Ռաուֆօղլուն տեղեկութիւններ է փոխանցել Փաշինեան-Ալիեւ-Թրամփ ենթադրեալ հանդիպման մասին

«ԱԼԻՔ» – Վաշինգտոնում բնակւող, ԱՄՆ Պետդեպում հաւատարմագրւած, ադրբեջանական «Թուրան» գործակալութեան թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն տեղեկութիւններ է հաղորդել Սպիտակ տանը սպասւելիք Փաշինեան-Ալիեւ-Թրամփ ենթադրեալ հանդիպման մասին: Հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները:
Ըստ նրա՝ Թրամփը նախ հանդիպելու է Հայաստանի վարչապետին, ապա Ադրբեջանի նախագահին: Առանձին-առանձին հանդիումներից յետոյ երեք երկրների ղեկավարները հանդէս կը գան համատեղ յայտարարութեամբ։
Նշենք, որ երէկ՝ օգոստոսի 4-ին, Ռաուֆօղլուն սոցցանի իր էջում հանդէս է եկել սենսացիոն գրառմամբ՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինեանին եւ Իլհամ Ալիեւին:
«Բազմաթիւ աղբիւրներ հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են Վաշինգտոնում յայտարարել խաղաղութեան իրենց մտադրութեան մասին»,- գրել է նա:
Յատկանշական է, որ ենթադրեալ հանդիպման վերաբերեալ News.am-ի հարցին ի պատասխան, Հայաստանի կառավարութիւնից յայտնել են, որ չեն կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել լուրը:
«Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտօնական հաղորդագրութիւն, եւ տեղեկատւութիւնը հաստատւած կարելի է համարել պաշտօնական հաղորդագրութեան պարագայում։
Այս պահին (օգոստոսի 4-ի դրութեամբ-ԽՄԲ.), ինչպէս գիտէք, պաշտօնական որեւէ հաղորդագրութիւն չենք հրապարակել եւ, հետեւաբար, այցի մասին տեղեկատւութիւնը խնդրում ենք հաստատւած համարել միայն պաշտօնական հաղորդագրութիւնից յետոյ»,- ասւած է մեկնաբանութեան մէջ։