Գեղամ Մանուկեան. «Ուժայիններում այս գահավիժող վիճակի առումով լուրջ դժգոհութիւններ, անհանգստութիւններ կան. ընդդիմութիւնը պէտք է մեծացնի ճնշումը»
Վերջին շրջանում տպաւորութիւն է, որ ՀՀ Զինւած ուժերում ակտիւացրել են զօրավարժութիւնները: Յամենայնդէպս, ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը յաճախ է հաղորդագրութիւններ տարածում տարբեր զօրավարժութիւնների մասին՝ ռազմավարական հրամանատարաշտաբայինից մինչեւ ԶՈՒ յատուկ նշանակութեան ուժերի զօրավարժութիւն, ընդորում, խաղարկւում են նաեւ յարձակողական դրւագներ, հաղորդագրութիւններում նշւում է նաեւ ՀՀ զինանոցը հայրենական ռազմարդիւնաբերական ընկերութիւնների արտադրած միջոցներով համալրելու մասին: Ինչի մասին է սա յուշում, ինչ ենթադրել:
Այս եւ անվտանգային այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի յանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկեանի հետ:
– Դիտարկման սկզբից արդէն պատասխանը տւեցիք՝ տպաւորութիւն է: Եթէ աւելի խորքային դիտենք զօրավարժութիւնների ծաւալները, բնոյթը, կառուցւածքը, դա աւելի շատ ընդհանուր պատկերն ապահովող միջոցառումների շարք է։ ՊՆ մամլոյ հաղորդագրութիւններում էլ է շատ գործածւում հէնց միջոցառում ձեւակերպումը։
Իսկ խորքային առումով ՀՀ ԶՈՒ մարտունակութեան բարձրացման, հեռահար պլանաւորմանը միտւած գործողութիւնների ծրագիր դժւար թէ կոչւի այն ամէնը, ինչը հրամցւում է հանրութեանը կամ կայ բաց աղբիւրներում։
Ի դէպ, մի կարեւոր դրւագ։ Այս երեք տարիներին առնւազն հրապարակային յայտնի չի դարձել՝ ինչ ռազմավարական, մարտավարական գործողութիւններ են կատարւել ՀՀ Զինւած ուժերի եւ Սահմանապահ զօրքերի ստորաբաժանումների փոխգործակցութեան ամրապնդման առումով։ Իսկ դա առաւել քան կարեւոր է մեր երկրի համար այս պայմաններում, հաշւի առնելով, որ առաջնագծի՝ Սիւնիքի, հիմա նաեւ, ցաւօք, Տաւուշի հատւածներում մէկումէջ տեղակայւած են բանակային եւ սահմանապահ ուժերի ստորաբաժանումներ։ Տեղ գիւղի հատւածում դէպքերը ցոյց տւեցին, որ այդ փոխգործակցութիւնը ցածր մակարդակի վրայ էր, ինչն էլ յանգեցրեց տարածքային կորստի։
Վերադառնալով բուն հարցին՝ պէտք է արձանագրեմ, որ առանձնայատուկ տւեալներ եւ տեղեկութիւններ չունեմ յատուկ մշակւած ծրագրերի մասին։
Զերծ կը մնամ անգամ հրապարակւած տւեալների, լուսանկարների եւ տեսանիւթերի հիման վրայ աւելի մանրամասն քննարկելու այդ զօրավարժութիւնների, ընդգրկւած ստորաբաժանումների հանդերձանքից մինչեւ ընդգրկւած սպառազինութեան մակարդակը, յատկապէս, երբ տարբեր դրւագներով հնչել են նաեւ սուր քննադատութիւններ այդ որոշ զօրավարժութիւնների առնչութեամբ: Կարծեմ Ձեր կողմից էր նման մի դրւագ լուսարձակի տակ առնւել՝ երբ դանակ նետելու վարժութիւնը ներկայացւել էր՝ իբրեւ զօրավարժութիւն։
