Հայաստան - Արցախ

Արցախի ՄԻՊ. «Հունգարիայի կողմից արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելն ուղղակի երեսպաշտութիւն է, որին պէտք չէ տրւել»

«ԱԼԻՔ» – Հունգարիայի կողմից արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելն ուղղակի երեսպաշտութիւն է եւ էժանագին «հումանիտար ժեստ», որին պէտք չէ տրւել։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը՝ անդրադառնալով նրան, որ Հունգարիան ճամբար է կազմակերպել 1000 արցախցի երեխաների համար:

«Ուրեմն, տեղեակ էք երեւի, որ Հունգարիայի կառավարութեան հետ համագործակցութեան շրջանակներում Արցախից տեղահանւած շուրջ 120 երեխայ մեկնել է Հունգարիա մասնակցելու ամառային ճամբարի, եւ ըստ տարածւած տեղեկութիւնների՝ եւս 1000 երեխաներ պէտք է գնան։ Հունգարիան այն երկիրն է, որն աւանդաբար ունեցել է պրօթուրքական եւ պրօադրբեջանական դիրքորոշում, մասնաւորապէս Արցախի հարցում։

Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտայանձնել է Ադրբեջանին։ Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանութիւնից եւ էթնիկ զտումից յետոյ ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափւած եւ օկուպացւած Շուշիում թուրքական պետութիւնների կազմակերպութեան գագաթնաժողովին։

Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերեալ պէտք է լինէր Եւրոմիութեան անդամ բոլոր 27 երկրների համատեղ յայտարարութիւն, սակայն Հունգարիան արգելափակել է այն։

Ես լաւ յիշում եմ Հունգարիայի ներկայացուցչի ընդգծւած պրօադրբեջանական ելոյթը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստում, երբ քննարկւում էր շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծւած ծանր հումանիտար վիճակը։

Այսքանից յետոյ արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելն ուղղակի երեսպաշտութիւն է եւ էժանագին «հումանիտար ժեստ», որին պէտք չէ տրւել։

Սիրելի՛ ծնողներ, ես, իհարկէ, ձեր փոխարէն չեմ կարող որոշել եւ չեմ էլ յաւակնում որոշել, բայց երեխաներին Հունգարիա ուղարկելու ձեր որոշման ժամանակ հաշւի առէք, թէ որ երկիր էք ուղարկում»։

Related Articles

Back to top button