Քաղաքական

Բաքւի իշխանութեան ոչ պաշտօնական լրատւամիջոցն այժմ պրոպագանդում է հակաիրանական ահաբեկիչների համաժողովը

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Իրանում շարունակւում են նախագահական ընտրութիւններով պայմանաւորւած զարգացումներն ու տրամադրութիւնները, ինչը հարեւան երկրների համար կարեւոր լինելուց բացի, ոմանց առիթ է տւել առանց թաքցնելու բեմ տրամադրել հակաիրանական տրամադրութեամբ ահաբեկչական խմբաւորումներին:

Իրանական «Ազարիհա» լրատւական կայքի համաձայն՝ Բաքւի իշխանութեան ոչ պաշտօնական խօսնակ համարւող «Ենի Մուսաւաթ»-ը մեծ յոյսեր կապելով տարածաշրջանում պանթուրքիզմի աշխուժացման հետ, այժմ պրոպագանդում է հակաիրանական ահաբեկիչների՝ «Մոնաֆեղին»-ի համաժողովը եւ աշխատում է նրանց օգտին:

Աղբիւրի համաձայն՝ «Ենի Մասաւաթ»-ը հրապարակել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսի Իրանի դէմ յայտարարութիւններն արւած՝ «Ազատ Իրան-2024» խորագրով «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբաւորման համաժողովում, որն անց է կացւել ԱՄՆ-ի եւ Եւրոպայի նախկին բարձրաստիճան պաշտօնեաների մասնակցութեամբ եւ ընդգծել. «Իրանի ռեժիմը շուտով փլուզւելու է»։

Բաքւի լրատւամիջոցն ամբողջութեամբ հրապարակել է Մայք Փենսի՝ Խորհրդային Միութեան պէս Իրանի փլուզումը երազող ելոյթը, եւ այս կերպ բացայայտել է Բաքւի կառավարութեան իրական մօտեցումն ու մտադրութիւններն Իրանի վերաբերեալ:

Արժէ նշել, որ Բաքուն իր լրատւական միջոցներով տարածաշրջանում համարւում է այն հարթակը, որտեղից տիրաժաւորւում են «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբաւորման լուրերն ու քարոզչութիւնը, իհարկէ, առանց այդ խմբաւորման անունը նշելու: «Ազարիհա»-ն յաւելել է, որ «Իրանէ ազադ»-ը հակաիրանական լրատւամիջոցներից մէկն է, որը զբաղւած է Բաքւի ադրբեջաներէնով Իրանի դէմ ցեխարձակման գործով: Նոյնի համաձայն՝ տւեալ մեդիայի գործունէութիւնն ապացուցում է Բաքւի գաղտնի ծառայութիւնների հետ ռաջաւիականների սերտ համագործակցութիւնը:

Աղբիւրի համաձայն՝ Իրանի պետական կառոյցներում էթնիկական-անջատողական խմորումներով տարրերի  ներարկման եւ ներթափանցման փորձի ձախողման հնարաւորութեան ֆոնին Բաքւի ԶԼՄ-ները միաժամանակ անհանգստացած են նախագահական ընտրութիւններում «յեղափոխութեան ճակատ»-ի ի յայտ գալուց, որը խելամտօրէն աւելի զգօն է, քան երէկ եւ այս անգամ աւելի լաւ է ընկալել պանթուրքիզմի վտանգը, կամ դրա կապերը սիոնիզմի ու Անգլիայի հետ:

«Ազարիհան» նշում է, որ Բաքուն շատ է ուշացել այս մասին վախեցած երեւալու հարցում նոյնիսկ:

Related Articles

Back to top button