«ԱԼԻՔ» – 14-րդ նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլին ընդառաջ, «Թասնիմ» լրատւական գործակալութիւնը հաշւի առնելով առաջին փուլի արդիւնքները, փորձել է վերլուծել երկրորդ փուլում թեկնածուներից իւրաքանչիւրի գործողութիւնները, եւ կանխատեսել նրանց նախընտրական շտաբների քարոզարշաւի ընթացքը՝ բարձրացնելու իրենց ձայների քանակը:
Ըստ յօդւածագիր Ալի Մազրուիի՝ նախագահական ընտրութիւնների առաջին փուլի աւարտից յետոյ, Սաիդ Ջալիլին եւ Մասուդ Փեզեշքիանը պէտք է աւելի նպատակաուղղւած դարձնեն իրենց նախընտրական քարոզարշաւը՝ երկրորդ փուլում յաղթելու համար: Այս նպատակի իրագործումն առաջին հերթին կախւած է իւրաքանչիւր թեկնածուի համար հասանելի քւէների մանրամասն գնահատումից՝ ըստ նրա անձնական եւ քաղաքական յատկանիշերից:
Այս կապակցութեամբ նա առանձնացրել է մի քանի կարեւոր գործօն.
Գաղափարական կորիզի ամրապնդում
Յօդւածագիրը նշել է, որ ցանկացած քարոզարշաւի համար անհրաժեշտ է առաջին հերթին պահպանել եւ ամրագրել առկայ քւէները, իսկ յետոյ մտածել դրանց քանակի աւելացման մասին: Քւէներ, որոնց հիմնական մասը պատկանում է գաղափարական կորիզին, եւ որքան ուժեղ է թեկնածուի կապն այդ կորիզի հետ, այնքան աւելի հեշտ է այն պահպանելը:
Այս հարցում նա առաւելութիւնը տւել է Սաիդ Ջալիլիին, որն ըստ նրա՝ արդէն մի քանի տարի է ինչ, իր շուրջ ձեւաւորել է գաղափարական կուռ համախմբում, որը բաւականաչափ կապւած է նրա հետ:
Չկողմնորոշւածները՝ որպէս յաղթաթուղթ
Ալի Մազրուին ուշադրութիւն է հրաւիրել չկողմնորոշւած ընտրազանգւածի վրայ, որոնք ըստ նրա՝ կարող են գործել որպէս յաղթաթուղթ, իւարաքանչիւր թեկնածուի համար:
Չկողմնորոշւածների ընտրական վարքագծում նա ընտգծւած կարեւորել է բացառելու՝ ընդդէմ որեւէ թեկնածուի քւէարկելու բարձր հնարաւորութիւնը:
Ըստ նրա՝ նմանատիպ ընտրողների քւէն շահելու համար չափազանց կարեւոր է լինելու այն հանգամանքը, թէ թեկնածուներից ո՞րն է կարողանալու նոյն այդ բացառելու տրամաբանութիւնը կիրառելով չէզոքացնել մրցակցի առաջ քաշած նախընտրական գաղափարները:
Այս հարցում նա առաւելութիւնը տւել է Փեզեշքիանին, որի շտաբն այս ուղղութեամբ աւելի նպատակային է աշխատում:
Պայքար՝ յանուն Ղալիբաֆի քւէների
Երկրորդ փուլում յաղթանակի համար յօդւածագիրն յատուկ կարեւորել է ընտրութիւնների առաջին փուլում Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի օգտին տրւած քւէների գործօնը:
Ըստ նրա՝ տրամաբանութիւնը յուշում է, որ այդ քւէները պէտք է ուղղորդւեն դէպի Ջալիլիի զամբիւղը քանի, որ դրանք առաջին հայեացքից «յեղափոխութեան ճակատի» քւէներն են, որոնք առաջին փուլում երկու մասի են բաժանւել:
Սակայն, ինչպէս նշում է նա, դա միայն առաջին հայեացքից է այդպէս: Այդ քւէներն ի շահ Ջալիլիի իւրացնելու համար պահպանողականներին անհրաժեշտ է համախմբւած, համադրւած եւ նպատակային գործողութիւններ, այլապէս դրանց որոշակի մի հատւածն անխուսափելիօրէն ուղղորդւել են դէպի մրցակից ճամբարը:
Հասարակութեան ներքեւի օղակների քւէները
Վերլուծաբանը ոչ պակաս կարեւոր է համարել գիւղական բնակավայրերի, ինչպէս նաեւ հասարակութեան առաւել խոցելի՝ ներքեւի օղակների քւէները:
Այս առումով ըստ նրա՝ շատ աւելի արդիւնաւէտ է աշխատել Փեզեշքիանը, որի հանրամատչելի՝ ոչ մասնագիտական լեկսիկոնը, ինչպէս նաեւ պոպուլիստական մօտեցումներն ու յայտարարութիւններն աւելի ընկալելի եւ ըմբռնելի են հասարակութեան ներքեւի օղակների համար, քան Ջալիլիի ծրագրային թէզերն ու մասնագիտական լեկսիկոնը:
Մազրուիի կարծիքով՝ այս ընտրազանգւածի քւէն շահելու համար Ջալիլին անպայման պէտք է վերանայի իր լեկսիկոնն ու աւելի հանրամատչելի եւ ընկալելի բառապաշարով ներկայացնի իր գաղափարներն ու ծրագրերը:
Բոյկոտողները. երկսայրի սուր՝ Փեզեշքիանի ձեռքում
Վերը նշւած 4 գործօններից բացի, ըստ յօդւածագրի՝ կայ եւս մի գործօն, որը հասու է միայն Փեզեշքիանին: Դա ընտրութիւնները բոյկոտած ծայրայեղականներն են, որոնց քաղաքական նկարագիրը ձեւաւորւած եւ սահմանւած է բացառապէս համակարգի հետ առճակտման շրջանակում: Նրանք ընտրութիւններին կը մասնակցեն միայն այն դէպքում, եթէ ձեւաւորւի խիստ հակազգային, ծայրայեղ երկբեւեռ ընտրական մթնոլորտ:
Մազրուին յիշեցնում է, որ բարեփոխականները մէկ անգամ, 10-րդ նախագահական ընտրութիւնների ժամանակ փորձել են խաղարկել այդ խաղաթուղթը, ինչը չի ստացւել եւ խիստ բացասակն հետեւանքներ է ունեցել:
Նա ենթադրում է, որ բարեփոխականների ծայրայեղական թեւը կարող է պարտութեան վտանգի դէպքում, ստիպել Փեզեշքիանին օգտագործել այս վտանգաւոր գործօնը: Նա սակայն զգուշացնում է, որ դա երկսայրի սուր է, որը կարող է ընդհանրապէս տապալել Փեզեշքիանին՝ թէ՛ որպէս նախագահի թեկնածուի, թէ՛ որպէս քաղաքական գործիչի: