Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յովիկ Մանուչարեան. «ՀՀ-ն թափանցիկ չէ, երբ չի յայտնում Ադրբեջանի տեղեկատւական յարձակումների մասին»

«ԱԼԻՔ» – Հայաստանի կառավարութիւնը թափանցիկ չէ, երբ չի յայտնում, թէ ինչպիսի ազդեցութիւն են ունենում Ադրբեջանի կողմից տեղեկատւական անվտանգութեան յարձակումները։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է տեղեկատւական անվտանգութեան մասնագէտ Յովիկ Մանուչարեանը։

«Տեղեկատւական իմաստով հայաստանեան մամուլում հրապարակումներ կան տարբեր յարձակումների մասին, եւ կարող ենք դատել միայն այդ հրապարակումներից։ Հայաստանի կառավարութիւնը թափանցիկ չէ, թէ ինչպիսի ազդեցութիւն են ունենում, օրինակ, Ադրբեջանի կողմից տեղեկատւական անվտանգութեան յարձակումները։ Մենք կարող ենք յիշատակել 2020 թւականի պատերազմի հետ կապւած հրապարակումները, երբ նախարարութիւններից մէկի սերւերը կոտրել էին, բայց դա երբեք հասանելի չի դառնում հանրութեանը, որ գոնէ մենք իմանանք ինչ վնաս է հասցւել։ Բայց դատելով այդ հրապարակումներից, կարելի է եզրակացնել, որ դա շատ լուրջ մարտահրաւէր է ՀՀ-ի համար, եւ եթէ կառավարութիւնը դա հաշւի չառնի՝ ուրեմն կանգնած ենք լուրջ սպառնալիքի առջեւ»,- նշել է Մանուչարեանը։

Խօսելով ապատեղեկատւութեան դէմ պայքարելու մասին՝ մասնագէտն ասել է․

«Ինֆորմացիոն, տեղեկատւական տիրոյթը պատերազմների շատ կարեւոր մաս է, եւ այսօր այն պատերազմներ վարելու հիմնական հարթակն է։ Ապատեղեկատւութեան դէմ պայքարելու միակ ձեւը մեդիագրագիտութիւնն է։ Պէտք է հասարակութեանը պատրաստել, որ կարողանան ճանաչել՝ ինչ տեսակի ինֆորմացիա են ստանում եւ պէտք է արդեօք դրան վստահել, թէ՝ ոչ։ Նախ պէտք է հասկանալ, ով է այդ ինֆորմացիան հրապարակել, գտնել սկզբնաղբիւրը։ Այս ամենին պէտք է անդրադառնալ դեռ դպրոցական տարիքից, Կառավարութիւնը պէտք է կրթի սերունդ, որը կը կարողանայ հասկանալ՝ սա ճշմարտութիւն է, սա՝ ապատեղեկատւութիւն»։

Related Articles

Back to top button