Դուհայում մեկնարկել է արաբական եւ իսլամական երկրների արտակարգ գագաթնաժողովը
Այն քննարկում է Իսրայէլի ռազմական ագրեսիան՝ ուղղւած Կատարի դէմ

«ԱԼԻՔ» – Կատարի մայրաքաղաք Դուհայում, այսօր՝ սեպտեմբերի 15-ին մեկնարկել է արբական եւ իսլամական երկրների առաջնորդների արտակարգ հանդիպումը:
Գագաթնաժողովը, որը հրաւիրւել է Կատարի նախաձեռնութեամբ, կենտրոնացած է Իսրայէլի ռազմական ագրեսիայի վրայ՝ ուղղւած այդ երկրի դէմ:
Նիստի նախօրէին, Կատարի վարչապետ շէյխ Մոհամեդ բին Աբդուլռահման ալ Թանին կոչ է արել միջազգային հանրութեանը «դադարեցնել երկակի ստանդարտների կիրառումը» եւ պատժել Իսրայէլին՝ կատարած յանցագործութիւնների համար։
Այս մասին նա յայտարարել է երէկ՝ սեպտեմբերի 14-ին, Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան արտգործնախարարների արտակարգ նիստի ժամանակ, որը գումարւել էր նախապատարաստելու արաբական-իսլամական երկրների արտակարգ գագթնաժողովը:
Նախատեսւում է, որ գագթնաժողովը հանդէս կը գայ յայտարարութեամբ, որը կարտայայտի «լայն արաբական եւ իսլամական համերաշխութիւն Կատարի պետութեան հետ՝ Իսրայէլի վախկոտ ագրեսիայի պայմաններում, եւ կտրուկ կը մերժի Իսրայէլի պետական ահաբեկչութիւնը»: Տեղեկացրել է Կատարի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մաջեդ ալ Անսարին:
Նշենք, որ գագաթնաժողովին ներկայ է Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը, իսկ Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան արտգործնախարարների արտակարգ նիստին մասնակցել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, որը նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել արաբական եւ իսլամական երկրների իր գործընկերների հետ:
«Ես Դոհայում եմ՝ Իրանի ժողովրդից յստակ ուղերձով. Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կանգնած է Կատարի եւ, ըստ էութեան, բոլոր մուսուլման եղբայրների ու քոյրերի կողքին, յատկապէս ամբողջ տարածաշրջանին սպառնացող այս աղէտի դէմ պայքարում»,- երէկ՝ ուշ երեկոյեան X-ի իր հարթակում գրել է Արաղչին: