Լիլիթ Գալստեան. «Հայ ժողովրդի յիմարացման եւ որպէս հաւաքականութիւն նրան կազմաքանդելու ցեցը հասել է Սփիւռք»
![](/wp-content/uploads/2025/02/554-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալաստեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէին ամերիկահայութեան «ներկայացուցիչների» հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինեանի կատարած յայտարարութիւններին:
«Հայ ժողովրդի յիմարացման եւ որպէս հաւաքականութիւն նրան կազմաքանդելու ցեցը հասել է Սփիւռք։
Սա շարունակում է անկարող նւաստի ու պարտւածի իր վարքը ներկայացնել որպէս «գաղափարախօսութիւն» եւ պրոյեկտել հայ ժողովրդի վրայ։
«44-օրեայ պատերազմի պարտութեամբ ձեռք ենք բերել ինքնիշխան պետութիւն ունենալու հնարաւորութիւն…
Որպէս վարչապետ ամենատարբեր ղեկավարների հետ հանդիպման արդիւնքում ինքը/ՆՓ-ն/ հասկացել է եւ իրեն ասել են, որ մեր դերը նահատակ լինելն է»։
Սա ասում է պարերազմը հրահրած, Արցախն ուրացած, Արցախի ցեղասպանութեան պատասխանատուներից մէկը։
Սա ասում է «որպես վարչապետ» աշխատող մէկը, որն ակտիւօրէն «խաղաղութիւն է մուրում» Ալիեւ-Էրդողան զոյգից։ Երկրներ, որոնցից մէկը Արեւմտեան Ադրբեջանի պահանջատիրութիւնից չի հրաժարւում, միւսում էլ՝ պատմութեան դասագրքեր են գրւում Սիւնիքը ներկայացնելով որպէս Թուրքիայի մաս։
Բայց սարսափելին ոչ այնքան այս ճիւաղային մտքերն են ու հրեշաւոր սուտը, որքան յոտնկայս ծափահարող դահլիճը․․․
Յ․Գ․ Չարենցի հանգոյն․
«Խեղճ, գողունի երթով,
իբրեւ զրահ՝ մահւան զգեստ հագած,
իր պարտութեամբ հզօր մի ոչնչատեսիլ․․․»»,- գրել է նա: