Տեղի ունեցաւ մամուլի ասուլիս՝ ՀՅԴ-ի դէմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով
«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունիսի 18-ին ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ՀՅԴ դէմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով:
Ասուլիսին մասնակցել են ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը, փաստաբաններ Արսէն Բաբայեանն ու Վահէ Եփրիկեանը:
«Հերթական հակաօրինական ու անբարոյական արշաւն է սկսւել գործող իշխանութիւնների կողմից բոլոր հնարաւոր եւ անհնարին լծակներով ընդդէմ այն պայքարող մարդկանց ու ուժերի, ովքեր յստակ արտայայտել են իրենց դիրքորոշումը ի պաշտպանութիւն Հայաստանի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքների, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան»,- յայտարարել է Արծւիկ Մինասեանը։
Նա նշել է նաեւ, որ տեւական ժամանակ է նիկոլական իշխանութիւնը տարբեր ձեւերով յարձակւում է ՀՅԴ վրայ, ընդ որում՝ տարբեր ժամանակահատւածներում օգտագործելով ամենատարբեր մեթոդները, բայց ձեռագիրը նոյնն է՝ կեղծիքի, ստի, քաղաքական հալածանքների միջոցով, այսպէս կոչւած օրինականութեան շղարշի քողի տակ, փորձել ներկայացնել մեղադրանքներ։
«Դուք տեղեակ էք, թէ ինչպէս է նիկոլական իշխանութիւնն արգելում ՀՅԴ-ականների եւ այլ գործիչների մուտքը Հայաստան: տեղեկացնեմ, որ անձամբ ինձ հետ էլ է պատահել: Այս մարդիկ չխորշելով համագործակցում են նաեւ այլ երկրների կառոյցների հետ, որպէսզի հնարաւորինս խոչընդոտւի ՀՅԴ-ականների այցերը տարբեր երկրներ, հայ համայնքների հետ հանդիպման, Հայ Դատի աշխատանքների ներգրաւման շրջանակներում:
Բայց նաեւ ՀՀ-ում բոլոր հնարաւոր մեթոդները կիրառում են, որ արհեստական կեղծ քրէական գործեր յարուցեն, յարձակում են կազմակերպում ՀՅԴ գրասենեակի նկատմամբ:
Տեղեակ էք, որ իրականացւել են մասշտաբային խուզարկութիւններ, ձերբակալութիւններ, այս պահի դրութեամբ նաեւ նիկոլական քննչական համակարգի եւ իրենց վերահսկողութեան տակ գտնւող դատաւորների կողմից կայացւել է 5 կալանքի որոշում: Բոլոր որոշումները տեսակցութեան սահմանափակմամբ է: Այս պահին ունենք 5 կալանաւորւած անձ, որոնցից 4-ը երկու ամսով, մէկը՝ 1 ամսով: Ունենք 3 տնային կալանք 2 ամսով, ունենք 1 գրաւով եւ 1 բացակայելու արգելքով փախանման միջոց կիրառւած անձինք: Այստեղ խօսքը միայն Վայոց Ձորի մասին է, խօսքը չի գնում շարժման շրջանակներում ձերբակալւած, ապա կալանաւորւած կամ քրէական հետապնդման մէջ գտնւող մեր ընկերների մասին»,- ասել է Արծւիկ Մինասեանը:
«Երկու-երեք օրը այս տեմպը յիշեցնում էր բոլշեւիկեան ժամանակաշրջանի առաջին շրջանը, աւիսնուրիջանեանական, աթարբեկեանական մօտեցումները, թէ ինչպէս էին փորձում ուղղակի ձերբակալման եւ տարատեսակ ճնշումների միջոցով կորզել ինչ-որ բաներ, որոնք իրականում չէին էլ կարող, որովհետեւ չկար: Այն հրապարակային մեղադրանքը, որ հնչեցնում են եւ Նիկոլ Փաշինեանը փորձում է ԱԺ-ից ներկայացնել, հիմա քննչական մարմինները ամբողջ ծւալով լծւած է դրանք ապացուցելու կամ այդ ուղղութեամբ փաստեր հաւաքելու գործին:
Յիշեցնենք դրանցից մի քանիսը: Առաջինը թշնամանք սերմանելու նպատակով արցախցիների նկատմամբ կեղծ ու ստոր տեղեկութիւններ էին հրապարակւում, իբր նրանք հանրահաւաքներին մասնակցում են փողի համար, կամ պարտադրում են հաւաքներին մասնակցել որոշակի գումարի դիմաց: Երկրորդը, իբր փողեր են բաժանւում նիւթական շահագրգռութիւն առաջացնելու համար, որ մարդիկ հաւաքներին մասնակցեն: Էլ չասած այն այլանդակութիւնները, որ թշնամանք սերմանելուն զուգահեռ ողջ համակարգը լծւած է այս շարժումը վարկաբեկելուն»,- յայտնել է Մինասեանը։
Փաստաբան Արսէն Բաբայեանը՝ անդրադառնալով Դաշնակցութեան դէմ սկիզբ առած բռնաճնշումներին՝ ասել է, որ իրականացւել են զանգւածային ձերբակալութիւններ՝ ամբողջութեամբ ապօրինի եղանակով:
«Ի սկզբանէ պարզ էր, որ ձերբակալութիւնները եւ հետագայում կալանքի տանելու միջնորդութիւնները պայմանաւորւած են եղել կոնկրետ անձանց կոնկրետ կուսակցական լինելու հանգամանքով, կուսակցութիւնում նրանց զբաղեցրած դիրքով, կապերով։
Կար ցուցակ, որտեղ գրւած էին անուններ, կողքը՝ թէ ինչ կարգավիճակ ունի ՀՅԴ գրասենեակում, եւ ըստ դրա էլ ընտրւում էր ամենախիստ խափանման միջոցներ կիրառելու հարցը»,- ասել է Բաբայեանը։
Փաստաբանը նշել է, թէ դատարաններում ցանկացել են ամէն եղանակով ստանալ իրենց համար ցանկալի ցուցմունքներ։
«Դա հետեւեալն էր, որ որեւէ մէկը յայտարարի, թէ իսկապէս գումար է բաժանւել։ Ոստիկանութեան մարզային վարչութեան բարձր ղեկավարութեան կողմից մի քանի անձի նկատմամբ կոնկրետ փորձ է արւել, ոստիկանութեան բաժիններում առաջարկել են տալ այդպիսի ցուցմունքներ եւ ասել, թէ այդ դէպքում անմիջապէս ազատ կարձակւէք։ Ում այդպիսի առաջարկ է արւել, բոլորը հիմա կալանաւորւած են. դա նշանակում է, որ չեն համաձայնել այդպիսի ցուցմունքներ տալ, որովհետեւ չի էլ եղել այդպիսի հանգամանք»,- յայտարարել է Արսէն Բաբայեանը։
Վահէ Եփրիկեանն էլ նշել է, որ կալանքների կամ տնային կալանքների մեծ մասը կիրառւում է երկու դէպքում՝ կամ ՀՅԴ-ական են, կամ արցախցի են:
«Գործ կարել էլ չգիտեն, ինչը փնթիութեան ամենավերջին ստադիան է: Սկզբում տանում են բաժին ու ասում՝ ձեր նկատմամբ իրականացւում է վարչական ձերբակալութիւն, մէկուկէս ժամ յետոյ քրէականի պետին ցուցում է գալիս՝ վարչարարութիւն չէ, փոխէք քրէական։ Չեն կողմնորոշւում խուլիգանութիւն կարե՞ն, աւազակային յարձակո՞ւմ, թէ՞ զանգւածային անկարգութիւն»,- նշել է նա։