– Զօրավարժութեան մասին հաղորդագրութեան մէջ նշւում էր, որ Պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը դրա շրջանակում հետեւել է նաեւ ՊՆ Վազգէն Սարգսեանի անւան ռազմական ակադեմիայի կուրսանտների պարապմունքներին: Պարապմունքների մասին վերապահումները՝ ոչ հիմա: Իսկ տւեալ դէպքում անդրադառնանք 44-օրեայ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ յանձնաժողովի զեկոյցի պատրաստ չլինելու մասին հարցին, որը ներքաղաքական այս իրադարձութիւնների ֆոնին հետին պլան է մղւել: Այսինքն, 2023 թւականի դեկտեմբերի 3-ին յանձնաժողովի լիազօրութիւնների ժամկէտը լրացել է, իրականում նոյեմբերի 3-ին էր լրացրել, բայց հաշւի առնելով արձակուրդային շրջանը՝ դեկտեմբերի 3-ին աւարտեցին աշխատանքը: Արդէն անցել է 5-6 ամիս, ու զեկոյցը պատրաստ չէ, չի ներկայացւել, պատճառների մասին կարող ենք ենթադրութիւններ, նոյնիսկ՝ պնդումներ անել: Իսկ այսօր հանրային պահանջ կա՞յ իմանալու ճշմարտութիւնը 44-օրեայի հետ կապւած, թէ՞ ոչ:
– Հանրային այդ պահանջը երբեք էլ չի մարւել, պարզապէս հանրային պահանջը եղել է իրոք լիարժէք, համապարփակ եւ վստահելի եզրակացութիւն ստանալու առումով։ Իսկ ԱԺ-ում ստեղծւած Քննիչ յանձնաժողովը որեւէ կերպ չէր ապահովում այդ չափորոշիչները։ Առաջին իսկ օրից ընդդիմութիւնը հրապարակային, գրաւոր շարադրել է իր վերապահումները, յանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու դրդապատճառները։ Արդէն երկու տարի անց յանձնաժողովի գործունէութեան մասին տեղեկութիւնների բացակայութիւնը, եզրակացութեան ներկայացման ժամկէտների պարբերաբար յետաձգումները եւ անորոշութիւնները փաստում են մեր դիրքորոշման ճշմարտացիութիւնը։ Պարբերաբար ենք ասել, որ հանրութիւնը պահանջ ունի բոլոր հարցերի պատասխանները ստանալու, բայց այդ պատասխանները կարող է տալ անաչառ, վստահելի եւ համապարփակ ընդգրկմամբ յանձնաժողովը։ Չի կարող իշխանութեան ձեւաւորած յանձնաժողովը գնահատել իր իսկ գործունէութիւնը՝ ռազմաքաղաքական կառավարումից մինչեւ թիկունքային ապահովում, մոբիլիզացիա եւ հանրային կառավարում։
– Եթէ ընդդիմութիւնը մասնակցէր, կարող է այլ պատկեր լինէր, ճնշում գործադրէիք… Միւս կողմից, հարկ է յիշել 168.am-ի հետ զրոյցում ԳՇ նախկին պետ Օննիկ Գասպարեանի ձեւակերպումը՝ «Ճշմարտութիւնը կարող է բացայայտւել միայն իշխանափոխութեան դէպքում»: Այլ հարց է, որ գեներալը յետոյ ինքն այս իշխանութեան օրօք քննիչ յանձնաժողով ստեղծելու առաջարկ արեց, գուցէ յոյս ունէր, որ խորհրդարանական ընդդիմութիւն կը մասնակցի՞…
– Այլ պատկեր չէր լինի, վստահ եմ: Արդէն ասացի՝ ինչու:
– Հնարաւոր համարո՞ւմ եք, որ ճգնաժամային ինչ–որ պահի Նիկոլ Փաշինեանը 44-օրեայի համատեքստում ակտիւութիւն դրսեւորի ինչ–որ ձեւով, եւ ի՞նչ կարող է դա ենթադրել:
– Ապրիլեան քննիչ յանձնաժողովի ձեւաւորման օրերից սկսած՝ ողջ կառավարման ընթացքում, Փաշինեանի ու այս իշխանութեան ռազմավարութիւնն է եղել՝ տարբեր իրավիճակներում փրկութիւն ապահովելու, հանրային ուշադրութիւնը շեղելու, սեփական զանցանքները եւ յանցանքները կոծկելու համար նման բովանդակութեամբ նախաձեռնութիւններով հանդէս գալ։ Չգիտեմ էլ՝ ի՞նչ նոր բան կարող է մէջտեղ բերել Փաշինեանը։ Այս չորս տարիներին արդէն մարդ, ոլորտ, երկիր ու դէպք չմնաց, որ իշխանութեան կողմից մեղաւոր չկարգւի։
Ի դէպ, իշխանութիւններն ասում են՝ քաղաքական ճգնաժամ չկայ, Փաշինեանին ոչինչ չի սպառնում, իշխանութիւնը չի սասանւում, ոչ էլ դրա եզրին է: Եթէ համաձայն էք այս դիտարկման հետ, ապա ի՞նչը կարող է իրապէս սասանել Փաշինեանի իշխանութիւնը եւ ո՞ր դէպքում: Մենք անընդհատ լսում ենք, որ նրա յենարանն ուժային կառոյցներն են, ո՞ր դէպքում ուժայինները կը դադարեն լինել նրա յենարանը, եւ այս առումով ի՞նչ պիտի անի ընդդիմութիւնը:
– Իշխանական ինքնախաբէութիւնը բացայայտում են հենց իշխանութիւնները՝ իրենց քայլերով ու գործողութիւններով՝ հեծանիւ քշելուց մինչեւ երեւանեան զբօսանքի թատերական ներկայացումներ: Իրականում հանրային աջակցութիւնից ու սատարումից զրկւած իշխանութիւնը յոյսը դրել է միայն ուժային կառոյցների վրայ՝ ոստիկանութիւն, քննչական մարմիններ։
Երկրի շարքային քաղաքացիների այս համատարած գաղտնալսումը պէտք է լուրջ ընդվզման առիթ դառնար։ Ոստիկանական ուժերի աննախադէպ բռնութիւնները, յարձակումներն ու ձերբակալութիւնները փաստում են իշխանութեան անհանգստութիւնների, ցայտնոտային վիճակի, Փաշինեանի վախերի ու դրանցից իբր ազատւելու համար ամենակոշտ բռնութիւնների գնալու անօրինական հրահանգների մասին։ Բայց մեր դիտարկումների, որոշակի տեղեկութիւնների հոսքերի վրայ յենւելով՝ կարելի է արձանագրել՝ ուժայիններում այս գահավիժող վիճակի առումով լուրջ դժգոհութիւններ, անհանգստութիւններ կան, որոնք թէեւ հրապարակային չեն, բայց դա արդէն ժամանակի հարց է։
Ընդդիմութիւնը պէտք է մեծացնի ճնշումն ուժային այս քաոսը կանգնեցնելու ուղղութեամբ, գործածելով խորհրդարանական վերասկողութեան բոլոր գործիքները, աւելացնի միջազգային կառոյցների, դիւանագիտական ներկայացուցչութիւնների վրայ ճնշումները։
– Քանի որ ուժային կառոյցների մասին խօսեցինք, իսկ Բագրատ Սրբազանի գլխաւորած շարժումը Տաւուշից Երեւան տեղափոխւեց՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի արդիւնքում, չանտեսենք նաեւ ՀՀ Զինւած ուժերին: Օրերս ԳՇ պետը լրագրողների հետ զրոյցում վստահեցրել է, որ Տաւուշից բանակը դուրս չի գալիս, այսինքն՝ սահմանապահ ուժերն իրենց ծառայութիւնն են իրականացնելու, նոյն գօտում զինւած ուժերն իրենց խնդիրներն են լուծելու: Աւելին, սահմանապահ զօրքերը որտեղ կատարում են ծառայութիւն, դա եւս բանակի պատասխանատւութեան գօտի է:
– Ցաւում եմ, որ այս պատասխանատու ժամանակահատւածում ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետն Էդւարդ Ասրեանն է, որը հրապարակային մի քանի դրւագներով փաստել է, որ ամէն մի փոքրիկ դրւագում կորցնում է ինքնատիրապետումը, չունի այդ նախաձեռնողականութիւնն ու իրավիճակները սառը գնահատելու կարողութիւնը։
ԳՇ պետն իր շէֆի յանցանքներն արդարացնելու, կոծկելու համար ամենաաբսուրդային գնահատականներն է հնչեցնում։ Նոյն Տաւուշում ուղղակի մենք գործ ունենք անհաւանական իրավիճակի հետ, երբ մի հատւածում կանգնած է աւտոմատով զինւած սահմանապահը, մի քանի հարիւր մետր այն կողմ արդէն լիարժէք կահաւորւած մարտական յենակէտ է։ Փակագծեր ու գաղտնիքներ չբացելով, արձանագրեմ՝ սահմանապահների պատասխանատւութեան հատւածներում խիստ խնդրայարոյց է պաշտպանական գծերի առկայութիւնը, եթէ դրանք նոյնիսկ կան։ Իսկ այն, ինչ ռազմավարական առումով նախատեսւած է, դեռ պէտք է ամբողջացւեն ու կառուցւեն։ Այսքանը: