկզբունքը»,- յայտարարել է նա։