Դաշնակցական Բեմ

ԻՐԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՍԱՍԱՆՈՒԹԻՒՆԸ…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

1. Նորանոր դրսեւորումներով դեռեւս շարունակւում են Իրանի դէմ հաւաքական արեւմուտքի աւելի քան 47-ամեայ բազմապիսի սանկցիա-պատժամիջոցները։

2. Այս առնչութեամբ իրականացւած ճնշումներն, ինչ խօսք՝ նաեւ ուղեկցւել են երկու կարգի զարհուրելի եւ տմարդի պատերազմներով, որոնք եւս միջազգային ուժային կենտրոնների անմիջական դերակատարութեամբ են կատարւել՝ 1980-88 թթ. սադդամեան, իսկ վերջինը՝ 2025-ի յունիսեան սիոնա-ամերիկեան գերարդիականացած ոտնձգութիւններով…

3. Երկու դէպքերում էլ Իրանն ու նրա քաջարի ժողովուրդը ի հեճուկս բոլոր կարգի հին ու նոր զրկանք-աղէտների, յաղթական դուրս եկաւ պարտադրեալ արհաւիրքներից ու առաւել քան երբեւէ կառչած մնաց ու ամրապնդեց հայրենիքի ինքնիշխանութիւնն ու հողային ամբողջականութիւնը։

4. Յետդարձ հայեացք նետելով Իրան երկրի ներքին թէ արտաքին անցած 47-ամեայ վերիվայրումներին, պարզորոշ է դառնում, որ բոլոր կարգի քաղաքական, տնտեսական, դիւանագիտական թէ քարոզչական ու դեռ ներքին ու արտաքին ներուժ ու ներգործուն ռազմական դաւադիր սպառնալիքները, յանուն երկրի անկախութեան ու պետականութեան պահպանման՝ շրջանցւել են անասելի զոհողութիւնների շնորհիւ։

5. Իսկ հակառակ Իրանի դէմ տասնամեակներ շարունակւող նոյն հաւաքական արեւմուտքի զրպարտիչ ու վարկաբեկող քարոզչութիւնների՝ յունիսեան 12-օրեայ հերոսական դիմադրութիւնն, այն էլ իսրայէլա-ամերիկեան հզօրագոյն տանդեմին, պարտադրեց յարգանք Իրանի եւ իրանական ժողովրդի հաւաքական կամքի հանդէպ, սկսեալ նոյնինքն հարեւան ու մուսուլման թերահաւատ երկրներից, մինչեւ եւրո-ամերիկեան մայրաքաղաքներում հակասիոնիստական բազմահազարանոց ցուցարարներ…։

6. Վերոգրեալը ժողովրդական բնոյթից վերաճել է արդէն պետական կեցւածքների. հէնց այս օրերին ականատեսն ենք Հոլանդիայի նման երկրի կառավարութեան շուրջ մէկ տասնեակ նախարարների հրաժարականների՝ ի բողոք նոյն սիոնիստական Իսրայէլի ցեղասպան ու անմարդկային քաղաքականութեան։

7. Ըստ ամենայնի բարոյապէս միջազգային հարթակներում վարկաբեկւած իսրայէլական ռեժիմը դարձեալ սպառնալիքներ է շռայլում Իրանի ու իրանական ժողովրդի հասցէին, կրկին ու կրկին չարչրկւած միջուկային օրակարգի լկտի վերարծարծումով։ Հաւաքական արեւմուտքն էլ ինչպէս միշտ՝ մէկ ժպտադէմ, մէկ էլ երկակի ստանդարդների կիրառմամբ՝ փորձում է զիջումներ պարտադրել Իրանին։

8. Կարելի է ասել՝ այլեւս քաղաքականապէս ու դիւանագիտական հնարքներով սնանկացած Եւրոպան լոկ խնդիր ունի փրկելու սեփական դէմքն ու երբեմնի ազդեցիկ դերակատարութիւնը, որն անկեղծ ասած՝ վերջին ժամանակներում չի յաջողւում իրեն։ Դրան աշխարհը ականատես եղաւ հէնց անցեալ շաբաթ, Վաշինգտոնում, որտեղ էլ արկածախնդիր Թրամփի գրասենեակում փորձում էին ուկրաինական մղձաւանջի բայդենեան ձախողումները մի կերպ սրբագրել ու վերարտադրել…

9. Ինչեւէ, Իրանը ինչպէս միշտ պատրաստակամ է արժանապատիւ բանակցութիւնների։ Բանակցութիւններ, որոնք անպայմանօրէն պէտք է օժտւած լինեն ազգային շահերի լիակատար ապահովման երաշխիքներով։ Բանակցութիւններ՝ առանց երրորդ կողմի, այսինքն՝ սիոնիստական ռեժիմի հակա-Իրան լաբինգի ազդեցութեանը ենթարկւելու, այնպէս, ինչպէս դա պատահեց ԱՄՆ-Իրան նախորդ բանակցութիւնների ընթացքին, յանգեցնելով 12-օրեայ պատերազմի։

10. Այո, նոյն պատերազմում Իրանի միջուկային օբիեկտները մեծագոյն վնասներ կրեցին, բայց ատոմային տեխնոլոգիային տիրապետելն ու միջուկային գիտութիւնը վերապահւած են մնալու իրանական գիտնականների նորանոր հետազօտութիւններում՝ յանուն գիտական խաղաղ ու նորանոր նւաճումների ձեռքբերման։

Ահաւասիկ՝ հայրենի Իրանի ինչպէս ԱԶԳԱՅԻՆ, այնպէս էլ՝ ՊԵՏԱԿԱՆ արժեհամակարգի անսասանութեան գրաւականը, որը նաեւ ուսուցանիչ դաս է կարող լինել յատկապէս հարեւան երկրների համար…։

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button