Արցախի թեմի առաջնորդը կոչ է արել համախմբւել եւ աջակցել շուրջ 120,000 բռնի տեղահանւած արցախահայերին
«ԱԼԻՔ» – Հայկական մի շարք կազմակերպութիւնների հետ համագործակցաբար MUNK Germany նախաձեռնութիւնը եւ ՀԲԸՄ-ի Վառնայի մասնաճիւղը «Ռադիօ Վառնայ» արւեստի մեծ դահլիճում սեպտեմբերի 11-ին հանդիպում են կազմակերպել Արցախի թեմի առաջնորդ Տէր Վրթանէս եպիսկոպոս Աբրահամենի հետ: Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ Արմաւիրի թեմի առաջնորդ Տէր Սիոն արքեպիսկոպոս Ադամեանն ու MUNK Germany-ի ներկայացուցիչը։ Այս մասին հաղորդում է Արցախի թեմի մամուլի ծառայութիւնը։
Վրթանէս Սրբազանը հանդիպման ժամանակ իր մտահոգութիւններն է ներկայացրել Արցախում գտնւող հոգեւոր եւ պատմամշակութային ժառանգութեանը սպառնացող վտանգների կապակցութեամբ։ Նա կոչ է արել համախմբւել եւ աջակցել հումանիտար ճգնաժամի զոհ դարձած շուրջ 120,000 բռնի տեղահանւած արցախահայերին:
Հանդիպման ընթացքում ցուցադրւել են վաւերագրական ֆիլմեր` 2020 թւականի 44-օրեայ պատերազմի եւ 2023 թւականի սեպտեմբերին ռազմական ագրեսիայի եւ ցեղասպանութեան սպառնալիքի պայմաններում տեղի ունեցած արցախահայութեան բռնի տեղահանութեան մասին։