Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Զանգեզուրի միջանցք»-ն աւելի իրական է, քան Փաշինեանի ցանկացած խոստում

Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին ե՞րբ են ասելու, որ իրենց փոխարէն ամէն ինչ արդէն որոշւած է

ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

Քաղաքագէտ

 

Չնայած Նիկոլ Փաշինեանի կերպարի փոփոխութեանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն հրաժարւում «Զանգեզուրի միջանցք» նախագծից։ Եթէ աւելի լուրջ խօսենք, ապա չնայած ՀՀ իշխանութիւնները յայտարարում են, որ հաղորդակցութիւնների հարցը դուրս է բերւել «խաղաղութեան պայմանագրի» բանակցութիւններից, ակնյայտ է, որ Բաքուն եւ Անկարան շուտով կը վերադառնան ոչ միայն այս թեմայի քննարկմանը, այլեւ կարող են նախաձեռնել այլ, աւելի տհաճ գործընթացներ։

Սա հետեւում է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուի յայտարարութիւններից։ Նախօրէին Էրդողանի կառավարութեան պաշտօնեան յայտարարեց, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցք»-ն է։

«Այս ուղղութեամբ մենք օպերատիւ կերպով շարունակում ենք գործընթացները ադրբեջանական կողմի հետ։ Թէ որտեղով է անցնելու միջանցքը՝ Հայաստանի, թէ Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Յաջորդիւ այս միջանցքը Նախիջեւանով կանցնի Թուրքիա։ Թուրքիայում մենք աւարտեցինք մեր նախագիծը, անցկացրինք մրցոյթ, մօտ օրերս կը սկսենք շինարարական աշխատանքները եւ ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ»,- ասել է նախարարը։

Ի՞նչ են նշանակում այս յայտարարութիւնները «ռէալ պոլիտիկում» եւ «գետնի վրայ» Հայաստանի համար.

1. Չնայած հաղորդակցութիւնների թեման դուրս է բերւել «խաղաղութեան պայմանագրի» բանակցութիւններից, «միջանցքի» նախագիծը ակտիւօրէն զարգանում է։ Բաքւից յետոյ իրական ներդրումներ նախագծի ենթակառուցւածքներում սկսել է իրականացնել Անկարան։

2. Սա իր հերթին նշանակում է, որ եթէ անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղութեան պայմանագիրը» ստորագրւի Էրդողանի միջնորդութեամբ, դրանից անմիջապէս յետոյ կարող են սկսւել ոչ պակաս հոգնեցուցիչ ու բարդ բանակցութիւններ կոմունիկացիաների հարցի շուրջ։ Եւ ոչ թէ տարածաշրջանային ապաշրջափակման մասին (Հայաստանը կորցրեց այս շանսը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի կատարումից հրաժարւելով), այլ աւելի շուտ՝ «թուրքական միջանցքի» բացման մասով։

3. Եթէ թուրք նախարարի յայտարարութիւններին աւելացնենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին յայտարարութիւնները, որոնցում նա կոչ էր անում «վերջ տալ Հայաստանի ռազմականացմանը», ինչը նշանակում էր կոչ անել ՀՀ-ի ապառազմականացման, ակնյայտ է, որ Բաքուն եւ Անկարան կը պահանջեն ոչ միայն «ՀՀ տարածքով անցնելու պարզեցւած մաքսային ռեժիմ», այլեւ կը պահանջեն, որ «բեռների եւ ուղեւորների անվտանգութիւնն» ապահովեն իրենք։ Քանի որ դա չի կարող անել ռազմական ներուժից զրկւած Հայաստանը։

4. Աւելացրէք նաեւ ռուսական զօրքերի դուրսբերման տեմպերը Հայաստանի տարբեր հատւածներից, Անկարայի ակնյայտ պահանջը՝ ռուս սահմանապահների դուրսբերման մասով հայ-թուրքական սահմանից, ապա պարզ կը դառնայ, որ «միջանցքով» գործը չի սահմանափակւի։ Աւելին, եթէ վերը նշւածը տեղի ունենայ (միջանցքի բացում, հաղորդակցութիւնների վերահսկողութիւն ՀՀ տարածքով Թուրքիայի կողմից, ռուսական զօրքերի դուրսբերում հայ-թուրքական սահմանից եւ անցակէտերից), ապա պարզ կը դառնայ, որ ՀՀ իշխանութիւնները անում են ամէն ինչ, որպէսզի Թուրքիայի «Հայաստանի անվտանգութեան երաշխաւոր» դառնալը այլընտրանք չունենայ։

Միայն այդպիսի Հայաստանում Նիկոլ Փաշինեանը կարող է ունենալ թէկուզ նւազագոյն շանսեր իր «քաղաքական կարիերան» շարունակելու համար։

Մտածէ՛ք այդ մասին…

Alphan News

Related Articles

Back to top button