Սիրանուշ Սահակեան. «Եթէ այդ մարդիկ ահաբեկիչներ են եղել, ինչպէ՞ս է ԵԱՀԿ-ն յարաբերւել նրանց հետ, ինչպէ՞ս է Հայաստանը նրանց անունից ստորագրել Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»

«ԱԼԻՔ» – Օրերս ադրբեջանական լրատւամիջոցներն իրար հերթ չտալով՝ գրում էին, թէ հայ գերիները Բաքւի դատարանին միջնորդել են՝ որպէս վկայ հրաւիրել Նիկոլ Փաշինեանին, Արարատ Միրզոյեանին, ռուս խաղաղապահ գեներալներին, Անջէյ Կասպրչիկին։ Աւելի ուշ այս տեղեկութիւնները վերահրապարակւել էին նաեւ հայկական լրատւամիջոցներում։
Ադրբեջանում ապօրինաբար պահւող մեր գերիների «դատավարութեանը» ներկայ են լինում միայն ադրբեջանական պետական ու իշխանամերձ լրատւամիջոցները, եւ հնարաւոր չէ այլ աղբիւրներից ճշտել դատւող հայերին վերագրւող յայտարարութիւնները:
«Բոլորի համար հասկանալի է, որ տւեալ դատավարութիւնները կեղծ եւ շինծու են, եւ մի քանի անգամ եղել է, որ դատավարութիւնից ինչ-որ դրւագներ հրապարակեն։ Այսինքն՝ դատավարութիւնը կարող է տեւել 3-4 ժամ, բայց ընդհանուր հարցաքննութիւնից տալիս են 1-2 նախադասութիւն՝ կոնտեքստից առանձնացւած։
Նոյնկերպ էլ վերջին յայտարարութիւններն են, ըստ որոնց, իբրեւ հայրս միջնորդել է՝ կանչել Նիկոլ Փաշինեանին, Արարատ Միրզոյեանին եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Իրականում դա այդպէս չէ. դատավարութեան ընթացքում շօշափել են Արարատ Միրզոյեանի եւ ԵԱՀԿ ՄԽ յայտարարարութիւնները եւ դրանց հիման վրայ ցանկացել են նոր մեղադրանք առաջադրել, եւ այդ դատավարութեան ժամանակ հայրս ասել է՝ եթէ ուզում էք այդ յայտարարութիւնները կցէք գործին, ապա այդ դէպքում աւելի լաւ է տեսակապով խօսէք այդ մարդկանց հետ, եւ այն հարցերը, որոնք ուղղում են իրեն, ուղղեն տւեալ մարդկանց։ Յետոյ ադրբեջանցիներն արդէն այլ կերպ են դա հրապարակում»,- 168.am-ի հետ զրոյցում ասել էր Դաւիթ Բաբայեանի որդին՝ Տիգրան Բաբայեանը։
168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հիւրը՝ «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ, իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանը, անդրադառնալով թեմային ասել է՝ Նիկոլ Փաշինեանին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին (ՄԽ) հարցաքննելու միջնորդութիւնները տակտիկական քայլ են եղել, եթէ, իհարկէ, վստահենք առկայ տեղեկատւութեանը:
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը գիտէր, որ դրանք մերժւելու են, բայց այդ միջնորդութիւնները կարեւոր էին, որ նրանց գործողութիւններն ահաբեկչութիւն չորակւեն, որովհետեւ եթէ իրենց գործողութիւններն ահաբեկչական են եղել, ուրեմն յանցակիցների այլ շրջանակ էլ պէտք է փնտրել։ Հարց է առաջանում՝ եթէ այդ մարդիկ ահաբեկիչներ են եղել, ինչպէ՞ս է ԵԱՀԿ Մինսկի խումբը յարաբերւել նրանց հետ, ինչպէ՞ս են այլ պետութիւններ բանակցել, պայմանագրեր կնքել նրանց հետ, ինչպէ՞ս է Հայաստանի Հանրապետութիւնը նրանց անունից ստորագրել Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը։
Կարծում եմ՝ այս միջնորդութիւնը ներկայացնելով՝ նպատակ են ունեցել, որ թէեւ Ադրբեջանի դատարաններում դատում են Արցախի ինքնորոշման իրաւունքը, այն երբեք չի կարող ահաբեկչական միաւոր լինել, այլապէս պէտք է դատւեն նաեւ Մինսկի խմբի բոլոր համանախագահները»,- ասել է Սիրանուշ Սահակեանը: