Թեհրանում նշւեց Թաւրիզի 134-ամեայ ՀՕՄ-ի մասնաճիւղի մանկապարտէզ-նախակրթարանի 130-ամեակը
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Դարերի անցեալով Ատրպատականի հայոց թեմը 134 տարի է ինչ օժտւած է Հայ Օգնութեան միութեամբ, որը մինչ օրս ծաւալել է բազմաբեղուն ազգային-հասարակական աշխատանք:
ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի ազգային անմնացորդ աշխատանքների շրջանակում, առաջնային տեղ է գրաւել հայ մատաղ սերնդին ուսուցանելն ու ազգային ոգով դաստիարակելը: Սրանից 130 տարիներ առաջ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի միջոցով, 1894 թւականին Թաւրիզում հիմքը դրւեց առաջին մանկապարտէզի եւ նախակրթարանի: ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի կրթական գործունէութեան 130-ամեակին նւիրւած առաջին միջոցառումը, տեղի ունեցաւ երէկ՝ յունիսի 30-ի երեկոյեան, Թեհրանում Հայ Արհեստաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում: Յայտագիրը յագեցած էր գեղարւեստական կատարումներով, բանախօսութեամբ եւ վաւերագրական սահիկների ցուցադրութեամբ: