Արա Շահվերդեանը ներկայացրել է նախագահի պատւիրակութեան կազմում Հայաստան կատարած այցի զեկոյցը

Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխաւորած պատւիրակութիւնն օգոստոսի երկրորդ կէսին, պաշտօնական այց կատարեց Հայաստանի Հանրապետութիւն: Ինչպէս յայտնել ենք, նախագահի կազմում ընդգրկւած էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը։ Այցը հայ-իրանական յարաբերութիւնների զարգացման նոր հանգրւան էր:
Պատւիրակութեան կազմի անդամներն էին՝ Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, Ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Ֆարզանէ Սադեղ Մալւաջերդը, Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստների նախարար Սէյէդ Ռեզա Սալեհի Ամիրին, Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարար Սէյէդ Մոհամմադ Աթաբաքը, ինչպէս նաեւ նախագահի տեղակալ եւ Ծրագրերի ու բիւջէի կազմակերպութեան ղեկավար Սէյէդ Համիդ Փուրմոհամմադին:
Գործուղղման մեկնարկին, նախագահին Երեւանում դիմաւորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը, այնուհետեւ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպում, որի ընթացքում ստորագրւել է 10 համագործակցութեան յուշագիր, որոնք ներառել են տւեալ ոլորտները՝
- դիւանագիտութիւն եւ քաղաքական խորհրդակցութիւններ,
- առեւտուր եւ ներդրումներ,
- հանքարդիւնաբերութիւն,
- ճանապարհաշինութիւն եւ քաղաքաշինութիւն,
- առողջապահութիւն եւ դեղագործութիւն,
- շրջակայ միջավայրի պաշտպանութիւն,
- կրթութիւն եւ մասնագիտական ուսուցում (2025-2029 թթ.),
- մշակոյթ եւ արւեստ (արխիւներ, թանգարաններ, գրադարաններ, կինօ),
- սոցիալական ոլորտ,
- զբօսաշրջութիւն։
Բարձրաստիճան պատւիրակութեան այցի ընթացքում ստորագրւել է նաեւ քաղաքական խորհրդակցութիւնների յուշագիր (2025-2027 թթ․) Իրանի Իսլամական Հանրապետութեան ԱԳ նախարար Աբբաս Արանչիի եւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի միջեւ։
Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը նախագահ Փեզեշքիանը ընդգծել է, Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան համոզմունքը Հայաստանի ինքնիշխանութեան ու տարածքային ամբողջականութեան պահպանման եւ երկու երկրների միջեւ սերտ յարաբերութիւնների շարունակականութեան մասին:
նախագահը շեշտել է իրանական կողմի մտահոգութիւնները, կապւած ընդհանուր սահմանների մօտակայքում երրորդ ուժերի ներկայութեան հետ, կարեւորելով դրա ամբողջովին փարատումը:
Այցի ընթացքում կայացել է ԻԻՀ-ՀՀ նախագահների միջեւ հանդիպում: Մասուդ Փեզեշքիանը եւ Վահագն Խաչատուրեանը քննարկել են երկկողմ յարաբերութիւնների զարգացմանն ուղղւած հարցեր։ ՀՀ նախագահ Խաչատուրեանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցութիւնը Իրանի հետ՝ տարբեր ոլորտներում, այդ թւում՝ ենթակառուցւածքների, էներգետիկայի, առեւտրի եւ մշակոյթի բնագաւառներում։
Մասնաւորապէս, հանդիպումների տնտեսական օրակարգի առանցքային մաս է դարձել Armenia-Iran Business Forum-ը, այդ բանակցութիւնների կիզակէտում է եղել ներդրումների խթանումը, տեխնոլոգիական համագործակցութիւնը եւ գործարար կապերի ընդլայնումը։ Կողմերը քննարկել են առեւտրաշրջանառութիւնը, որը 2024 թ.-ին կազմել է շուրջ 748 մլն. դոլար, իսկ 2025-ի առաջին կիսամեակում արդէն հասել է 346 մլն. դոլարի։ Կողմերը նպատակ են դրել առեւտրաշրջանառութիւնը հասցնել նախ 1 միլիարդ, ապա՝ 3 միլիարդ դոլարի։ Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է, որ առեւտրի աճը իրատեսական է՝ պայմանաւորւած գործարարների եւ ներդրողների նախաձեռնութիւններով։
Իրանական կողմը հաստատել է մասնակցութիւնը Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերին, մասնաւորապէս՝ Ագարակ-Քաջարան ճանապարհահատւածի (32 կմ) կառուցմանը։
Այցի շրջանակներում կարեւոր տեղ է յատկացւել նաեւ մշակութային եւ գիտակրթական համագործակցութեանը:
Ինչպէս նաեւ Փեզեշքիանի գլխաւորած պատւիրակութեան անդամները հանդիպել են ՀՀ-ում բնակւող իրանցիների եւ տնտեսական գործունէութիւն ծաւալող իրանական համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկելով գործարար միջավայրի բարելաւման եւ ներդրումային նախաձեռնութիւնների զարգացման հարցեր։
Պատւիրակութեան կազմում ընդգրկւած պատգամաւոր Արա Շահվերդեանը անդրադառնալով հանդիպումների արդիւնքներին շեշտել է, որ այցը նոր հեռանկարներ է բացում հայ-իրանական յարաբերութիւնների համար՝ ընդգրկելով ոչ միայն պետական եւ տնտեսական, այլեւ մշակութային, կրթական ու հասարակական ոլորտները։
Արա Շահվերդեանը նաեւ կարեւորել է Հայաստանի Սիւնիքի մարզով անցնող հաղորդակցութեան ճանապարհների վրայ երրորդ ուժերի, մասնաւորապէս՝ ամերիկեան հնարաւոր ներկայութեան վերաբերեալ Իրանի մտահոգութիւնների արտայայտումը, որը կարեւոր է ե՛ւ Հայաստանի ե՛ւ Իրանի միջեւ կապերի ամրապնդման առումով, ընդ որում նախագահի յայտնած մտահոգութիւնները եւ Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի յստակեցումները այն մասին, որ Իրանը կը խոչընդոտի այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանը։ Այս համատեքստում նրա շեշտմամբ կարեւոր է դիտարկել նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ անվտանգային ոլորտում համագործակցութիւնների խորացման անհրաժեշտութիւնը:
Յատկանշական է, որ Իրանի նախագահի գլխաւորած պատւիրակութեան Երեւանեան երկօրեայ այցին յաջորդել է ուղեւորութիւն դէպի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Մինսկում կողմերը քննարկել են Իրանի եւ Բելառուսի երկկողմ յարաբերութիւնները եւ ստորագրել են շուրջ 25 համաձայնագիր ու յուշագիր՝ ներառեալ պաշտպանական, տնտեսական, գիտատեխնիկական, կրթական եւ մշակութային ոլորտներում։ Կողմերը նաեւ պայմանաւորւել են դիւրացնել փոխադարձ ուղեւորութիւնները՝ հաստատելով վիզայի ազատականացման ռեժիմ եւ ուղիղ օդային թռիչքներ Թեհրան-Մինսկ ուղղութեամբ:
Նախագահ Փեզեշքիանը տւեալ այցը որակել է որպէս շրջադարձային՝ ընդգծելով, որ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները ոչ միայն կը զարգացնեն Թեհրան-Մինսկ յարաբերութիւնները, այլեւ կը նպաստեն տարածաշրջանային գործընկերային կապերի ամրապնդմանը