Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Իրանը Զանգեզուրի ճանապարհը ի վնաս Հայաստանի է համարում եւ հաստատակամ է իր այս դիրքորոշման մէջ»
«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէինի երէկ՝ յուլիսի 30-ին, ընդունել է Մասուդ Փեզեշքիանի երդմնակալութեան արարողութեանը մասնակցելու նպատակով Իրան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը:
Հանդիպման ընթացքում Իսլ. յեղափոխութեան առաջնորդը շեշտել է, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնները կը շարունակւեն ինտենսիւօրէն՝ հիմնւելով ստեղծւած շահերի վրայ՝ հաշւի չառնելով այլոց քաղաքականութիւնը. «Մենք խորապէս հաւատում ենք Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացմանը, եւ երկու երկրների միջեւ համագործակցութիւնը կը շարունակւի՝ հիմնւելով ստեղծւած շահերի վրայ՝ անկախ այլոց քաղաքականութիւնից»,- ասել է նա:
Այաթ. Խամենէին շնորհակալութիւն է յայտնել Փաշինեանին Հանրապետութեան նախագահի երդմնակալութեան արարողութեանը, ինչպէս նաեւ նահատակ Ռէյիսիի յուղարկաւորութեանը մասնակցելու համար, եւ ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականութեան պահպանման անհրաժեշտութիւնը. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Զանգեզուրի ճանապարհը ի վնաս Հայաստանի է համարում եւ հաստատակամ է իր այս դիրքորոշման մէջ»,- յստակեցրել է նա:
Նշելով, որ օտարները չպէտք է սահմանափակումներ ստեղծեն հարեւան երկրների յարաբերութիւնների համար, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը շեշտել է. «Երկրների անվտանգութիւնն ու բարեկեցութիւնն ապահովւում է սեփական ուժերին եւ մերձաւորներին ապաւինելով»: Այաթ. Խամենէին յիշեցրել է նաեւ, որ արտատարածաշրջանային ուժերի միջամտութիւնը երկրների գործերին, ի վերջոյ վնասում է այդ երկրներին:
Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յիշեցրել է Իրանում իրանահայերի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի մասին՝ նշելով. «Իրանահայութիւնը մեծ դեր է խաղացել սրբազան պաշտպանութեան ժամանակ, եւ ես անձամբ այցելել եմ բազմաթիւ հայերի տներ»:
Այաթ. Խամենէին մուսուլմանների մէջ Յիսուս Քրիստոսի հանդէպ յարգանքը համարել է պարզ եւ անվիճելի՝ յաւելելով. «Մեր կարծիքով՝ աստւածային կրօնների առաջնորդների նկատմամբ վիրաւորանքները, այդ թւում՝ Յիսուս Քրիստոսի հասցէին դատապարտւած են»: