Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանի պատերազմը Սրբազան լեռան հետ շարունակւում է

Արարատ լեռան պատկերը կը հեռացւի Հայաստանի սահմանապահ ծառայութեան մուտքի/ելքի դրոշմանիշից

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանի եւ նրա գլխաւորած վարչակազմի պատերազմը հայոց Սրբազան լեռան՝ Արարատի հետ շարունակւում է:

ՀՀ կառավարութեան որոշմամբ Արարատ լեռան պատկերը կը հեռացւի Հայաստանի սահմանապահ ծառայութեան մուտքի/ելքի դրոշմանիշից։

Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ ամենայն հաւանականութեամբ, Փաշինեանը կատարում է թուրք/ադրբեջանական տանդեմի եւս մէկ պահանջ՝ ոչնչացնել հայկական ինքնութիւնը։

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատարեանն անդրադառնալով թեմային, իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Անկախ ու ինքնշխան Հայաստանի իշխանութիւնները որոշել են սահմանային անցման դրոշմակնիքների վրայից հանել Արարատի նկարը։

Հաւանաբար, դա Քըլըչի գալու գինն էր: Կամ Էրդողանն էր առաւօտ զանգել ու որոշել հէնց-նէնց՝ հաւեսի համար, նւաստացման հերթական դոզան սրսկել: Դէ հիմա պատկերացրէք աւելի լուրջ «փոխզիջման» համար Նիկոլից ինչե՜ր կը պահանջեն: Օրինակ, որ ընտրութիւններից առաջ Նիկոլին գովեն ու Նիկոլի հետ համահունչ ժողովրդին ընդդիմութիւնով ու պատերազմով վախեցնեն: Քանի Նիկոլը կայ, նւաստացումն ու պարտութիւնը մեր գլխից անպակաս են…»:

Նոյն թեմային է անդրադարձել նաեւ «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան նախագահ Էդմոն Մարուքեանը. «Ճիշտ հասկացէք՝ այն, ինչ արւում է մեր կառավարութեան կողմից, որեւէ կապ չունի Թուրքիայի նկատմամբ Հայաստանի չեղած տարածքային պահանջների հետ։ Այս ամէնը պարզապէս մեր պետութեան ինքնութեան խմբագրման գործընթացի մի մասն է։

Եթէ մենք ընտրութիւններով չհեռացնենք Նիկոլ Փաշինեանին, ապա յաջորդ որոշմամբ Արարատ լեռան պատկերը կը հեռացւի նաեւ զինանշանից»,- գրել է նա:

«Արարատը հեռացնելը պետական խորհրդանիշներից, կնիքներից՝

1. Քաղաքակրթական ինքնութեան խմբագրման փորձ է,

2. ՀՀ դելեգիտիմացման վտանգաւոր ուղերձ միջազգային հարթակներում,

3. Կուսակցական շահի գերադասում պետական շահի նկատմամբ։

Արարատը մեր անցեալի, մեր պատմական յիշողութեան եւ մեր ապագայի խորհրդանիշն է։

Այն պահպանւել է եւ պէտք է պահպանւի պետական խորհրդանիշներում՝ որպէս ազգային ինքնութեան առանցք, եւ դա երբեք չի կարող մեկնաբանւել որպէս տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ»,- թեմային անդրադառնալով գրել է քաղաքագէտ Սուրէն Սուրէնեանցը:

Իսկ ադրբեջանագէտ Գառնիկ Դաւթեանն էլ գրել է. «Հայաստանի ոչ բարով կառավարութիւնը որոշել է նոյեմբերի 1-ից վերացնել Հայաստանից մուտք/ելքի համար նախատեսւած կնիքի վրայից Մասիս սարի պատկերը։

Իսկ ի՞նչն է խանգարում նիկոլին վաղը, օրինակ՝

– Վարդենիսը վերանւանել Բասարգեչար,

– Սեւանայ լիճը՝ Գեոյչեա Գեօլ,

– Երեւանը՝ Իրեւան,

– Իսկ մեզ՝ հայերիս, գեաւուր (թարգմանաբար՝ «անհաւատ»)։

Իրականում հարցս անտեղին է, պարզապէս մտածէք, որ վաղւայ նիկոլի Հայաստանը այլեւս գոյութիւն չի ունենալու, եթէ…

Էս ա…»:  

Related Articles

Back to top button