Արմէն Աշոտեան. «Ուղիղ ասենք՝ յանուն սեփական իշխանութեան Նիկոլն ունակ էր Հայրենիք յանձնել»
Աւանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկեալ Արմէն Աշոտեանը կալանավայրից պատասխանում է «Ֆէյսբուք»-եան օգտատէրերի՝ իրեն ուղղւած 5 հարցի:
Քաղաքացի Աննա Սարկիսովան «Նուբարաշէն» ՔԿՀ-ում գտնւող քաղբանտարկեալ Արմէն Աշոտեանին հարց է ուղղել.
«Հնարաւո՞ր է ընտրութիւններով Նիկոլին յաղթել, թէ՞, միեւնոյն է, պէտք է բողոքի ակցիաներ լինեն»։
Աշոտեանը պատասխանել է.
«Ուղիղ ասենք. յանուն սեփական իշխանութեան Նիկոլն ունակ էր Հայրենիք յանձնել, մարդ զոհել, ընտրութիւնները ի՞նչ են, որ դրանք էլ ոտնակոխ անի։ Թէ ինչի՞ է նա ընդունակ նաեւ ընտրութիւններից առաջ, ընթացքում եւ յետոյ, պէտք չէ յիշեցնել (ՏԻՄ ընտրութիւններից սկսած)։
Ուստի, ընտրութիւններին նրան պէտք է ոչ միայն յաղթել ջախջախիչ արդիւնքով, այլեւ պատրաստ լինել պաշտպանել սեփական քւէն փողոցային պայքարով։
Ի դէպ, քաղաքացիները կարծում են, որ ժողովրդավար դիտւելու համար տւեալ երկրում պէտք է գոնէ մէկ անգամ ընտրութիւններով իշխանութիւն փոխւի։ Այս տեսակէտից եւս նիկոլական Հայաստանը ժողովրդավար չէ, որովհետեւ նա եկել է իշխանութեան զաւթումով։
Ուզում եմ նաեւ ընդգծել. Հայաստանում 2018-ից յետոյ բոլոր ընտրութիւնների անցկացումը միֆ է, կեղծիք։ 2018-ի ընտրութիւնները հրճւանքի ընտրութիւններ էին, 2021-ինը ցաւի։ Իսկ հիմա ես տեսնում եմ, որ Նիկոլը հող է նախապատրաստում, որ գալիք ընտրութիւններն էլ լինեն վախի ընտրութիւններ։ Մի կողմից նա երկրի ներսում է ստեղծում վախի մթնոլորտ՝ հետապնդելով եւ կալանաւորելով իր քաղաքական ընդդիմախօսներին։ Միւս կողմից էլ նա խրախուսում է արտաքին սպառնալիքներից ներսում վախի մթնոլորտի ձեւաւորումը։ Իր պատկերացումով հայ ժողովուրդը պիտի վախենայ Նիկոլից եւ Ալիեւից, որպէսզի ամրապնդի Փաշինեանի իշխանութիւնը»։