«Հայաստան» դաշինք. Հայաստանի իշխանութիւնների մանիպուլիատիւ գործողութիւնները, կարծես, ստանում են եւրոպական սատարում

«Հայաստան» դաշինքը յայտարարութիւն է տարածել Երեւանում կայանալիք Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ.
«Սիրելի հայրենակիցներ,
Մայիսի 4-ին Երեւանում նախատեսւած է Եւրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իսկ յաջորդ օրը՝ ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Սրանք իրապէս կարեւոր իրադարձութիւններ են, որոնց բովանդակային նշանակութիւնը Հայաստանի համար կարող էր լինել շատ աւելի մեծ, եթէ հաշւի առնւէր այս միջոցառումների անցկացման ժամանակահատւածը։ Ներքաղաքական լարւած մթնոլորտում, համապետական ընտրութիւններից շաբաթներ առաջ նման միջոցառումների անցկացումը Հայաստանի իշխանութիւնների կողմից անխուսափելիօրէն ներկայացւելու է որպէս արտաքին զօրակցութիւն, իսկ եւրոպական քաղաքական շրջանակները ուղղակիօրէն ներգրաււելու են հայաստանեան ներքաղաքական գործընթացներում։
Եւս մէկ անգամ ցանկանում ենք նշել, որ Հայաստան- Եւրոպական Միութիւն յարաբերութիւնները եղել են, կան եւ շարունակելու են մնալ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան կարեւոր ուղղութիւններից մէկը։ Սակայն Հայաստանի իշխանութիւնների հետաքրքրութիւնը ոչ թէ ՀՀ–ԵՄ յարաբերութիւնների բովանդակային զարգացումն է, այլ եւրոպական քաղաքական շրջանակներին Հայաստանի ներքաղաքական գործընթացներում օգտագործելը։ Ցաւով արձանագրում ենք, որ Եւրոպական Միութեան գործադիր իշխանութիւնը ներկայացնող անձանց յայտարարութիւնները միայն աւելացնում են մեր մտահոգութիւնները առ այն, որ Հայաստանի իշխանութիւնների մանիպուլիատիւ գործողութիւնները, կարծես, ստանում են եւրոպական սատարում։
Մենք վերահաստատում ենք մեր յանձնառութիւնը՝ նպաստելու ՀՀ–ԵՄ գործընկերութեան շարունակական զարգացմանը՝ հիմնւած «Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագրի», ընդհանուր արժէքների եւ պատմական փորձի վրայ։ ՀՀ-ԵՄ յարաբերութիւնները պէտք է հեռու պահել ինչպէս ներքաղաքական նպատակներով շահագործումից, այնպէս էլ աշխարհաքաղաքական դիմակայութեան համատեքստից, ինչի լաւագոյն հնարաւորութիւնները սահմանւած են «Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագրի» տրամաբանութեամբ։
Մենք Հայաստան ժամանող բարձրաստիճան պատւիրակութիւններին կոչ ենք անում ՀՀ–ԵՄ յարաբերութիւնների զարգացմանը մօտենալ, հաշւի առնելով այդ յարաբերութիւնների լաւագոյն շահը, այլ ոչ թէ Հայաստանում իւրային իշխանութիւն ունենալու քաղաքական նպատակայարմարութիւնը, քանի որ Հայաստանի իշխանութիւնների կողմից ժողովրդավարական գործընթացների կաշկանդումը, օրէնքի գերակայութեան ոտնահարումը եւ քաղաքական ազատութիւնների սահմանափակումը հետզհետէ դժւարացնելու են նրանց «եւրոպական պաշտպանութիւնը»։ Հայաստանի իշխանութիւնների ապօրինութիւնների նկատմամբ զուտ քաղաքական հաշւարկներով պայմանաւորւած կրաւորական կեցւածքը, այդ թւում եւրոպական գործընկերների կողմից, յանգեցրել է Հայաստանում քաղբանտարկեալների թւի աննախադէպ աճին։
Եւրոպական կառոյցները պատշաճ քաղաքական վարք չդրսեւորեցին եւ չդատապարտեցին նաեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իշխանութիւնների սանձազերծած եւ շարունակւող հակաօրինական արշաւը։
Հայաստանեան քաղաքական գործընթացներում մենք չենք ակնկալում արտաքին քաղաքական որեւէ դերակատարի, այդ թւում՝ Եւրոպական Միութեան միջամտութիւնը։ Սակայն ՀՀ արտաքին գործընկերների շրջանում Եւրոպական Միութիւնն այն եզակիներից է, որն ունի իրաւապայմանագրային պարտաւորութիւններ՝ հետեւելու Հայաստանում օրէնքի գերակայութեանը եւ ժողովրդավարական գործընթացներին։ Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ Հայաստանում տեղակայւելիք երկրորդ քաղաքացիական առաքելութիւնը ամբողջութեամբ հաւատարիմ կը մնայ իր մանդատին եւ կառաջնորդւի քաղաքական ներառականութեան սկզբունքով՝ իր աշխատանքներում երաշխաւորելով ընդդիմութեան լսելիութիւնը»։



